Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի

Հոկտեմբեր 25,2001 00:00

«Դպրոցում հող չեն բաժանում» Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի միջնակարգ դպրոցի շենքը շահագործման է հանձնվել 1966 թ. եւ մինչեւ օրս հիմնովին չի վերանորոգվել։ Ըստ տնօրեն Բորիս Ուդումյանի, դեռեւս 1998 թվականից դպրոցի նորոգման հարցը պատկան մարմինների ուշադրության կենտրոնում է, սակայն մինչեւ օրս այն ձգձգվում է։ Վերջերս նույնիսկ քաղաքաշինության նախարարությունից են եկել, չափագրումներ արել, գնացել։ Պատկան մարմինների կողմից մոռացված կառույցի նկատմամբ ճակատագիրն ավելի բարեհաճ էր. TV եւ «Բարի լոտո»-ներով շահած գումարներով անցյալ տարի որոշ չափով վերանորոգվեց, մի փոքր բարվոք տեսքի բերվեց դպրոցական շենքը։ Դպրոցը վերջին անգամ 1983 թվականին է դպրոցական գույք ստացել, իսկ մարզագույքն ու լաբորատոր սարքավորումները շատ վաղուց են անցյալի հաճելի հուշ դարձել։ Դպրոցը հովանավորներ չունի, գյուղապետարանը, ավագանիների խորհուրդը, ծնողական համայնքն էլ ոչ մի օգնություն ցույց չեն տալիս, ասելով, թե միջոցներ չունեն։ Ի տարբերություն քաղաքային դպրոցների, գյուղում ծնողներից շատերը անտարբեր են, թե իրենց երեխան ինչպես է սովորում։ Միգուցե դա պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ, միեւնույն է, միջոցներ չունեն երեխայի հետագա ուսումնառության համար։ Նույնիսկ ծնողական ժողովին են թերանում ներկայանալ։ Այս մասին ցավով նշեց տնօրենը եւ պատմեց, թե ինչպես երեխաներից մեկը, երբ ծնողին տեղեկացրել է, թե իրեն դպրոց են կանչել, զարմացել է, թե «գնում եմ ի՞նչ անեմ, հո դպրոցում հող չեն բաժանում»։ Ո՞ր ծնողը դպրոցական ֆոնդին գումար կտա, նույնիսկ 50 դրամ չեն կարողանում հավաքել, որ կավիճ կամ ավել առնեն»։ Դպրոցական ֆոնդ չկա, գործուղման գումարներ չի նախատեսվում, մինչդեռ տնօրենը միայն սեպտեմբերին 3 անգամ կանչվել է մարզպետարան՝ Իջեւան, որի համար ստիպված է յուրաքանչյուր անգամ սեփական գրպանից վճարել վարձակալած մեքենայի 30 լիտր բենզինի արժեքը եւ ծառայության գինը։ Նախորդ տարիների համեմատ, թերեւս միակ դրական տեղաշարժը կարելի է համարել այն, որ աշխատավարձը ժամանակին ստանում են։ Մարզպետարանի որոշմամբ, մարզում ուսումնական պրոցեսը իրագործվում է 6-օրյա ուսումնական գրաֆիկով, թեեւ տնօրենի կարծիքով, գյուղական պայմաններում ավելի նպատակահարմար է 5-օրյան։ Նախ, թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար իրենց տրամադրության տակ երկու օր կունենան եւ բացի այդ, շուտով կսկսվի ջեռուցման շրջանը եւ 5-օրյա գրաֆիկով, բնականաբար, մեկ օրվա վառելիքը կտնտեսվի։ Պրն Ուդումյանը մտահոգ է, որ ոչ մի կերպ չի հաջողվում հավաքել դասագրքերի վարձավճարները։ Նույնիսկ նախորդ տարվանից 18 հազար դրամ պարտք ունեն։ Տնօրենը դա բացատրում է մանավանդ վերջին երկու տարիներին գյուղացիների սոցիալական վիճակի էլ ավելի վատթարացմամբ, որին հակադարձվել է դասագրքերի քանակի աճը՝ նոր առարկաների ավելացմամբ պայմանավորված։ Թեեւ չի բացառվում նաեւ հոգեբանական պահը՝ ծնողը դեռեւս առաջնային չի համարում դասագրքերի վարձավճարի մուծումը, քանի որ այն նոր երեւույթ է, դեռ չի արմատավորվել, մտածում են՝ կարելի է եւ չվճարել։ Ինչպես տնօրենը, այնպես էլ ուսուցիչները մտահոգ են դպրոցականների առօրյայի համար. կինո չկա, առաջվա պես թատերական, համերգային հյուրախաղեր չեն կազմակերպվում։ Հանրակրթական դպրոցների 8-10-րդ դասարաններում նոր առարկա են ուսուցանում՝ «Իրավունք», որտեղ նախատեսված է լրացնել շաբաթվա լրատու աղյուսակ, մինչդեռ ոչ թերթ կա, ոչ հեռուստատեսությունը կամ ռադիոն են գործում, որտեղի՞ց ինֆորմացիա ստանա երեխան, որ լրացնի։ Ի դեպ, մի 10 տարի առաջ դպրոցականները ոչ միայն հայ, այլեւ օտարազգի հայտնի արվեստագետների, երգիչների, մարզիկների անունները գիտեին։ Ծանոթ էին գիտության, տեխնիկայի, արվեստի նվաճումներին, կինոաշխարհի վերջին նորություններին։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել