ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎՈՎ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, կրթության եւ գիտության հարցերի հանձնաժողովի հերթական արտագնա նիստը կայացավ հոկտեմբերի 22-24-ը՝ Երեւանում։ Հոկտեմբերի 22-ին քննարկվել են հուշարձանների պահպանության, նաեւ գիտության ու կրթության զարգացման խնդիրները տարածաշրջանում։ Իսկ հոկտեմբերի 23-ի քննարկումների թեման ԶԼՄ-ների դերն ու նշանակությունն էր հետխորհրդային Հայաստանում։ ՀՀ կառավարությանն առընթեր Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ Էդուարդ Միլիտոնյանը մանրամասն ներկայացրեց այս խնդրի առնչությամբ պաշտոնական կառավարական տեսակետը, ամփոփեց վերջին 10 տարիների ընթացքում ՀՀ-ում անկախ մամուլի կայացման դժվարին պրոցեսը, որի արդյունքում այսօր մեզ մոտ գործում է 160 անուն թերթ, 67 հեռուստաընկերություն եւ 45 ռադիոկայան։ Պրն Միլիտոնյանը ներկայացրեց այն օրենսդրական դաշտը, որում գոյատեւում են հայկական լրատվամիջոցները։ Արեւմտյան ժողովրդավարական սկզբունքներից ելնելով, իշխանության տեսակետը ներկայացնողից հետո, ձայնը տրվեց «հակառակ բանակի» ներկայացուցչին՝ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագրին։ Ըստ Արամ Աբրահամյանի, այն փաստը, որ այս ֆորումին ելույթ ունենալու հնարավորություն է տրված ՀՀ իշխանությունների կողմից չվերահսկվող թերթի խմբագրին, ում տեսակետները մեծ հաշվով չեն համընկնի պաշտոնականին, արդեն իսկ վկայում է այն մասին, որ վերջին 10 տարիների ընթացքում մեր երկիրը որոշակի ձեռքբերումներ է գրանցել մամուլի ազատության ասպարեզում։ «Մեր պետության կայացման սկզբնաշրջանում ամեն ինչ չէ, որ հարթ էր ընթանում։ Արձանագրվեցին լրագրողների հանդեպ բռնության, խմբագրությունների վրա հարձակման դեպքեր, 95թ. ՀՅԴ-ի՝ օրենքից դուրս հայտարարվելուց հետո փակվեցին այդ կուսակցության թերթերը։ Հետագայում այդ բացասական երեւույթները կամ հիմնովին արմատախիլ եղան, կամ հասցվեցին մինիմումի։ Այսօր չկան ադմինիստրատիվ, ֆորմալ արգելքներ, որոնք կխոչընդոտեին ցանկացած կուսակցության, կազմակերպության կամ անհատի՝ հրապարակել իր թերթը, արտահայտել իր կարծիքը։ Լրագրողներն ու խմբագրություններն իրենց ավելի անվտանգ են զգում։ Սակայն ասել, թե ազատ մամուլը Հայաստանում որեւէ սահմանափակման կամ արգելքի չի հանդիպում՝ չափազանցություն կլիներ»,- այս խոսքերից հետո պրն Աբրահամյանն անդրադարձավ այն լծակներին, որոնցով իշխանությունները փորձում են սանձել իրենց ոչ հաճելի լրատվամիջոցները, մասնավորապես դատարաններին, «որոնք օգտագործվում են որպես մահակ՝ անհաճո լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ»։ Եվ որոնք, փաստորեն, գործադիր իշխանությունների դրածոն են։ Լծակներից մեկն էլ ֆինանսատնտեսական է։ Ցավոք, այսօր Հայաստանում մամուլը դեռեւս բիզնեսի ճյուղ չի դարձել եւ, «քանի որ այն բիզնես չէ, ուրեմն՝ այս կամ այն չափով ագիտացիայի կամ պրոպագանդայի միջոց է»։ Պրն Աբրահամյանն ուներ սեփական հստակ մաթեմատիկական բանաձեւը, որով կարելի է հաշվել այս կամ այն լրատվամիջոցի ազատության աստիճանը. «Լրատվամիջոցն ազատ է այնքանով, որքանով կարող է ծածկել իր ծախսերը։ Օրինակ, եթե ձեր բյուջեի 65%-ը վաստակում եք ինքներդ, իսկ 35%-ը՝ խնդրում հովանավորներից, ուրեմն դուք ազատ եք 65%-ով։ Եթե Արեւմուտքում որեւէ հրատարակչություն ամբողջությամբ հոգում է իր ծախսերը, դեռ 10% էլ շահույթ է ստանում, ուրեմն ազատ է 110 տոկոսով»։ Այնուհետեւ, առանձնահատուկ հպարտությամբ, պրն Աբրահամյանը շեշտեց, որ որեւէ կասկած չունի նրանում, որ ժողովրդավարական ինստիտուտների, մասնավորապես՝ ազատ մամուլի զարգացման առումով Հայաստանը՝ անկախ բոլոր պրոբլեմներից, բավականաչափ առաջ է անցել Հարավային Կովկասի մյուս երկրներից։ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամները բազում հարցեր ունեին հայկական անկախ լրատվամիջոցի ներկայացուցչի միջոցին։ Նրանցից մեկը նույնիսկ առաջարկեց դիմել իրենց այն դեպքերում, երբ կոտնահարվեն «Առավոտի» եւ նրա խմբագրի իրավունքները։ Առաջարկը պրն Աբրահամյանը քաղաքավարի մերժեց, ասելով, որ չի կարծում, թե երբեւէ որեւէ մեկին դիմելու կարիք կլինի։ «Երեւանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը ԶԼՄ-ների «դեմքի» ստեղծումը անկախության տարիներին բաժանել էր 4 պայմանական փուլերի. 1. ազգային գաղափարների եւ հիմնադրույթների արտանետման փուլ, 2. սուր քաղաքական եւ կուսակցական պայքարների փուլ, 3. ԶԼՄ-ներում շուկայական հարաբերությունների զարգացման փուլ, 4. թաքնված, դիմակավորված կուսակցականության փուլ։ Համապատասխանաբար, այդ փուլերում ԶԼՄ-ների ազատությունը եւս տարբեր աստիճանների վրա էր։ 1-ին փուլում ԶԼՄ-ների վրա լուրջ ճնշում չկար. բոլորը տոգորված էին միասնական ազգային գաղափարներով, եւ ԶԼՄ-ների զարգացման միակ խոչընդոտը տնտեսական իրավիճակն էր։ 2-րդ փուլում ազատ խոսքի սահմանափակումը մաքսիմալ էր, որովհետեւ չկար լրագրողի իրավունքները պաշտպանող ոչ մի միջոց, այդ ժամանակ էլ գրանցվեցին լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի, խմբագրությունների հրկիզման, թերթերի փակման դեպքեր։ 3-րդ փուլում ճնշումն ամենափոքրն էր, որովհետեւ մամուլը եւ ազատ խոսքը քիչ էր հետաքրքրում հասարակությանը։ Եվ 4-րդ փուլում իրենց զսպիչ դերը ստանձնեցին դատարանները։ ԱԺ պատգամավոր, «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանն անդրադարձավ Բաքվում հայ լրագրողի դեմ իրականացված բռնարարքին, որը որակեց որպես եզակի դեպք, ինչի համար հետո ադրբեջանցի գործընկերները ափսոսանք են հայտնել։ Նա խոսեց թերթերի տպաքանակի կտրուկ անկման մասին, ինչը կապված է գնողունակության իջեցման եւ թերթերի բարձր գների հետ։ Որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչ՝ պրն Բաբուխանյանը անդրադարձավ ԱԺ-ում ընդունված եւ բարելավվող օրենքներին, որոնք առնչվում են ԶԼՄ-ներին։ Այսօր Եվրախորհրդի պառլամենտականները կայցելեն Մատենադարան, Էջմիածին, Գառնի-Գեղարդ, իսկ վաղը կմեկնեն Հայաստանից՝ տանելով իրենց հետ «այն ամենը, ինչ սովորեցին այս հիասքանչ երկրում», ինչպես խոստացավ հանձնաժողովի նախագահ պրն Ռախանսկին։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ