ՀԱՄԱԽՄԲՎԵ՛Ք, ԹԵ ՉԷ ԿՊԱՐՏՎԵՔ Շիրակի մարզում նախագահ Քոչարյանի դատողությունները նոր մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտության մասին, մի պահ հիշեցրին «Այդ նույն Մյունհաուզենը» ֆիլմի մի դրվագը, երբ իշխանը, տեղեկանալով, որ Մյունհաուզենը պատերազմ է հայտարարել Անգլիային, տագնապում է՝ «Պատերազմը մեր շեմին է, իսկ մենք անպատրաստ ենք»։ Ռոբերտ Քոչարյանն ասել էր. «Աշխարհում այլ գործընթացներ են հիմա ընթանում, քաղաքական ուժերը փորձում են միավորվել իշխանությունների շուրջ՝ նոր մարտահրավերներին դիմակայելու համար։ Այստեղ կարծես այլ մոլորակում լինենք, եւ մեր քաղաքական դաշտի արձագանքն աշխարհի իրադարձություններին համարժեք չէ։ Կա՛մ այդ մարդիկ (ընդդիմությունը.- Ա. Ի.) որոշակի պատկերացում չունեն, թե ի՞նչ է կատարվում, կա՛մ չեն հասկանում՝ ինչպե՞ս կարող է դա ազդել Հայաստանի վրա։ Կամ էլ այդ ամեն ինչը հասկանալով՝ շարունակում են նույն կերպ, ուղղակի տվյալ դեպքում՝ բարոյական կերպարի գնահատման հարց է առաջանում նաեւ»։ Իհարկե, չի կարելի ասել, թե մնացած բոլոր առումներով Հայաստանում կատարվողը համարժեք է համաշխարհային գործընթացներին։ Մենք «այլ մոլորակում» ենք շա՜տ վաղուց։ Այսուհանդերձ, մեր գործիչների «բարոյական կերպարը գնահատելու» հեռագնա նպատակով երեկ ճեպազրույցների բոլոր մասնակիցներին ուղղում էինք նույն հարցը՝ գիտակցո՞ւմ են, թե Հայաստանի համար ինչ վտանգներով են հղի աշխարհում այժմ կատարվող իրադարձությունները, դիցուք՝ ԱՄՆ պատերազմը թալիբների դեմ։ Եվ արդյոք անհրաժե՞շտ են գտնում, որ Հայաստանի վրա այդ գործընթացների հնարավոր ազդեցությանը դիմակայելու համար քաղաքական ուժերը համախմբվեն իշխանությունների շուրջ։ Միանգամից նշենք՝ հարցումը ցույց տվեց, որ ԱԺ բոլո՛ր կազմավորումներն էլ պատկերացում ունեն, թե ինչ է կատարվում աշխարհում։ Սակայն նրանց դեմքերը լարվածությունից ձգվում էին, երբ փորձում էին բացատրել, թե ինչ վտանգներով է հղի այդ ամենը Հայաստանի համար։ Փոքրիշատե համոզիչ բացատրությունն «Օրինաց երկրի» ներկայացուցիչ Սերգո Երիցյանինն էր, որը թեեւ չէր գտնում, թե ԱՄՆ-ի պատերազմը կարող է տնտեսականից բացի որեւէ այլ հետեւանքներ ունենալ Հայաստանի համար, այնուամենայնիվ, տեղին հիշեց Հեյդար Ալիեւի հնչեցրած պատերազմի սպառնալիքը։ Արտաքին ագրեսիայի պարագայում, իրոք, երիցս ճշմարիտ են Գլխավոր հրամանատարի, այն է՝ հանրապետության նախագահի շուրջ համախմբվելու կոչերը, բայց նա նախ պիտի հայտարարի, որ լուրջ է համարում պատերազմի վերսկսման վտանգը։ Սակայն նաեւ ճշմարտություն է, որ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները հնչել էին մինչեւ Հեյդար Ալիեւը կաներ իր հայտարարությունը եւ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն էլ պատրաստակամություն կհայտնեին աջակցել Ադրբեջանին՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու փորձերի մեջ։ Ուրեմն, աշխարհաքաղաքական փոփոխություններն ինչպես եւ ինչու են անպայման անդրադառնալու մեծ աշխարհի մի մասնիկ Հայաստանի վրա։ Նախագահի հետ լիովին համաձայն էր, թերեւս, ԱԱԺՄ խմբի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը, սակայն նրա երկարաշունչ ելույթից պարզ դարձավ, որ մեր ազգային անվտանգությանն առաջնահերթ սպառնացող վտանգը նա համարում է ինքնավարությունների շուրջ նոր թափով բռնկված տարածքային վեճերը։ Նույն կերպ՝ ասվածը միայն Վրաստանում կատարվող իրադարձություններին եւ վիրահայությանը սպառնացող վտանգին վերագրեց նաեւ ԱԺՄ խմբակցության ղեկավար Սեյրան Ավագյանը։ Սա, համաձայնեք, այնքան էլ այն չէ, ինչ ասում էր Ռոբերտ Քոչարյանը։ Եղան նաեւ կտրուկ բացասական արձագանքներ եւ, ընդ որում՝ հենց այն ուժերի կողմից, ում ուղղված էր նախագահի հանդիմանությունը։ Ասենք, ՀԿԿ խմբակցության քարտուղար Խորեն Սարգսյանը թեեւ անկեղծորեն ընդունում էր, որ «պատերազմը մտել է մեր հողը» եւ դրա դեմ պիտի բոլորը համախմբվեն, բայց հակադարձ առաջարկն արեց. «Իսկ հանրապետության նախագահը կհամաձայնի՞ թողնել այդ պաշտոնը մի մարդու, որն ավելի նվիրված է այս ժողովրդին եւ ասել՝ «Արի՛, նստի՛ր, որ ժողովուրդը համախմբվի քո շուրջ»։ Սա էլ է, չէ՞, պատերազմից խուսափելու եւ երկիրը փրկելու ձեւ»։ Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանն այսպես պատասխանեց մեր հարցին. «Ոչինչ չբացառելով հանդերձ՝ ես կարծում եմ, որ մեր քաղաքական ուժերը եւ հանրապետության ղեկավարությունն ամեն ինչ կանեն, որ այդ համաշխարհային իրադարձությունները մեզ եւ մեր տարածաշրջանի համար անդառնալի հետեւանքներ չունենան»։ Եվ էլի չմանրամասնեց, թե ինչու պիտի դրանք մեզ համար ունենան հետեւանքներ։ Անկեղծ ասած, մենք գիտեինք այդ հարցի ճիշտ պատասխանը, որն ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերից որեւէ մեկն այդպես էլ հստակ չասաց։ Միայն «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ճիշտ ուղղությամբ մի ակնարկ արեց. «ԱՄՆ-ի նկատմամբ ահաբեկչությունից հետո այսօր աշխարհում փոխվել են բավականին դիրքորոշումներ»։ Նաեւ մտահոգություն հայտնեց, որ ահաբեկիչների դեմ սկսված պայքարը «կարող է այդքանով չսահմանափակվել»։ «Միասնության» ղեկավարը չանդրադարձավ այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը կարող է տուժել հակաահաբեկչական գործողություններից։ Պատասխանը թերեւս հնարավոր չէր տալ առանց մի շարք այլ հարցադրումների անդրադառնալու։ Օրինակ, ո՞ւմ մեղքով է, որ հակաահաբեկչական գործողությունների անհրաժեշտությունը կարող է վերագրվել նաեւ Ղարաբաղին, այդ ո՞ր երկրի իշխանության դիվանագիտական ու նաեւ քարոզչական ձախողումների մասին է վկայում սա։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ