Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի

Հոկտեմբեր 25,2001 00:00

Բարձրակարգ մրցույթ Հոկտեմբերի 24-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մեկնարկեց Չիլինկիրեան երկրորդ համահայկական երաժշտական մրցույթը (ջութակ, ալտ, թավջութակ)։ Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության պետական ծրագրի շրջանակում անցկացվող այս մրցույթի նպատակն է բացահայտել թե՛ Հայաստանի եւ թե՛ նրա սահմաններից դուրս գտնվող երիտասարդ հայազգի օժտված, տաղանդավոր երաժիշտներին։ Ժյուրին նախագահում է լոնդոնաբնակ մեր հայրենակից Լեւոն Չիլինկիրեանը։ Ասենք, որ նա դասավանդում է Լոնդոնի Թագավորական երաժշտական քոլեջի ջութակի բաժնում։ Արժանացել է Բեթհովեն BBC (1969թ.), Մունիշ Դուօ (1971թ.) մրցույթների առաջին մրցանակներին։ 1971թ. ստեղծել է Չիլինկիրեան քառյակը, որը հանդես է եկել շուրջ 50 երկրներում։ Հանդիսացել է Camerata Roman եւ շվեդական լարային անսամբլի գեղարվեստական ղեկավար։ 2000 թվականին անվանի ջութակահարը երաժշտական ծառայությունների համար արժանացել է OBE մրցանակի։ Հանդիպեցինք մաեստրոյին եւ խնդրեցինք պատմել, թե ինչպես ծնվեց երկրորդ համահայկական մրցույթ անցկացնելու գաղափարը։ «2000թ. հունիսին կայացած ջութակահարների մրցույթի հաջողությունից հետո ես ցանկություն ունեցա նպաստել Հայաստանի լարային գործիքներ նվագող տաղանդավոր երաժիշտների կատարողական արվեստի զարգացմանը։ Երախտապարտ եմ Երեւանի այն անհատներին եւ կազմակերպություններին, ովքեր օգնեցին կազմակերպել այս մրցույթը, ինչպես նաեւ լոնդոնաբնակ մեր բարերար ընկերներին։ Անշուշտ, դժվար է առանձնացնել լավագույն կատարողներին։ Մրցույթի բոլոր մասնակիցները փորձառություն ձեռք կբերեն, եւ համոզված եմ, որ նրանք հանդես կգան իրենց ողջ կարողությամբ։ Ոգեշնչված ժյուրիի հյուրընկալ եւ բարյացակամ մթնոլորտով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին՝ մրցույթի կազմակերպման գործում իրենց ջանասեր աշխատանքի համար։ Համոզված եմ, որ մրցույթի յուրաքանչյուր մրցանակակիր կդառնա Հայաստանի մշակույթի դեսպանը աշխարհում, եւ մենք պետք է հպարտանանք մեր երաժշտական ժառանգությամբ։ Ես հուսով եմ, որ օգնում եմ ապահովելու պատանի երաժիշտների ստեղծագործական, կատարողական, ինչու չէ՝ ուսուցման բարձր մակարդակը։ Իհարկե, մրցույթում բոլորը հաղթել չեն կարող, բայց նշեմ, որ մրցույթի մասնակիցների կատարողական բարձր մակարդակը ոգեշնչում եւ հարստացնում է Երեւանի մշակութային կյանքը։ Ժյուրիի կազմում ընդգրկված են միջազգային ճանաչում եւ համբավ ունեցող երաժիշտներ, Չիլինկիրեան լարային քառյակի ներկայացուցիչներ Չարլզ Սյուարթը, Ասդիս Վալդիմարսդոտիրը, Ֆիլիպ դե Գրոտը, կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանը եւ Լեւոն Չաուշյանը։ Այս մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 5000 ԱՄՆ դոլար, նախատեսված են նաեւ հատուկ մրցանակներ՝ մրցույթի լավագույն նվագակցողին եւ հայկական ժամանակակից ստեղծագործության լավագույն կատարողին։ Կուզեի նշել հատկապես կազմակերպիչներին, դրանք են «Քրիստոնյա Հայաստան-1700» հիմնադրամը, N.A.B. Artists Management ընկերությունը, «Կադանս» կամերային երաժշտության կենտրոնը, Հայկական երաժշտական համաժողովը, Հայ երաժշտական ինֆորմացիոն կենտրոնը։ Հուզված եմ անչափ, օգտվել կուզեմ առիթից եւ շնորհավորել մեզ՝ բոլորիս, աշխարհի ողջ հայությանը՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունելու 1700-ամյակի առթիվ»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել