ԱՅԲՈՒԲԵՆՆԵՐ՝ ԸՍՏ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ Հենց միայն այն հանգամանքը, որ երեկ, կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, նախագահ Քոչարյանը կրկնեց, թե ինքն այսօրվա հանրահավաքը լուրջ չի ընդունում, ապացույցն էր այն բանի, որ լուրջ է ընդունում։ Ի վերջո, որեւէ երկրի նախագահի համար պետք է որ հաճելի չլինի ընդդիմադիր ուժի ուժեղացումը, բազմամարդ հանրահավաքների անցկացումը՝ նույն այդ նախագահի պաշտոնանկության պահանջներով։ Նախագահ Քոչարյանը երեկ կրկին փորձեց աշ խարհում տեղի ունեցող իրադարձությունների եւ Հայաստանում ընդդիմադիր դաշտի գործողությունների յուրօրինակ գնահատական-ընդհանրացումը կատարել։ Ռոբերտ Քոչարյանը փորձեց առավել «լայն մեկնաբանություն» տալ Ալիեւի ռազմատենչ հայտարարություններին վերաբերող հարցին. «Ըստ էության, հնչում է սպառնալիք Հայաստանի եւ Ղարաբաղի նկատմամբ եւ, սովորաբար, նման դեպքերում երկրներում կոնսոլիդացիա է գնում տարբեր քաղաքական ուժերի, բնակչության՝ այդ սպառնալիքին դիմակայելու եւ պատասխանելու համար։ Դա շատ պարզ տրամաբանություն է եւ ամեն մի քաղաքակիրթ ուժ պետք է սա զգա, հակառակ դեպքում, իսկապես երկիրը կարող է վտանգված լինել։ Եվ ինչքան ավելի շատ փորձեր արվեն ներսում, միտինգային տրամաբանությամբ ապակայունացնելու համար, այնքան շատ ավելի լկտի են լինելու նման կարգի հայտարարությունները մեր հարեւանների կողմից։ Ինչքան շատ մարդ հավաքվի հանրահավաքի՝ նախագահի դեմ, որը նաեւ զորքերի գլխավոր հրամանատարն է եւ որի հրամանները զորքերը պարտավոր են անվերապահորեն կատարել, ուրեմն, այո, այնքան լկտի կլինեն նման կարգի հայտարարությունները։ Սա շատ պարզ տրամաբանություն է, սա ուղղակի այբուբեն է։ Տպավորություն ունեմ, որ ինչ-որ տեղ այս զուգադիպությունը պատահական չէ։ Չեմ ուզում այլ կարգի մեկնաբանություն տալ, բայց նման կարգի տպավորություն ունեմ»։ Թերեւս նախագահի վերջին միտքը կարելի է շաբաթվա զարմանք որակել՝ խիստ թափանցիկ ակնարկվեց այն, ինչ ակնարկվեց եւ մնում է պարզապես սպասել, թե ի՞նչ կհետեւի նման «տպավորություն»-ից հետո։ Անմիջապես հաջորդ միտքն այն էր, որ, այնուամենայնիվ, ապակայունացում չկա եւ որ նման իրավիճակում երկիրը պետք է փորձի ավելի ցուցադրել ավելի մեծ կայունություն, քան կա. «Վաղը ես Լոռու մարզ այցելություն ունեմ, շատ հետաքրքիր եւ ծանրաբեռնված այցելություն է, հետաքրքիր ծրագիր է լինելու, եւ կարծում եմ, որեւէ հանրահավաքներ դրա օբյեկտում չեն կարող ինձ շեղել այդ հարցերից, իսկապես լուրջ չեմ ընդունում»։ Նախագահ Քոչարյանն այնուհետեւ խոսեց քաղաքական կուլտուրայի մակարդակի մասին, ասվեց նաեւ, որ ինքը դժգոհ է այսօրվա քաղաքական ցուցանիշներից։ Ենթադրել պետք չէ, որ տնտեսական ցուցանիշներից նախագահը գոհ է։ Պարզապես մի բան շարունակ խանգարում է. «Ինչ վերաբերում է քաղաքական պրոցեսների ազդեցությանը տնտեսության վրա։ Այդ մասին արտահայտվել եմ բազմիցս։ Երկրի կայունությունը առաջին երաշխիքն է տնտեսության զարգացման համար։ Սա այբուբեն է եւ եթե մարդիկ չեն հասկանում այս այբուբենը, ուղղակի պատկերացում չունեն, թե ի՞նչ է տնտեսությունը, ի՞նչ է երկիրը եւ ի՞նչ է տնտեսական քաղաքականությունը հանրապետությունում։ Մենք ավելի ակտիվ պետք է փորձենք աշխատել ներդրողների հետ, քանի որ ներդրումային այս պրոցեսներում որոշ սպասողական վիճակ գոյություն ունի»։ Մեղավորը կրկին ընդդիմությունն է՝ նախագահը չզլացավ ասել, որ նման վիճակի մեղավորը ընդդիմությունն է, որ փորձում է ապակայունացնել վիճակը, ներդրողներն էլ խուսափում են քայլերից։ Համենայն դեպս, մոտավորապես այդպես բացատրվեց «Արարատցեմենտի» սեփականաշնորհումից «Հոլսիմ» ընկերության հրաժարվելը. «Կարծում եմ, որ այս կոնտեքստը եւս կա, պետք է պարզենք նաեւ, կողմնակի ի՞նչ կարգի ազդեցություն եղե՞լ է, թե՞ չի եղել։ Նաեւ պոտենցիալ ներդրողի հետ։ Կարող է սա, ինչ-որ ասում եք, հնարավոր մի քանի գործոններից մեկը լինի։ Կարող է նաեւ լրացուցիչ, էսպես, կողքից, փորձ լինի ներառված, խանգարելու այս գործարքին, որը շատ շահավետ եւ հետաքրքիր գործարք էր ժամանակին»։ Նախագահը շեշտեց նաեւ, որ «պետք է քաղաքական կամք դրսեւորենք եւ անխտիր բոլորի նկատմամբ շատ խիստ վերաբերմունք ենք դրսեւորելու ե՛ւ էներգետիկ, ե՛ւ հարկային, ե՛ւ մաքսային մարմինների կողմից։ Բավական լուրջ վարչական մեխանիզմներ ենք կիրառում եւ կիրառելու ենք»։ Երեկ, կառավարության նիստից հետո խորհրդակցություն էր տեղի ունեցել վերոհիշյալ ոլորտների պատասխանատուների հետ եւ վերջիններս հրահանգավորվել էին նախագահի կողմից։ Ընդամենը մեկ հարց հնարավոր եղավ ուղղել նախագահին «Հոկտեմբերի 27»-ի գործի վերաբերյալ։ Թվում էր, ի վերջո, հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից երկու տարի անց նախագահ Քոչարյանը կասի, ինչ-որ խոստացել էր ասել, սակայն, նախագահը շարունակեց չխոսել, պարզապես այն, ինչ ասաց, կրկին հարցեր առաջացրեց։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ «27»-ի գործից անջատված մասի նախաքննության վերաբերյալ, Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե ինքը անջատված մասին ծանոթ չէ եւ հարցը ճիշտ կլինի ուղղել դատախազություն։ Պարզապես հետաքրքիր է, ինչո՞ւ «27»-ի գործի առաջին մասի վերաբերյալ նախագահը մանրամասն տեղեկացվում էր որպես երկրի նախագահ, իսկ նույն գործի, ընդ որում, առավել լուրջ՝ կազմակերպիչների, դրդիչների եւ հրահրիչների վերաբերյալ մասին ծանոթ չէր։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ