Եվ դարձյալ համաներման մասին Երեկ կառավարության հետ ԱԺ-ի հարցուպատասխանի ընթացքում դարձյալ անդրադարձ եղավ «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառելու օրինականության խնդրին։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանելով «Հայաստան» պատգամավորական խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանի այն հարցին, թե արդյոք կարո՞ղ են նորից կալանավորվել համաներմամբ անարդարացիորեն ազատ արձակված անձինք, ասաց. «Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանի Հանրապետությունում առաջին համաներումը չէր դա։ Մենք ունեցել ենք մի քանի համաներումներ եւ եթե մոռանանք այս համաներումը, եւ ենթադրենք, կիրառեինք, օրինակ, անցած կամ նախանցած համաներումը, այն դարձյալ կտարածվեր բոլոր այդ անձանց վրա։ Այնպես որ, որեւէ առանձնահատուկ բան ներմուծված չէր այս համաներման մեջ։ Ընդհանուր մոտեցում էր, եւ մենք ընդհանրապես դեմ ենք, որ համաներումը կիրառվի կոնկրետ անձանց նկատմամբ։ Այսինքն, փորձես այնպես հարմարեցնել համաներումը, որ է՛ս անձի նկատմամբ կիրառվի, է՛ս անձի նկատմամբ չկիրառվի»։ Արդարադատության նախարարը եւս մեկ անգամ շեշտեց, որ բացի մեկ համաներումից՝ մնացած բոլոր դեպքերում նույնն են եղել հոդվածները, որոնց վրա տարածվել է համաներումը։ Հարցուպատասխանից հետո Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք վստա՞հ է, որ նախորդ համաներումները տարածվել են Քրօրի 84 հոդվածի վրա՝ «Պետական հանցագործությունների մասին չհայտնելը»։ Հիշեցնենք, որ այս հոդվածով էր մեղադրանք առաջադրված «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությանը նախապատրաստական փուլում մասնակցած Արմեն Հարությունյանին, որը համաներման շնորհիվ ազատ արձակվեց։ «Վստահ եմ,- պատասխանեց պրն Հարությունյանը։- Համեմատել եմ»։ Մինչդեռ ՀՅԴ-ն ժամանակին մատնանշում էր այն իրողությունը, որ նախորդ համաներումը չտարածվեց հանցագործությունների մասին չհայտնելու հոդվածի վրա, քանզի հենց այդ մեղադրանքն էր առաջադրված «Դրո» եւ «Վահան Հովհաննիսյան+30» գործերով անցնող որոշ դաշնակցականների։ Մեր այս հիշեցմանն ի պատասխան՝ արդարադատության նախարարն ասաց. «Կարծում եմ, ճիշտ չեն ասում, քանի որ վստահ եմ, որ այն հոդվածները, որոնք կան այս համաներման մեջ՝ նախորդի համեմատ փոփոխություն չեն կրել։ Մի համաներում է եղել ընդամենը՝ կարծեմ 1995-ին կամ 1996-ին, որը չի տարածվել այս հոդվածների վրա։ Ես ուսումնասիրել եմ, որ տեսնեմ՝ իսկապես մենք սխալվե՞լ ենք, թե՞ սա մեր ընդհանուր մոտեցումն է եղել»։ Իսկ արդյոք ուսումնասիրե՞լ է պրն նախարարը՝ քանի՞սն էին Հայաստանում մեղադրվում պետական հանցագործության մասին չհայտնելու մեջ, այդ հոդվածով ուրիշ որեւէ մեկի նկատմամբ կիրառվե՞լ է համաներում։ Մեր ունեցած տեղեկություններով, նման մեղադրանք առաջադրված էր միայն «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին ամբաստանյալ Արմեն Հարությունյանին, եւ նա ազատվեց պատժի կրումից։ Արդարադատության նախարարն այս հարցին ի պատասխան ուսերը տարակուսած վեր քաշեց. «Չգիտեմ։ Ի դեպ ասած, այդ վիճակագրությունը մեր նախարարությունում ո՛չ կա, ո՛չ էլ կար։ Չեմ կարող ասել։ Մենք դրա հետ որեւէ առնչություն չունենք։ Սա ավելի շատ կոնցեպտուալ նախարարություն է, եւ մենք հարցերին մոտենում ենք կոնցեպտուալ տեսանկյունից եւ ոչ թե հաշվո՜ւմ ենք, հաշվո՜ւմ»։ Քանի որ այս կոնցեպտուալ կառույցը նման վիճակագրությամբ չի զբաղվում՝ այլեւս անիմաստ էլ էր հարցնելը, թե բացի «Հոկտեմբերի 27»-ից, էլ քանի՞ արդեն դատավարությունը սկսված քրգործերի նկատմամբ կիրառվեց համաներումը։ Մինչդեռ նման վիճակագրությունը անհրաժեշտ կլիներ այն մեղադրանքներին պատասխանելու համար, որ այս գործի վրա համաներում տարածելով՝ իշխանություններն ապացուցեցին, որ հովանավորում են ահաբեկիչներին։ Ի դեպ, Մյասնիկ Մալխասյանը նաեւ հետաքրքրվել էր, թե արդյոք կատարվո՞ւմ է Եվրախորհրդի Հայաստանին առաջադրած այն պահանջը, ըստ որի՝ պատգամավորները պետք է բավարար չափով տեղեկացված լինեն «Հոկտեմբերի 27»-ի գործի քննության մասին։ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Արդարադատություն իրականացնող մարմինները երբեք որեւէ մեկին չեն տեղեկացնում դատավարության ընթացքի մասին։ Դրա համար ժողովրդավարական երկրներում գոյություն ունի մեկ պարզ ինստիտուտ՝ դռնբաց դատավարություն»։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ