Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խորհրդարանը

Հոկտեմբեր 25,2001 00:00

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՕՐԵՆՔԻ ԴԱՇՏ ԵՆ ԲԵՐՈՒՄ Խորհրդարանը երեկ սկսեց «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկումը։ Այն ԱԺ-ին է ներկայացվել դեռեւս մարտի 27-ին եւ գրեթե բոլոր խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունները քննարկել են ներկայացված նախագիծը, եւ, կարծես թե, արվել են համարժեք առաջարկներ։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը ներկայացնելով հանձնաժողովի կարծիքը, կարեւորեց մի շարք հարցեր, որոնք հարկ է փոփոխությունների ենթարկվեն։ Հիմնական զեկուցողը, օրենքի նախագիծը ներկայացնող Ստեփան Զաքարյանը հայտնեց, թե օրենքի հեղինակները պատրաստ են հաշվի առնել բոլոր առաջարկները եւ, որ դա չի լինելու մեկ ուժի ներկայացրած օրենք, այլ՝ ՀԺԿ-ն շահագրգիռ է, որպեսզի ընդունվի բոլոր քաղաքական ուժերի կողմից ընդունելի օրենք։ Բոլորը շատ նուրբ հարց էին համարում կուսակցությունների լուծարման խնդիրը։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի դիրքորոշման հետ, կարծես թե, համաձայն էր նաեւ հիմնական զեկուցողը։ Իսկ դիրքորոշումը հետեւյալն է՝ կուսակցությունների լուծարումը պետք է կապել ընտրություններին նրանց մասնակցության հետ։ Նախագծում ամրագրված է, որ եթե կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ 2 տոկոսից պակաս ձայներ է հավաքում, ապա լուծարվում է։ Փորձ արվեց համոզել, որ լուծարման դեպքում պատնեշ կհամարվի ընտրություններին մասնակցության խնդիրը, իսկ 2 տոկոսի հետ կապված հարցը կանոնակարգել այնպես, որ բավարար քանակի ձայն չհավաքած կուսակցությունը չֆինանսավորվի պետության կողմից։ Այսինքն՝ կիրառել ֆինանսական լծակներ։ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի դիտարկմամբ, օրենքի պակասն, անշուշտ կա. «Ամենակարեւոր հարցը, որին ես կողմ չեմ, դա կուսակցություններ լուծարելու հարցն է։ Այսինքն՝ միշտ պատժելու մասին ենք մենք մտածում, փոխանակ՝ խրախուսենք։ Լավ, 100 կուսակցություն չլինի, թող 500 կուսակցություն լինի։ Մի տեղ կգրանցվեն, ընտրությունների կմասնակցեն-չեն մասնակցի… Ես չեմ կարծում, որ դա կարեւոր հարց է եւ պետք է նայել։ Հաջորդ հարցը, որ բոլորիս շատ հուզում էր, հետեւյալն է. մենք ուզում ենք, որ կուսակցությունները մեծ լինեն, եւ թվում էր, որ եթե թիվ գրես՝ 3 հազար, 5 հազար, ուրեմն մեծ կուսակցություն ես։ Բայց, քննարկումը ցույց է տալիս, որ ճշտել կուսակցությունների անդամների քանակը, գրեթե հնարավոր չի։ Ստիպված պետք է վստահես կուսակցության ասածին»։ Ըստ Վազգեն Մանուկյանի, վտանգավոր է գրել կուսակցության անդամների բոլոր տվյալները, քանի որ. «96 թվին երեւի իշխանությունները շատ կուզենային ԱԺՄ-ի բոլոր անդամների ցուցակներն իմանալ»։ Վտանգավոր է այս տեսակետից, ասում է Վազգեն Մանուկյանը եւ առաջարկում. «Կուսակցությունների մասին» օրենքը պետք է խրախուսի կուսակցությունների մեծացումը, պետք է կարողանա ֆինանսական հարցերը լուծել, որովհետեւ բոլոր կուսակցությունների ֆինանսական հարցերը, ինչ-որ իմաստով, անլեգալ են։ ՀԺԿ անդամ Ստեփան Զաքարյանի ներկայացմամբ, հատկապես խորհրդարանից դուրս գտնվող կուսակցությունների կարծիքները լսելուց հետո, օրենքի հեղինակների «կեցվածքը որոշ չափով մեղմացավ, որովհետեւ մենք գտնում ենք, որ չի կարելի արհեստական ձեւով ստիպել, որպեսզի կուսակցությունները խոշորանան: Ընդունում ենք, որ մեր օրենքում այդ չափորոշիչները որոշ չափով խիստ են դրված»։ Ստեփան Զաքարյանը կարծիք հայտնեց, որ «այսօրվա իշխանություններին չի կարելի թույլ տալ, որ մոնիտորինգի միջոցով հնարավորություն ունենան որոշել այս կամ այն կուսակցության անդամների թվաքանակը։ Կան խնդիրներ, որ ընդհանրապես կապված են մեր իրավական, դատական համակարգերի հետ, այն բանի հետ, թե մեր պետական ծառայողները որքանո՞վ են քաղաքականացված։ Մենք գիտենք, որ չինովնիկն անկախ չէ, եւ թույլ տալ այդ չինովնիկին, մոնիտորինգ անցկացնել եւ որոշել կուսակցության ճակատագիր, չի կարելի։ Հենց այստեղ են առաջանում բոլոր խնդիրները»։ Ըստ Ստեփան Զաքարյանի, այդ խնդիրները եվրոպական որեւէ երկրում չեն առաջանում, այլ՝ մեզ մոտ, եւ, պարզապես, անհրաժեշտ է գտնել նաեւ այն ձեւը, որով կուսակցությունները անկախ կլինեն բյուրոկրատիայից, չինովնիկությունից։ Ակնհայտ է, որ կուսակցությունների ներկայացուցիչներին «Կուսակցությունների մասին» օրենքի քննարկումների ժամանակ երկու հարց էր ամենից շատ հուզում՝ կուսակցությունների անդամների թվաքանակի եւ ֆինանսավորման հարցերը։ Սա, անշուշտ, հասկանալի է, քանի որ առավել գլխավոր թեմաներն են որեւէ կուսակցության համար։ ՀՅԴ խմբակցության անդամ Կիմ Բալայանի կարծիքով, «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի հեղինակները լուրջ եւ ամփոփ աշխատանք են կատարել. «Բայց, այնուամենայնիվ, կա որոշակի արգելք։ Դա Սահմանադրության մեջ գոյություն ունեցող հակաժողովրդավարական որոշակի կետեր են, որոնք այսօր գործում են եւ հնարավորություն չեն տալիս, որ նախագծի հեղինակները ներկայացնեն ժողովրդավարության պայմաններին բավարարող նորմեր»։ Կիմ Բալայանի դիտարկմամբ, օրենքի քննարկման պրոցեսում ամենավատն այն է, որ որոշ պատգամավորներ «բառիս բուն իմաստով պատկերացում չունեն, թե այսօր ինչպիսին է կուսակցություններին վերաբերող իրավական դաշտը եւ իրականում, այս օրենքն ընդունելով, ի՞նչ խնդիր ենք ուզում լուծել»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել