ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ «Հոկտեմբերի 27»-ի 2-րդ տարելիցն էր առիթը, որ ԱԺ խմբերի ղեկավարներին ստիպեց զուգահեռներ տանել Հայաստանում եւ ԱՄՆ-ում կատարված ահաբեկչությունների միջեւ։ Ասենք, Կարեն Կարապետյանն իր խոսքը սկսեց սեպտեմբերի 11-ից հետո Հայաստանում ընդունված այն արտահայտությամբ, թե «Փորձը ցույց տվեց, որ զարգացած երկրներն անգամ ապահովագրված չեն ահաբեկչությունից»։ Այդպես ասողները, սակայն, անընդհատ անտեսում են մի նրբերանգ՝ արդյոք ԱՄՆ-ի կամ Շվեյցարիայի անվտանգության ծառայություններն է՞լ են բավարար տեղեկատվություն ունեցել ահաբեկչությունը կանխելու համար եւ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել։ Հմայակ Հովհաննիսյանի համար զուգահեռի առիթ էր հետեւյալը. «ԱՄՆ-ում տեղի ունեցածից հետո որեւէ մեկի մտքով չանցավ կադրային հարցեր լուծել»։ Սակայն Բուշն առաջին իսկ պահից իր վճռականությունը հայտնեց պատժել ու ոչնչացնել այդ ահաբեկչությանն առնչություն ունեցողներին եւ նրա մտքով անգամ չանցավ մահապատիժ չկիրառելը կամ համաներումը։ Առավել համարձակ էր Մյասնիկ Մալխասյանի զուգահեռը։ Նա նշեց, որ ԱՄՆ-ում չգնացին դատաքննական ճանապարհով, որ կարող էր փակուղի մտցնել եւ որոշում կայացրին իրենց համոզվածությա՛նը համապատասխան։ «Երեւի մեզ մոտ էլ էր այդպես պետք,- ասաց պրն Մալխասյանը։- Ոճրագործների նկատմամբ պետք էր մահապատիժ կայացնել, իսկ անջատված մասով քննությունը թող կատարվեր։ Եվ ոչ թե այսօր քննարկվեր՝ մահապատիժ պիտի՞ կիրառվի կամ ոչ»։ Զուգահեռների սիրահարներին մի առիթ էլ մենք տանք։ ԱՄՆ-ում կատարվածից հետո հասարակական հարցման նյութ էր դարձել հետեւյալը. արժե՞ Աֆղանստանի դեմ պատժիչ գործողություններ սկսել անգամ այն պայմաններում, եթե չկան բեն Լադենի մեղսակցության բավարար ապացույցներ։ Հարցված ամերիկացիների գերակշիռ մեծամասնությունը պատասխանել էր դրական։ Ակնհայտ է այն հարցի պատասխանը, որ եթե «Հոկտեմբերի 27»-ից հետո միայն ներքին համոզմունքի հիման վրա, առանց քննության պատժվողներ լինեին՝ ո՞ւմ դա կվերաբերեր առաջին հերթին։ Ա. Ի.