ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐ Վերջերս հանրապետության նախագահի՝ Շիրակի մարզում տված հարցազրույցից հետո, ընդդիմադիր եւ իշխանամետ մամուլում բանավեճ է ծավալվել, որում համեմատվում է Երեւանի նախկին եւ ներկա քաղաքապետերի գործունեությունը։ Ընդհանրապես, անպտուղ եւ անիմաստ համարելով այդ գործը, ես ստիպված եմ միջամտել, քանզի ինձ բախտ է վիճակվել աշխատել ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա քաղաքապետերի օրոք ու ղեկավարել վիճահարույց հարցերին առնչվող Երեւանի քաղաքապետարանի Անշարժ գույքի կառավարման վարչությունը՝ 2000-ի փետրվար ամսից մինչեւ 2001թ. մայիս ամիսը։ Նախ՝ հրապարակվող թվերի մասին։ 2000-ին հատկացվել է 250 հա հողատարածք եւ դրա դիմաց հավաքագրվել է 152 մլն դրամ, իսկ 2001-ին 92 հա եւ դրա դիմաց՝ 218 մլն դրամ։ Պետք է հիասթափեցնեմ սենսացիա որոնող ընթերցողին։ 218 մլն դրամը հավաքագրվել է ոչ թե 92 հա-ի դիմաց, այլ 96, 97, 98, 99, 2000, 2001թթ. հողահատկացումների դիմաց։ Օրինակ, եթե որեւէ քաղաքացու 1999-ին վարձակալությամբ հատկացվել է 2000 քմ հողատարածք 10 տարի ժամկետով, ապա նա յուրաքանչյուր տարի, այն է՝ 99, 00, 01, 02 եւ այլն վճարելու է հողի վարձ՝ մինչեւ վարձակալության ժամկետի ավարտը։ Նույնը, բնականաբար, վերաբերում է նաեւ 2000-ին հավաքագրված 152 մլն դրամին։ Հետեւապես, այն պնդումները, թե 2001-ին 2000-ի նկատմամբ 4 անգամ ավելի գումար է հավաքվել, պարզապես լուրջ չեն։ Իսկապես, 2001-ին ավելի շատ գումար է հավաքվել, քան 2000-ին։ Այստեղ ես կցանկանայի նշել երկու հանգամանք։ Նախ՝ վարձավճարների հավաքագրման աճը բնական եմ համարում, քանի որ տարեցտարի աճում է հատկացված հողատարածքների ընդհանուր մակերեսը եւ այդ 92 հա-ի մակերեսը գումարվել է նախորդ տարիների հողահատկացումներին։ Երկրորդ, 2000-ին իմ կողմից ղեկավարվող վարչությունը ձեռնամուխ եղավ վարչությունում առկա վարձակալների վերաբերյալ արխիվի արդիականացմանը։ Այդ աշխատանքները սկսվել են 2000-ի օգոստոսին եւ ավարտվել 2001-ի փետրվարին։ Արդյունքում մենք ունեցանք ժամանակակից համակարգչային տվյալների բազա, որը հնարավորություն ընձեռեց ճշտել հողի վարձակալների քանակը, հատկացված հողատարածքների չափը, դրանց հասցեները, վարձավճարների պարտք ունեցողների ցանկը, նշանակել գումարների հավաքագրման պատասխանատուներին եւ այլն, այսինքն՝ ստեղծել գումարների հավաքագրման արդյունավետ մեխանիզմ։ Սրա հետեւանքը զգացնել տվեց 2001-ին, երբ այդ 218 մլն դրամից 110 մլն դրամը հավաքագրվեց ընդամենը հունվար-ապրիլ ամիսների ընթացքում։ Հաջորդ հարցը վերաբերում է Երեւանյան լճի մոտ Ամերիկյան դեսպանատանը հատկացված հողատարածքի գործարքին։ Իրականությունը հետեւյալն է. 2000-ին ես պատիվ եմ ունեցել այդ հարցի շուրջ բանակցել ամերիկյան կառավարության ներկայացուցիչ պրն Մայքլ Լաշի հետ։ Բանակցությունները տեւել են շուրջ 4 ամիս եւ ընթացել են բավական ծանր։ Խնդիրն այն էր, որ ես՝ հաշվի առնելով որոշ հանգամանքներ, պնդում էի, որպեսզի ամերիկյան կողմը այդ 8,5 հա հողատարածքի համար վճարի ոչ թե 2 մլն, այլ 2 մլն 300 հազար ԱՄՆ դոլար, իսկ պրն Լաշը հրաժարվում էր։ Ի վերջո, սակայն, երկարատեւ բանավեճերից հետո, մեզ հաջողվեց գալ համաձայնության հետեւյալ տարբերակով. ամերիկյան կողմը վճարում է 2 մլն դոլար, բայց ոչ թե 8,5, այլ 7,5 հա-ի դիմաց։ Արդյունքում՝ տնտեսվեց 1 հա հողատարածք եւ 2000-ի դեկտեմբերին այն ժամանակվա քաղաքապետ Ա. Բազեյանի եւ ԱՄՆ-ի դեսպան Մ. Լեմոնի կողմից ստորագրվեց համապատասխան պայմանագիրը։ Իսկ ահա 2000-ին արդեն քաղաքապետարանը դեսպանատնից, ի ուրախություն բոլորիս, ստացավ առաջարկություն՝ 1 հա հողատարածք լրացուցիչ գնելու համար, բնականաբար, լրացուցիչ վճարելու պայմանով։ Հետեւությունները թողնում եմ ընթերցողին։ Եվ վերջին հարցը, որը վերաբերում է 2001-ի գույքի օտարումից ստացված 808 մլն դրամին։ Նախ՝ ավելորդ անգամ հիշեցնեմ, որ Երեւանի քաղաքապետարանը սեփականության սուբյեկտ չէ, չունի սեփական բյուջե եւ պետական գույքի օտարման իրավասությունը ՀՀ կառավարությանն է։ Այլ խնդիր է, որ քաղաքապետարանը կարող է եւ պարտավոր է զանազան նախաձեռնություններով հանդես գալ կառավարությունում, որպեսզի կարողանա լուծել իր առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրները։ Անկեղծորեն ուրախանալով Ռ. Նազարյանի եւ նրա թիմի ձեռքբերումներով այս ոլորտում, ցանկանում եմ, սակայն, նշել մեկ փաստ։ 2001-ին գույքի օտարումից ստացված 808 մլն դրամի առյուծի բաժինը (մոտ 500 մլն դրամը) գոյացել է «Մանկական աշխարհ» հանրախանութի վաճառքից։ Մինչդեռ 2000-ին Երեւանի քաղաքապետարանը հայցով դիմել էր դատարան՝ ընդդեմ «Ունիվերսալ սերվիս» կոոպերատիվի, որն այդ ժամանակ տնօրինում էր հանրախանութը՝ վարձավճարների գանձման եւ տարածքից վտարման պահանջով։ Բնականաբար, այդ ժամանակ հանրախանութը վաճառել անհնար էր։ Ի վերջո, կառավարության որոշմամբ հանրախանութը նվիրաբերվեց Երեւանի Կենտրոն համայնքին՝ պայմանով, որ այն վաճառվի եւ վաճառքից գոյացած գումարը տրամադրվի քաղաքապետարանին՝ համաքաղաքային ծախսերը հոգալու համար։ Կասկածում եմ, որ այս ամենին մեր հանրությունը քաջատեղյակ է, եւ մնում է միայն զարմանալ այն լրատվամիջոցների վրա, որոնք այս փաստը անտեսում են։ Ինչեւիցե։ Կարծում եմ, որ գործադիր համակարգի արդյունավետ աշխատանքի գրավականներից է նաեւ իրականացվող կամ մտահղացվող ծրագրերի աշխատանքների շարունակականությունը, անկախ այն բանից, թե այս կամ այն գերատեսչության ղեկավարի պաշտոնը տվյալ պահին զբաղեցնող անձը ինչ քաղաքական դավանանքի է։ Ի վերջո, ամեն անգամ քարը քարի վրա չթողնելով եւ նորից սկսելով, տուն չես կառուցի… ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆ