Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կամ ո՞ւմ բյուջեն այն կհամալրի

Հոկտեմբեր 25,2001 00:00

ԵՎՍ ՄԵԿ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄ Կամ ո՞ւմ բյուջեն այն կհամալրի Հոկտեմբերի 4-ին ՀՀ կառավարության թիվ 808 որոշման համաձայն, «Երառսպասարկում» ՊՓԲԸ-ի գույքի մաս կազմող՝ Երեւանի Պարոնյան 8 հասցեում գտնվող շենքը՝ 1500 քմ ընդհանուր տարածքով, որպես պետական սեփականություն, հանձնվել է ՀՀ կառավարության աշխատակազմի տնօրինությանը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին էլ միաժամանակ հանձնարարվել է հիշյալ շենքը 54 հազար դրամ արժեքով, կամ մոտ 100 ԱՄՆ դոլարով վաճառել «Սամվել 10» ՍՊԸ-ին՝ պայմանով, որ վերջինս կպարտավորվի ՀՀ կառավարության աշխատակազմին ազատել 40 մլն դրամի պարտքի վճարման պարտավորությունից: Կառավարության սույն որոշմանը, ի դեպ, նախագահ Քոչարյանը զարմանալի օպերատիվությամբ արձագանքել է՝ հենց նույն օրը վավերացնելով հերթական ապօրինի եւ օրենքի բազմաթիվ խախտումներով իրականացված սեփականաշնորհումը: Ընդ որում, պարոն Քոչարյանն այս անգամ հաստատ չի կարող պարծենալ, թե դա նոր դարի ամենալավ գործարքն է: «Սեփականաշնորհում» ասվածն էլ, իհարկե, այս դեպքում մի քիչ հարաբերական իմաստ ունի, քանի որ Պարոնյան 8 հասցեում գտնվող շենքը, որի կոլեկտիվն այսօր, փաստորեն, հայտնվել է դրսում, ըստ էության, ոչ թե սեփականաշնորհվել, վաճառվել է, այլ՝ նվիրաբերվել «Սամվել 10» շինարարական ընկերությանը, որն այս տարի շինարարական աշխատանքներ է իրականացրել Կառավարական ընդունելությունների տանը, եւ որոնք, ըստ լավատեղյակ աղբյուրների, գերազանցել են պետական բյուջեով այդ նպատակով հատկացված գումարի չափը: Իհարկե, եզակի չեն այն դեպքերը, երբ շինաշխատանքներ կատարած ընկերությունների հասանելիք գումարը պետությունը, մեղմ ասած, ժամանակին չէր տալիս: Այդպես էր ԱԳՆ-ի շենքի շինարարական աշխատանքներն իրականացրած ընկերության պարագայում: Իսկ այս մի դեպքում կառավարությունը զարմանալի ճարպկություն ու գործարարություն է դրսեւորել՝ «Սամվել 10» ՍՊԸ-ի հետ հաշիվները մաքրելու համար: Բնականաբար, միանգամից մի քանի հարց է առաջանում. նախ՝ ո՞վ է այդ ընկերության հովանավորը, ինչո՞ւ է ՀՀ կառավարությունն իրեն պարտավորված զգում այդքան շատ նվիրատվություններ անել հիշյալ ՍՊԸ-ին: Բանն այն է, որ վերջինիս իշխանությունները նաեւ մեկ-երկու հողահատկացումներ են արել, որոնց ավելի ուշ դեռ կանդրադառնանք: Հանուն արդարության հարկ է տեղեկացնել, որ Պարոնյան 8 հասցեում գտնվող շենքը սեփականաշնորհման ցանկում էր հայտնվել շատ վաղուց՝ դեռ 96-97 թվերին: Սեփականաշնորհումն անընդհատ հետաձգվել էր, ինչի կապակցությամբ 98-ին այդ շենքում տեղավորված «Երառսպասարկում» ՍՊԸ-ի դուստր ձեռնարկությունների՝ «Լուսանկարչատների», «Վարսավիրանոցների» ու «Նոր-Տարազի», կոլեկտիվները, որոնք մտադիր էին գնել շենքը, բողոքել էին 2 տարի շարունակվող քաշքշուկից: Վերջիններիս դիմում-բողոքներով, ի դեպ, զբաղվել էր այն ժամանակ դեռեւս ՀՀ նախագահի աշխատակազմի Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Վարդանյանը: Վերջինս 98-ի հոկտեմբերին դիմել էր նախկին վարչապետ Արմեն Դարբինյանին՝ «…հասարակական հնչեղություն ունեցող վերոհիշյալ հարցին միջամտելու եւ վերջնական լուծում տալու համար»: Հարցը, ինչպես երեւում է, իհարկե, չէր լուծվել: Փոխարենն, այսօր արդեն՝ պետական գույքի կառավարման նախարարը ոչ մի ծպտուն չի հանում իրեն ավելի քան քաջածանոթ այս խնդիրը գոնե օրենքի սահմաններում լուծելու համար: Իսկ որ այնտեղ կան օրենքի խախտումներ՝ անվիճելի է: Նախ՝ խնդրո առարկա շենքը, որը ԱԺ-ի հաստատմամբ ներառված էր նաեւ մասնավորեցման 2001 թ. ծրագրում, չգիտես ինչպես ու շատ ծածուկ, հանվել է ցանկից: Երկրորդ՝ որեւէ օբյեկտ սեփականաշնորհելիս, ըստ օրենքի պահանջի, առաջնայնություն է տրվում այնտեղ աշխատող կոլեկտիվին: Այդ պահանջն այս դեպքում ակնհայտորեն խախտվել է, թեեւ «Երառսպասարկում» ՊՓԲԸ դուստր ձեռնարկությունների կոլեկտիվները պատրաստ են եղել գնել շենքը ոչ թե 40 մլն, այլ՝ 176 մլն դրամով. այնքան, որքան գործող կարգի համաձայն գնահատվել է այդ շենքը: Այսինքն, եթե շենքը մասնավորեցվեր կոլեկտիվին, ինչը քննարկման առարկա չի էլ դարձել, ապա կառավարությունը կարող էր նաեւ մարել «Սամվել 10» ՍՊԸ-ի նկատմամբ ունեցած պարտավորությունը: Եթե կոլեկտիվը նույնիսկ հրաժարվեր գնելուց եւ հայտ չներկայացներ, ապա, միեւնույն է, շենքը պետք է վաճառքի դրվեր մրցույթով կամ աճուրդով, որն այս դեպքում դարձյալ տեղի չի ունեցել: Ավելին, ֆինանսական սուղ պայմաններում հայտնված հանրապետությունը, ըստ կառավարության, երեւի թե իր բյուջեում «ավելորդ» փողերի համար տեղ չունի: Այլապես պարզ չէ, թե ինչու է կառավարությունը նպատակահարմար գտել այդ շենքն օտարել «գեղական» կարգով եւ շրջանցելով պետական գույքի օտարման օրինական ճանապարհը, որի դեպքում Պարոնյան 8 հասցեում գտնվող շենքի մասնավորեցումից ստացվող գումարը պետք է ուղղվեր հատուկ հաշվեհամար ու ապա իր արտացոլումը գտներ պետական բյուջեում: «Սամվել 10» ՍՊԸ-ին վաճառելու արդյունքում, ըստ էության, պետբյուջե ոչ մի լումա չի մուտքագրվելու: Հարց է առաջանում. հավելյալ գումարը կառավարության փորը ծակելո՞ւ էր, թե՞ իրականում այն համալրելու է առանձին պաշտոնյաների անձնական ու ընտանեկան բյուջեն: Հակառակ դեպքում, ընդունեք, փարիսեցիություն է այսօր Երեւանի կենտրոնում գտնվող 1500 քմ տարածքով շենքը վաճառել 100 դոլարով, եթե հայտնի է, որ քաղաքի կենտրոնում 1քմ-ն արժե 300-500 ԱՄՆ դոլար: Ասել է թե, 1500 քմ տարածքը նույնիսկ 1քմ-ն 300 դոլարով վաճառելու արդյունքում կարելի էր ստանալ ոչ թե 40 մլն դրամ (կամ 80 հազար դոլար), այլ՝ 450 հազար դոլար: Իհարկե, խնդրո առարկա շենքում երկար տարիներ հանգրվանած կոլեկտիվը ձեռքերը թափ չի տվել ու չի հրաժարվել իր օրինական շահերը պաշտպանելու իրավունքից: Ս.թ. հոկտեմբերի սկզբներին նա դիմել է պետական գույքի կառավարման նախարարությանը՝ իր իրավունքները վերականգնելու համար ու ստացել հետեւյալ պատասխանը. «Ձեր կողմից բարձրացված հարցը՝ նշված շենքը կոլեկտիվին վաճառելու վերաբերյալ նախարարության իրավասության շրջանակներից դուրս է»: Մնում է զարմանալ, թե այդ հարցը էլ ո՞ր նախարարության իրավասության տակ է, եթե ոչ՝ պետական գույքի կառավարման: Ամեն դեպքում, հիշյալ խնդրով զբաղվող մարդիկ հավաստիացրին, թե այն շատ խոր ու մութ խութեր ունի, որոնք արժե լավ ուսումնասիրել, ինչը մենք խոստանում ենք անել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել