Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թեեւ

Հոկտեմբեր 26,2001 00:00

ԴՊՐՈՑՆԵՐԸ ԿՋԵՌՈՒՑՎԵ՞Ն ԺԱՄԱՆԱԿԻՆ Թեեւ նոյեմբերի 6-ից դպրոցները պետք է արդեն ջեռուցվեն, սակայն երեկ պարզեցինք, որ նույնիսկ ընտրված չէ այն ատակարարը, որը պետք է դիզվառելիք հասցնի մարզերի դպրոցներ։ Ամեն տարի որոշվում է, որ ջեռուցման խնդիրը պետք է մարզպետարանները լուծեն եւ բյուջեով դրա համար նախատեսված գումարները նրանց հաշվին է դրվում, սակայն, այս տարի էլ, հոկտեմբերի 15-ին, ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել, ըստ որի՝ դարձյալ ԿԳՆ-ն պետք է հարցը լուծի։ Որոշումը կա, բայց մինչեւ օրս լուծված չէ ֆինանսավորման հարցը. պետք է մարզպետարաններին հատկացված գումարները վերաբաշխվեն եւ տրվեն ԿԳՆ-ի տնօրինմանը։ ԿԳ փոխնախարար Ռոբերտ Զարգարյանից տեղեկացանք, որ արդեն դիզվառելիքի մատակարար յոթ ընկերության փաթեթներ են ուղարկել՝ առաջարկելով մասնակցել մրցույթին։ Միայն 5-ն է պատասխանել, սակայն նրանք էլ որոշակի պայմաններ են դրել։ Չի բացառվում, որ մարզերը դիզվառելիքով ապահովելու գործը նորից հանձնարարվի վերջին երկու տարիների մատակարարին՝ «Իմերիալ- ֆուել»-ին, թեեւ այս հարցը դեռեւս որոշված չէ։ Մայրաքաղաքի դպրոցները, ի տարբերություն մարզերի, ջեռուցվում են ոչ թե վառարաններով, այլ էլեկտրական սալիկներով կամ ջեռուցման կենտրոնացված համակարգով։ Սովորաբար մայրաքաղաքի դպրոցները ջեռուցվում են ավելի ուշ, քան մարզերինը։ Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը մայրաքաղաքի դպրոցների ջեռուցման առնչությամբ կոնկրետ տվյալներ ու թվեր չմատնանշեց։ Որքանո՞վ են դպրոցները պատրաստ ձմռանը, որքա՞ն նոր էլեկտրական սալիկների կարիք ունեն դպրոցները, ի՞նչ գումարներ է անհրաժեշտ եւ որքա՞ն է հաջողվել արդեն ստանալ։ Այս եւ այլ նման հարցերին պարոն Վաթյանը պատասխանեց շատ ընդհանուր ձեւակերպումներով։ Ըստ նրա՝ արդեն ճշտված է, թե դպրոցները ինչի պահանջ ունեն եւ փորձում են այն բավարարել։ Մայրաքաղաքի 44 դպրոց է միայն ջեռուցվում կենտրոնացված համակարգով կամ լոկալ ջեռուցմամբ՝ կաթսայատների միջոցով։ Սակայն չի բացառվում, որ կենտրոնացված ջեռուցման համակարգով ջեռուցվող դպրոցների տարածքում գտնվող շենքերը, կուտակած պարտքի պատճառով, չջեռուցվեն եւ դրանց թվում դպրոցները եւս կզրկվեն ջեռուցման հնարավորությունից։ Այնպես որ, կրթության վարչության պետի հավաստմամբ, աշխատում են բոլոր դպրոցներն ապահովել էլեկտրական սալիկներով, որպեսզի դասապրոցեսը չընդհատվի։ Հարցին՝ դպրոցների ջերմամեկուսացման հարցը լուծվա՞ծ է, ապակիներով, ջերմամեկուսացնող միջոցներով դպրոցներն ապահովվա՞ծ են, պարոն Վաթյանն այսպիսի պատասխան տվեց. «Դե հիմա ինչ-որ չափով, հնարավորության սահմաններում արվում է։ Պահանջը, ցավոք, ավելի շատ է, քան մեր հնարավորությունները թույլ են տալիս»։ Պրն Վաթյանը որոշ հարցերի լուծումը դպրոցների ուսերին բարդեց։ Մեր տարակուսանքին՝ եթե դպրոցները պետությունից չեն ֆինանսավորվում, ծնողներից գումարներ հավաքելն էլ արգելվում է, ինչպե՞ս պետք է այդ հարցը լուծեն, պարոն Վաթյանը, ի պատասխան, նորից կրկնեց, որ խստիվ արգելվում է ծնողներից գումարներ հավաքել, մանավանդ, պարտադիր սկզբունքով։ Իսկ եթե կա հարուստ ծնող, որ պատրաստ է օգնել, ինչո՞ւ չօգտվել նրա օգնությունից։ Պարոն Վաթյանի այս զարմանքը հակադարձեցինք՝ իսկ եթե չկա՞ հարուստ ծնող։ Ի վերջո, պարոն Վաթյանն էլ համաձայնեց, որ նման դպրոցներն ավելի շատ են, բայց վստահեցրեց, որ հարուստ ծնողներ չունեցող դպրոցների մասին էլ կհոգան համայնքապետարանները։ Այնուամենայնիվ, հենց դպրոցների պետական նորմալ ֆինանսավորման բացակայությունն է դպրոցներում դրամահավաքների հիմնական պատճառը, որի դեմ դեմագոգիկ հայտարարություններով չես պայքարի։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել