Իրավունք եւ պատասխանատվություն Երեկ կառավարության նիստից հետո նախագահ Քոչարյանը հերթական անգամ կարեւոր հայտարարություն արեց: Անդրադառնալով ընդդիմությանն ու այսօր կայանալիք հանրահավաքին, պարոն նախագահն ասաց, թե որքան շատ մարդ հավաքվի նախագահի դեմ կազմակերպվող հանրահավաքին, այնքան լկտի կլինեն Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Ղարաբաղի դեմ սպառնալիքները: Ռ.Քոչարյանը նաեւ իմիջիայլոց հիշեցրեց, թե ինքը Հայաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարն է: Նախագահն առաջին անգամը չէ, որ հասարակության ըմբոստությունը փորձում է լռեցնել՝ շահարկելով Ղարաբաղի հակամարտությունն ու Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները: Նա նաեւ իր իրավասությունների մասին հիշում է սովորաբար այն պահերին, երբ նեղն է ընկնում: Այդ առնչությամբ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը նկատեց. «Դա հոգեվարք ապրող իշխանությունների կողմից ժողովրդի դեմ արված շանտաժ է»: Ըստ պարոն Գեղամյանի, հետեւելով Քոչարյանի մտքի տրամաբանությանը, ստացվում է, որ սովամահ լինող, երկիրը լքող ժողովուրդը պետք է շարունակի լռել, ու ոչինչ, որ նախագահն անբան ու ապաշնորհ է: Նախագահը հենց դա էլ ուզում է: Ինչ վերաբերում է ԶՈՒ գլխավոր հրամանատարը լինելու նրա հիշեցմանը, ապա Ա.Գեղամյանը վստահեցրեց. «Նախագահը, հավանաբար, նկատի ունի Ադրբեջանի նախագահ Ալիեւին: Հակառակ դեպքում մենք միամիտ չենք, որ կարծենք, թե բանակը կազմող մեր ազգի զավակները զենքով դուրս կգան ժողովրդի դեմ՝ անկախ այն բանից, թե նախագահն ինչ հրաման կտա: Մեր բանակին մենք էլ կօգնենք, որ իր բարձրության վրա լինի: Քոչարյանի ակնարկներից մենք ընդհանրապես չենք վախենում: Մեր վախը վաղուց են բռնել, իսկ ժողովուրդը, միեւնույն է, իր ուսերից կթոթափի այս իշխանությունների բեռը»: Մեկնաբանելով նախագահ Քոչարյանի՝ Հայաստանի ընդդիմության եւ Ադրբեջանի կողմից ռազմատենչ հայտարարությունների «տրամաբանական» առնչություններին վերաբերող հայտարարությունը, Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը նկատեց, թե դրանք շահարկումներ են: Կտրուկ էր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանի արձագանքը հիշյալ հայտարարությանը. «Մենք համամիտ չենք Քոչարյանի հայտնած դիրքորոշման հետ: Ադրբեջանն առաջին անգամը չէ, որ ռազմական ճանապարհով ղարաբաղյան հակամարտությունը լուծելու վերաբերյալ հայտարարություն է անում եւ եթե նա համոզված լինի, որ նոր պատերազմն իր օգտին կավարտվի՝ կգնա այդ քայլին: Մենք միշտ գիտակցել ենք դա եւ տեսակետ հայտնել, թե պատերազմում հաղթելու լավագույն պայմանը դրան պատրաստ լինելն է: Իսկ Ադրբեջանի այդօրինակ հայտարարություններն իրականում պայմանավորված են ԼՂ բանակցությունների ձախողմամբ, որը տեղի է ունեցել Քոչարյանի մեղքով, թեեւ նա իշխանության էր եկել Ղարաբաղի հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պայմանով ու նպատակով: Հիմա նա ձգձգում է հարցի լուծումը՝ իր իշխանությունը երկարաձգելու, նաեւ ԼՂ հիմնախնդիրը շահարկելով՝ ընդդիմությանն ու հասարակությանը լռեցնելու համար: Թող նա Հայաստանի ընդդիմությանն Ադրբեջանի ու Ալիեւի հետ չկապի: Ինքն ավելի սերտ կապեր ունի Ալիեւի հետ՝ տարին 12 անգամ հանդիպում է նրան»: Անդրադառնալով Ռ.Քոչարյանի՝ գլխավոր հրամանատարը լինելու հիշեցմանը, կուսակցության նախագահը շեշտեց. «Ցավոք, նախագահը միշտ հիշում է իր սահմանադրական իրավունքների մասին՝ չհիշելով պատասխանատվության մասին: Իսկ որտե՞ղ էր գլխավոր հրամանատարը «Հոկտեմբերի 27»-ին: Նա մոռանում է, որ ինքը երկրի անվտանգության, անկախության, սահմանների անձեռնմխելիության, դատական համակարգի անկախության, երաշխավորն է: Մինչդեռ նրա օրոք քննարկման նյութ է դառնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, տեղի են ունենում հեղաշրջում, ահաբեկչություններ, դատական իշխանությունը շարունակում է կախված լինել գործադիր մարմնից: Նախագահն ինքն է իրեն դուրս դրել Սահմանադրության ու օրենքների շրջանակներից: Քոչարյանը, շեշտելով բանակի գլխավոր հրամանատարը լինելու հանգամանքը, ըստ էության, փորձում է վախեցնել ընդդիմությանն ու ժողովրդին՝ մոռանալով, որ զինված ուժերն իրենց գործառույթներն ունեն եւ կոչված են իրականացնել երկրի սահմանների, սահմանադրական կարգի, ի վերջո, ժողովրդի եւ ոչ թե Քոչարյանի անձի պաշտպանությունը»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ