Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի կարեւոր իրադարձությունների կենտրոնում լինելով, միացած ահաբեկչության դեմ պայքարին, նաեւ օգնել

Հոկտեմբեր 25,2001 00:00

Է՛լ տնտեսություն, է՛լ կառավարում, է՛լ զարգացում Աշխարհի կարեւոր իրադարձությունների կենտրոնում լինելով, միացած ահաբեկչության դեմ պայքարին, նաեւ օգնելով Աֆղանստանի խաղաղ բնակչությանը՝ ՄԱԿ-ը երեկ նշում էր հոկտեմբերի 24-ը՝ իր իսկ օրը։ Այս տարին էլ կազմակերպության համար նշանակալից է, քանի որ ՄԱԿ-ը խաղաղասիրական, մարդու իրավունքների պահպանման ու աղքատության դեմ պայքարի գործունեության համար արժանացել է Նոբելյան մրցանակի։ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը իր օրը նշեց «Էլեկտրոնային զարգացումը եւ Հայաստանը։ Գլոբալ մարդկային զեկույց 2001» աշխատանքի շնորհանդեսով։ Հայաստանի համար տարին նշանակալից է այնքանով, որ աշխարհի 162 երկրների համեմատությամբ, անցյալ տարվա 93-րդ տեղից Հայաստանը թռիչք է կատարել դեպի 72-րդը։ Պատճառներից նշվեցին տնտեսական աճ, կյանքի տեւողություն, կրթական մակարդակ պարամետրերով՝ Հայաստանի առաջընթացն այս տարի։ Ավելի արժանահավատ հնչեց մեկ այլ պատճառ. անցյալում համեմատությունն անցկացվել է 174 երկրների միջեւ, այս տարի՝ 162։ «Զեկույցի» կարգախոսն է. «Նոր տեխնոլոգիաների օգտագործումը ի շահ մարդկային զարգացման»։ Ըստ այդմ, այստեղ «քննարկվում է հատկապես այն հարցը, թե նոր տեխնոլոգիաներն ինչ ազդեցություն կունենան զարգացող երկրների եւ բնակչության կարիքավոր խավերի վրա»։ Նոր տեխնոլոգիաները փորձանք կամ, ինչպես «Զեկույցում» է ավելի կոռեկտ բնութագրվում, «մեկուսացման աղբյուր» կարող են դառնալ զարգացող երկրների համար։ Հայաստանը, ինչպես նշվեց երեկ, դասական տիպի աղքատ երկիր չէ։ Դասական ասվածը այն դեպքն է, երբ աղքատության բարձր մակարդակը պայմանավորված է երկրի բնակչության կրթվածության ցածր մակարդակով։ Իսկ մեզ մոտ, Փառք Աստծո, ովքե՞ր են շատ՝ կրթվածները։ Այ, որպեսզի Հայաստանը «չմեկուսանա», իսկ մենք կասեինք՝ փորձանքի մեջ չընկնի, «Էլեկտրոնային զարգացումը եւ Հայաստանը» ակնարկի հեղինակ, Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրեն Գարեգին Չուքասզյանն ընթանալու մի ուղի է նշում՝ «տեղեկատվական հասարակություն», «գիտելիքի հասարակություն», «էլեկտրոնային զարգացում»։ Վերջինը «ենթադրում է այնպիսի հասարակություն, որը լայնորեն օգտագործում է «էլեկտրոնային միջնորդավորվածության» վրա հիմնված ցանցեր եւ տեխնոլոգիաներ, արտադրում էլեկտրոնային տեղեկատվություն եւ հաղորդակցության ապրանքների ու ծառայությունների մեծ քանակ եւ ունի «էլեկտրոնային բովանդակության» հարուստ արդյունաբերություն»։ Կոպիտ ասած՝ վերջին նախադասության բոլոր գոյականներին ավելացրեք «էլ» նախածանցը, եւ ամեն ինչ պարզ կլինի։ Իսկ Հայաստանը՝ ամուր հիմք ունենալով իր հարուստ լեզվամշակութային ավանդույթները, ի վիճակի է վերաիմաստավորելու նոր մշակութային ինքնությունը եւ կկարողանա ստեղծել էլեկտրոնային բովանդակության արդյունաբերություն, հզոր տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների հատված, էլ-տնտեսություն, ինչպես նաեւ, որպես ամբողջություն, տեղեկատվական հասարակություն, կարծում է ակնարկի հեղինակը։ Իսկ մենք կարծում ենք, որ ՀՀ իշխանություններին անընդհատ պետք է հիշեցնենք, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը հայտարարել են երկրի զարգացման գերակայություններից։ Համենայն դեպս։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել