Լրահոս
Օրվա լրահոսը

Սույն

Հոկտեմբեր 25,2001 00:00

ՀՐԿԻԶՈՂՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՊԱՐԶՎԱԾ ՉԷ Սույն թվականի հունիսի 26-ի գիշերը, լույս 27-ին անհայտ անձանց կամ անձի կողմից հրկիզվել էր Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի հարեւանությամբ կանգնեցված, ինձ պատկանող «ԿՎԶ» մակնիշի ավտոբուսը։ Դեպքի առիթով հարուցվել է թիվ 13111101 քրեական գործը, որը գտնվում է Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Ս.Թաիրյանի վարույթում։ Փաստորեն կատարվել է քրեորեն պատժելի արարք, որի արդյունքում հինգ անձից բաղկացած ընտանիքս զրկվել է ապրուստի միակ աղբյուրից։ Տեղեկացնեմ, որ ավտոբուսը ծառայեցնում էի որպես «կաշվե իրերի նորոգման» արհեստանոց, ինչպես նաեւ իմ մշտական հաճախորդների հետ տանում (կատարում) էի գաղափարա-քարոզչական աշխատանքներ, այդ կապակցությամբ էլ ավտոբուսում էի պահում 1988 թվից Ազգային-ազատագրական շարժմանը վերաբերող հավաքածս արխիվը եւ քաղաքական բնույթի տարբեր փաստաթղթեր, թղթեր, ինչպես նաեւ տարիներ առաջ բացահայտված բանդայի՝ «Դրո» եւ «Հոկտեմբերի 27-ի» քր. գործերի մեղադրական եզրակացությունները, որոնք նույնպես հրկիզվել են։ Ես արհեստանոցիս հրկիզման կապակցությամբ բացառում եմ, որ այն տեղի ունեցած լինի կենցաղային հողի վրա։ Ավելին. հավանական եմ համարում, որ այն պատասխան էր մամուլում իմ կողմից կատարած լրագրողական հետաքննություններին, որոնք վերաբերում էին 1999 թվի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած տեռորիստական ակտին։ Այդպես եմ կարծում, քանի որ վերը նշածս քրգործի որոշ նյութերի կապակցությամբ կատարած վերլուծություններս, համոզված եմ, որ, մեղմ ասած, անհանգստացնում են ՀՀ իշխանություններին՝ մասնավորապես ՀՀ ԱԱ նախարարության մի շարք աշխատակիցների։ Ես լավ հասկանում եմ, որ նախաքննությունը իրականացնող մարմինն իմ կարծիքն ու կասկածները միանշանակ չի կարող ընդունել որպես փաստեր։ Գիտեմ նաեւ, որ ցանկացած տեսակի տեղեկություններն ու ցուցմունքները նույնպես չեն կարող ընդունվել որպես փաստեր, քանի դեռ դրանք չեն ստուգվել ու քննիչի կողմից ապացուցված համարվել։ Հասկանում եմ, որ այդ պատճառով էլ նշանակվում ու կատարվում են տարբեր տեսակի մասնագիտական ու փորձագիտական հետազոտություններ։ Նշեմ, որ հրդեհի առաջացման պատճառը պարզելու կապակցությամբ հրդեհված ավտոբուսում փորձագիտական տեղազննում՝ հետազոտում է կատարվել՝ սկզբում ՀՀ ՆԳՆ ՌՀՊ մասնագետների կողմից, հետո՝ ՀՀ արդարադատության նախարարության փորձագետի։ Վերջին փորձագիտական հետազոտությունն էլ անցկացվեց օգոստոսի 24-ին` վնասի չափը պարզելու համար։ Երեք դեպքերում էլ՝ քննիչի մասնակցությամբ։ Սակայն վերը նշածս երեք փորձարարական հետազոտություններն էլ ինձ չեն կարող բավարարել։ Այդ «մասնագիտական» կոչված գործողություններից վերջինը կարելի է գնահատել անգրագիտություն, քանի որ 3000+1500 ԱՄՆ դոլարի վնասը հաշվարկել են 400000 դրամ (730 ԱՄՆ դոլար)։ Իսկ առաջին երկուսը ինձ մոտ ավելի են ամրապնդում այն կասկածները, որ ՀՀ իշխանություններին ձեռնտու չէ հրկիզման հեղինակների ինքնությունը պարզելը։ Կասկածս հիմնավորելու համար բերեմ երկու ծանրակշիռ փաստարկ. 1. Դեպքի հաջորդ օրը «Առավոտ» օրաթերթի առաջին էջում «Նյարդերը տեղի՞ են տալիս» խորագրով տպագրվել է հրկիզված ավտոբուսի լուսանկարն ու տեղեկատվություն այն մասին, որ դեպքից ընդամենը 2 օր առաջ ես «Հոկտեմբերի 27»-ի կապակցությամբ տպագրել էի մի հոդված, որում ՀՀ ԱԱՆ-ի մի քանի աշխատակցի տեղը համարել եմ վանդակաճաղերի ետեւում՝ Նաիրի Հունանյանի կողքին։ Փաստորեն, «Առավոտի» այդ հրապարակումով հասարակական մեղադրանք հնչեց ԱԱՆ-ի հասցեին, հետեւաբար, ԱԱՆ-ն պետք է որ շահագրգռված լիներ հրկիզողների կամ հրկիզողի բացահայտումով, բայց քանի որ այդ չի արվել, իսկ ես համոզված եմ (կարծում եմ՝ նաեւ շատերը), որ ԱԱՆ-ն ցանկության դեպքում կարող է իմանալ ցանկացած օպերատիվ տեղեկություն։ 2. Ինչպես նկատում եք, երկրորդ փաստարկս, որ ներկայացնում եմ, հրկիզված ավտոբուսիս լուսանկարն է, որը կատարվել է դեպքի հաջորդ առավոտյան։ Տեղեկացնեմ, որ այս դիրքից ՆԳՆ մասնագետի կողմից նկարած լուսանկար կա նաեւ քրգործի նյութերում։ Ուշադրություն դարձրեք ավտոբուսի աջ կողմի 4-րդ եւ 5-րդ պատուհաններին, որը նշում եմ շրջանակով։ Ինչպես նկատում եք, պարզ երեւում է նշված պատուհանների վերեւի մասում կրակից ու ծխից առաջացած՝ սեւացած հետքը, որը խոսուն ապացույցն է, որ հրդեհից առաջացած կրակն ու ծուխը դուրս են եկել այդ տեղից։ Իսկ ահա նախաքննության ընթացքում հրդեհի առաջացման հանգամանքները հետազոտող մասնագետները, առանց ուշադրություն դարձնելու այդ հանգամանքին, շտապում են եզրակացության գալ, որ, իբր, կրակի աղբյուրը ներսից է եղել։ Նման եզրակացության չէր կարող հանգել ոչ մի փորձագետ, բայց քանի որ կա նման եզրակացություն, ապա համոզված եմ, որ այն գրվել է ոչ թե հետազոտության արդյունքում, այլ ինչ-որ մեկի քմահաճությամբ։ Լուսանկարին նայելով՝ կարելի է զարմանալ ու թիվ 10 հրշեջ մասի աշխատակից՝ հրդեհաշիջման ղեկավար, ն/ծ լեյտենանտ Վ.Ալավերդյանին հարց տալ՝ ինչ շահագրգռվածությամբ է կեղծ ցուցմունք տվել, որ կրակը մարելու համար փորձել են դուռը բացել, որը չկարողանալով՝ կոտրել են կողային պատուհանները։ Եվ ավելացնում է, որ. «…Մինչ այդ, ոչ մի ապակի վնասված չի եղել»։ Ուշադրություն դարձրեք նաեւ այն հանգամանքին, որ վերը նշված հատվածը չէր կարող այրվել ու մրոտվել հրշեջների կողմից ապակիները կոտրելուց հետո, քանի որ նման դեպքում պետք է, որ նմանատիպ հետքեր մնային աջ կողմի բոլոր կոտրված պատուհանների վերնամասերում։ Զարմանալի է նաեւ, որ գործում առկա նման ծանրակշիռ փաստ հանդիսացող լուսանկարի վերաբերյալ եզրակացություն անելու եւ այդ կապակցությամբ օդերեւութաբանական ծառայությունից հունիսի 25-ի գիշերվա ժամը 1-ի սահմաններում քամու ուղղությունը պարզելու փոխարեն, արդարադատության նախարարության փորձագետը իր եզրակացության հիմքը համարում է հրշեջների ակնհայտ սուտ ցուցմունքը եւ կարծիք արտահայտում, որ, իբր, հրդեհի աղբյուրը ավտոբուսի ներսից է եղել։ Այսքանից հետո պարզ է դառնում, որ համապատասխան մարմինները շահագրգռված չեն գործի բացահայտումով։ Իմ բողոքն եմ հայտնում նաեւ ՀՀ քր.դատ. օր-ի 258 հոդվածի 1-ին մասը խախտելու կապակցությամբ, քանի որ սեպտեմբերի 3-ին կասեցվել է քրգործը, սակայն ես մինչ այսօր պաշտոնապես տեղեկացված չեմ եւ չգիտեմ կասեցման հիմնավորումը։ Տեղեկացնեմ նաեւ, որ հրաժարվել եմ մոխրակույտ դարձած ավտոբուսը ի պահ ստանալ, քանի որ կատարել եմ մի քանի լրացուցիչ միջնորդություններ, ինչպես նաեւ հաշվի առնելով փորձագետների կատարած թերի գործողությունները, պատրաստվում եմ առաջիկա օրերին հանդես գալ նոր միջնորդությամբ, որը վերաբերելու է դեպքի վերարտադրմանը։ Այդ իսկ պատճառով էլ նպատակահարմար եմ գտնում եւ պահանջում եմ ավտոբուսը չտեղաշարժել։ Թիվ 13111101 քրեական գործով տուժող՝ Վ.Ղուկասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել