Լավագույն բանասերը դատավորն է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ լսվեց Երեւանի պետհամալսարանի իրավագիտության ֆակուլտետի 2001 թվականի դիմորդ Լիլիթ Դավթյանի հայցն ընդդեմ ԿԳ նախարարության։ Ոսկե մեդալակիր դիմորդը բողոքում էր հայոց լեզվի գրավոր քննությունից ստացած 16 միավորի համար՝ պահանջելով բարձրացնել այն 2,7 միավորով։ Լիլիթն անչափահաս է եւ դատարան էր եկել 2 լիազորված ներկայացուցիչների՝ հոր (Ա. Դավթյան) եւ «Գեղարքունիք» համալսարանի դասախոս Տ. Գրիգորյանի հետ։ Վերջինս մանրամասն ներկայացրեց քննության գրավոր պատասխանում հայտնաբերված սխալները, բերելով հակափաստարկներ հայոց լեզվի դպրոցական դասագրքերից՝ կանոններով ու օրինակներով։ Պատասխանող կողմը՝ հայոց լեզվի հանձնաժողովի նախագահ Բագրատ Ներսիսյանը, հիմնավորեց իր հանձնաժողովի դրած գնահատականը։ Նույնը ժամանակին պատասխանել են հանձնաժողովի անդամները, երբ Լիլիթը բողոքարկել է գրավոր քննության իր գնահատականը։ Խնդրո առարկա սխալները հիմնականում վերաբերում էին դերբայական դարձվածների ժամանակ կիրառվող կետադրական նշաններին։ Ըստ Տ. Գրիգորյանի, Լիլիթը դրանք գործածել է այնպես, ինչպես դասավանդվում է հանրակրթական դպրոցներում, այն է՝ Ս. Աբրահամյանի եւ Ֆ. Խլղաթյանի հայոց լեզվի դասագրքերով։ Իսկ դոցենտ Բ. Ներսիսյանի կարծիքով, հարգարժան դասախոսը պարզապես լավ չի յուրացրել հիշյալ դասագրքերի բովանդակությունը։ Մինչ լեզվաբանները վիճում էին, թե որտեղ պիտի դրվեին չարաբաստիկ բութն ու ստորակետները, որոնց պատճառով աղջիկը զրկվել էր պետպատվերով համակարգ ընդունվելու հնարավորությունից, դատավոր Մ. Մարտիրոսյանն ուշի-ուշով կարդում էր երկու կողմերի ներկայացրած գրավոր հիմնավորումները։ Եվ ի՞նչ. եթե հայոց լեզվի մասնագետներն այդպես էլ չգտան ճշմարիտ պատասխանը (եթե հավատանք, որ ճշմարտությունը մեկն է), ապա իրավաբանական կրթությամբ դատավորը հեշտ ու հանգիստ գտավ այն (10 րոպեում) եւ կայացրեց վճիռ. մերժել հայցը՝ անհիմն համարելով այն։ Դրա համար Մ. Մարտիրոսյանին պետք չեկավ անգամ անկախ փորձագետների կամ մասնագետների կարծիքը։ Եթե կրկին արձագանքենք այս գործին, ապա արձագանքը կլինի վերաքննիչ դատարանից։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ