Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

կամ «իմ միսսի ոտերը քո միսսի ոտերից երկար են»

Հոկտեմբեր 25,2001 00:00

«ՄԻՍՍ»-ԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ կամ «իմ միսսի ոտերը քո միսսի ոտերից երկար են» Արդեն այսօր, Ազգային օպերայի դահլիճում կկայանա «Միսս Հայաստան» մրցույթը, որն այս անգամ որեւէ կերպ չի առնչվում Կամերային թատրոնի եւ Արա Երնջակյանին։ Փաստորեն, 4 տարի Հայաստանի գեղեցկուհուն ընտրելուց եւ միջազգային մրցույթներ «արտահանելուց» հետո, այդ պատիվը (պարտականությունը) խլվեց Արա Երնջակյանի ձեռքից։ Վերջինս կարծում է, որ դա խիստ անարդար էր եւ «հեղինակային իրավունքի ոտնահարում», իսկ «խլողը»՝ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Կարեն Արիստակեսյանը, վստահ է, որ այստեղ խոսք անգամ չի կարող լինել հեղինակային իրավունքի ոտնահարման մասին, քանզի մրցույթն ինքը հեղինակային իրավունքի սուբյեկտ չէ։ Հեղինակային իրավունքի սուբյեկտ է, օրինակ, մրցույթի սցենարը, ինչը պրն Արիստակեսյանը չի էլ պատրաստվում կրկնօրինակել։ Իսկ ինչո՞ւ են, ամեն դեպքում, «Միսս Հայաստան» մրցույթի հեղինակ-նախաձեռնող եւ կազմակերպիչ Արա Երնջակյանին «խաղից դուրս» վիճակում թողել։ Ի վերջո, այդ մարդու շնորհիվ Հայաստանում այս կամ այն չափով կայացավ գեղեցիկ աղջիկներին բեմ բարձրացնելու եւ նրանց միջից լավագույնին (թե որքանով՝ օբյեկտիվ, այս դեպքում կարեւոր չէ) ընտրելու ինստիտուտը։ Այս հարցին պրն Արիստակեսյանն ունի իր պարզաբանումն, ըստ որի, ինքը քանիցս հանդիպել է Արա Երնջակյանին, վերջինիս առաջարկել է մրցույթի պատվավոր նախագահի, փոխնախագահի, ժյուրիի անդամի տեղերը, սակայն պրն Երնջակյանը, խոստանալով, որ կմտածի, հանկարծակի մամուլի ասուլիս է տվել, որում բազմաթիվ մեղադրանքներ է հնչեցրել՝ ուղղված ինչպես «Միսս Հայաստան» ազգային գործակալության (որը հիմնվել է վերջերս) նախագահ, նույն ինքը՝ մշակույթի փոխնախարար Կարեն Արիստակեսյանի, այնպես էլ նոր «Միսս Հայաստան» մրցույթի պրոդյուսերի՝ «Ալֆայել» պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Լեւոն Աբրահամյանի դեմ։ Դեռ անցյալ շաբաթ, երբ պրն Երնջակյանը հրավիրել էր հիշյալ ասուլիսը, սպասվում էր, որ շուտով պատասխան ասուլիսով հանդես կգա Կ. Արիստակեսյանը։ Վերջինս, սակայն, չշտապեց եւ միայն երեկ՝ «Միսս Հայաստան» մրցույթի գրեթե բոլոր կազմակերպիչների հետ հրավիրված ասուլիսի ժամանակ (որը կոչված էր ավետելու «Միսս Հայաստան» մրցույթին նոր շունչ ու ոգի տալու մասին), արտահայտեց այն ամենն, ինչ կուտակվել էր վերջին շաբաթվա ընթացքում։ Իսկ պրն Արիստակեսյանի սրտում, դատելով նրա երկարաշունչ ելույթներից, շատ բան էր կուտակվել՝ հատկապես լրատվամիջոցների դեմ։ Պրն փոխնախարարը ոչ մի կերպ չէր կարողանում վերանալ Արա Երնջակյանի եւ նրա տեսակետներն արտահայտած լրատվամիջոցների թեմայից եւ խոսել ավելի արդիական՝ այսօր կայանալիք «Միսս Հայաստան» մրցույթից։ Բայցեւայնպես հասկացանք, որ խնդիրն այս վիճաբանության մեջ առնչվում է հատկապես «Հայաստան» բառի գործածմանը, ինչպես նշեցին ներկաներից շատերը՝ թող Երնջակյանը ուրիշ մրցույթ կազմակերպի՝ անունը փոխած, իսկ «Միսս Հայաստանը» պիտի ազգային գործակալության մակարդակով կազմակերպվի, ինչպես ընդունված է ողջ աշխարհում։ Համենայնդեպս, մրցույթի կազմակերպիչները վստահ են, որ այս անգամ մրցույթն անցնելու է նախորդներից կրկնակի լավ, կրկնակի բարձր մակարդակով։ Նման վստահության համար հիմք էր ծառայում այն, որ ծախսվել է 5 անգամ ավելի գումար, ընդ որում՝ առաջին անգամն է, որ աղջիկները ոչ մի լումա չեն ծախսելու, անգամ նրանց հանդերձանքը հոգում է պրոդյուսերական կենտրոնը՝ «Ատա վանկ լես» ընկերության հովանավորությամբ։ Ինչպես նշեց «Միսս Սլովակիա» մրցույթի նախագահ Յոզեֆ Օկլամչուկը՝ «որքան փողը շատ, այնքան մրցույթը հաջողված կլինի»։ Բոլոր 22 մասնակից աղջիկների հետ (նրանց արտաքինն, ըստ Կ. Արիստակեսյանի, համապատասխանում է միջազգային չափանիշներին՝ 170 սմ հասակ, 90-60-90 տվյալներ) կնքվել են համապատասխան պայմանագրեր։ Իսկ Ա. Երնջակյանի ժամանակ, ինչպես հավաստիացնում էին «Միսս Հայաստանի» նորահայտ կազմակերպիչները, պայմանագրային դաշտը խիստ խախուտ էր՝ աղջիկներից շատերի հետ չէին կնքվում պայմանագրեր, բայց նրանք մասնակցում էին մրցույթին։ Ամեն դեպքում, Կարեն Արիստակեսյանը պնդում էր, որ ոչ ոք չի փորձում նսեմացնել Արա Երնջակյանի անուրանալի դերը «միսս»-երի ինստիտուտը Հայաստան ներմուծելու գործում. «Մեր բուկլետում նշված է պրն Երնջակյանի անունը՝ որպես մրցույթի նախաձեռնող եւ կազմակերպիչ։ Տեղադրված են 1996, 1997, 1998, 2000թթ. մրցույթների հաղթողների լուսանկարները։ Այս ավանդույթը պիտի զարգացնենք։ Ուղղակի աշխարհում ոչ մի տեղ թատրոնը հանդես չի գալիս որպես «միսս»-ային մրցույթի կազմակերպիչ, դրանք անցնում են մշակույթի կամ տուրիզմի նախարարությունների աջակցությամբ եւ կազմակերպմամբ»։ Կարեն Արիստակեսյանն, ի պատասխան հարցին՝ արդյոք ավելորդ ծանրաբեռնվածություն չի՞ վերցնում իր՝ առանց այն էլ գերզբաղված, ուսերին, առանց ավելորդ համեստության նկատեց, որ երբեւէ չի խորշել շատ աշխատանքից՝ «որքան ծանրաբեռնված, այնքան՝ հաճելի», իսկ ինչ վերաբերում է գեղեցիկ աղջիկների շրջապատում լինելու ցանկությանը (դրանում էին փորձել մեղադրել փոխնախարարին լրատվամիջոցները), ապա՝ «ես միշտ շրջապատված եմ եղել երկարոտն գեղեցկուհիներով, իմ կինն էլ բարձրահասակ է, գեղեցկուհիների հետ որեւէ պրոբլեմ չունեմ»։ Ինչպես Արմեն Խաչատրյանը կասեր՝ կեցցե՛ մեր փոխնախարարը։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել