Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ

Հոկտեմբեր 26,2001 00:00

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ Հայ ժողովրդի հոգեւոր աշխարհի՝ դարերով բյուրեղացած հարստության մի մասն այժմ պահպանվում է Մատենադարանում, ուր՝ հնագույն ձեռագրերի այդ յուրօրինակ պահոցում, յուրաքանչյուր նմուշ գտնվում է համապատասխան մասնագետների մշտական ուշադրության ներքո։ Շուրջ 45 տարի գործում է Մատենադարանի ռեստավրացիայի եւ կոնսերվացիայի բաժինը, որի գոյությունը հավաստում է, որ Հայաստանում իրոք ստեղծվել է ձեռագրերի վերամշակման ու պահպանման կայուն ու լուրջ դպրոց։ Մատենադարան եկած յուրաքանչյուր ձեռագիր նախ ախտահանման փուլ է անցնում, այնուհետեւ վերականգնվում։ Այստեղ ռեստավրացիայի բաժնի վարիչ Գայանե Էլիազյանի ղեկավարությամբ փորձում են գտնել թղթի ամրացմանը նպաստող պոլիմերային լուծիչներ, աշխատում են հնագույն ձեռագրերի բաղադրատոմսերով ստեղծված ներկերով ու բնական նյութերով։ Մատենադարանը համագործակցում է մի շարք երկրների նմանօրինակ ինստիտուտների հետ։ Հայ վերականգնողները ձեռագրերի նորոգման իրենց փորձն են փոխանցել Թուրքմենիայի ձեռագրերի ինստիտուտի աշխատակիցներին, եղել է համագործակցություն Ավստրիայի վերականգնողական կենտրոնի ու Բեռլինի Ազգային գրադարանի հետ։ Մատենադարանի լավագույն մասնագետները 3 տարի առաջ վերականգնել են նաեւ Նոր Ջուղայի 750, Հալեպի՝ 100 տարի առաջ պատի մեջ զմռսված 170 ձեռագրերը, իսկ Անթիլիասում՝ Բարձր բերդի ավետարանը։ 1996-ից տարեկան 2 անգամ Հայաստան են այցելում Մարգրեթ եւ Յոզեֆ Յաշկեները, որոնք քանիցս օգնել են Մատենադարանին անհրաժեշտ նյութերով (ճապոնական թղթեր, կաշի, վրձիններ), զանազան սարքավորումներով եւ այլն։ Ի դեպ, ազգությամբ գերմանացի Յոզեֆ Յաշկեն առաջին անգամ, որպես զբոսաշրջիկ, այցելելով բիբլիական մեր երկիրը՝ ուղղակի սիրահարվել է հինավուրց հող ու ջրին ու մեկընդմիշտ որոշել, որ ոչ միայն կնոջ՝ Մարգրեթի հետ միասին պիտի բարեկամության ուխտ կնքի հայ վերականգնողների հետ, այլեւ Հայաստան բերի զբոսաշրջիկների բազմաթիվ խմբեր ու նրանց առաջնորդի մշակույթի օջախներ, ծանոթացնի հայկական ճարտարապետությանն ու հոգեւոր երաժշտությանը, զբոսաշրջիկներին օգնի իսկապես բազմակողմանիորեն ճանաչել մշակութային անկրկնելի հրաշքներ արարած հայ ժողովրդին։ Հայաստանին ջերմ սիրով կապվելու համար Յոզեֆ Յաշկեին երախտապարտ է նաեւ նրա հայրենակիցը՝ պրոֆեսոր Ռոբերտ Շթելեն։ Ի դեպ, նա արդեն երրորդ անգամ է Հայաստանում։ Եվ վստահ է, որ դեռ երկար կհամագործակցի Մատենադարանի ռեստավրացիայի բաժնի մասնագետների հետ։ Այս անգամ նա ընդամենը 9 օրում վերականգնել է 10 ձեռագիր, այդ թվում եւ՝ արծաթյա կազմով 15-րդ դարի մի Աստվածաշունչ, որի համար անհրաժեշտ նյութերն ու հին արծաթը հայթայթել է ընկերների օգնությամբ՝ իր հետ բերելով նաեւ բոլոր անհրաժեշտ սարքավորումները։ Ռ. Շթելեն ցնցված է հայկական ճարտարապետական կոթողներով ու հուշարձաններով. Գառնու տաճարում ներքին անբացատրելի զգացողությունից ու խորհրդավորությունից նա հուզվել է, նույնիսկ արտասվել՝ հիացած հայ ժողովրդի ստեղծած արժեքների կատարելությունից ու մտքի սլացքից։ Նա եւս համոզված է, որ իր այցերը այսուհետ ավելի կհաճախանան, ինչի արդյունքում ինքը դեռ կհասցնի ճանաչել հինավուրց Ուրարտու-Արմենիա-Հայաստան երկիրը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել