ԱԼԻԵՎԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՎ Նրան կաջակցի՞ Ռուսաստանը «Թուրան» գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի՝ հոկտեմբերի 23-ին, ընդունելով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Ադրիան Սեւերինին, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը սկզբունքային դիրքորոշում չի ցուցադրում հայ-ադրբեջանական հակամարտությունում տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքի պահպանման առնչությամբ։ «Կա՛մ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է սկզբունքային դիրքորոշում ցուցաբերի այդ հարցում, կա՛մ մենք պետք է մեր հողերն ազատագրենք ռազմական ճանապարհով»,- ասել է Ալիեւը։ Հաղորդելով այս վերջնագրի մասին՝ «պատերազմ, հանուն իր օկուպացված հողերի ազատագրման», ադրբեջանական լրատվամիջոցները դրան զուգահեռ ներկայացրել են մի լուր, ըստ որի՝ Ադրբեջանի ՆԳ նախարար Ռամիլ Ուսուբովի հետ բանակցությունների ավարտից հետո ՌԴ ՆԳ նախարար Բորիս Գռիզլովը հայտարարել է, թե Ադրբեջանին Մոսկվայի քաղաքական աջակցություն ցույց տալու հարցերը կարող են քննարկվել, եթե պաշտոնական Բաքուն, այնուամենայնիվ, որոշի հակաահաբեկչական գործողություններ անցկացնել Ղարաբաղում։ «Արմինֆո» գործակալության Բաքվի աղբյուրները նշել են, որ «Ղարաբաղում հակաահաբեկչական գործողությանը Մոսկվայի հնարավոր աջակցության մասին Ռուսաստանի նախարարի հայտարարությունն արդեն կարելի է համարել սենսացիոն»։ Ի՞նչ է այս ամենին հակադրել Հայաստանը։ Երեկ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ԱԺ-ում լրագրողներին ասաց. «Եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, դա կլինի Ադրբեջանի պատմության վերջի սկիզբը»։ Իսկ նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը, որին դիմեցինք Ադրբեջանի նախագահի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով, խորհուրդ տվեց բավարարվել պաշտպանության նախարարի պատասխանով։ Ա. Ի.