CNN-ի հեռարձակումը կդադարեցվի՞ Համենայն դեպս, եթե Հայաստանում CNN-ի հեռարձակումն ապահովող ընկերությունը մինչեւ տարեվերջ չապահովի նաեւ զուգահեռ հայերեն թարգմանությունը, ապա մենք կզրկվենք այդ հանրահայտ հեռուստաալիքը դիտելու հաճույքից։ Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ամբիոնի վարիչ, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Մուշեղ Հովսեփյանը։ Հանձնաժողովը, որ համակարգում է մասնավոր ռադիո-հեռուստաոլորտը, տալով գործունեության լիցենզիա, գտնում է, որ CNN-ի հեռարձակումն առանց հայերեն թարգմանության՝ հակասում է «Լեզվի մասին» ՀՀ օրենքին։ Այս տեսակետից անօրինական է նաեւ «Ծձի-ՁԹ» հեռուստաընկերության հեռարձակումը։ Հայաստանում CNN-ի վերահեռարձակման լիցենզիան տրվել է «Է.Վ.» ընկերությանը (CNN-ի հետ պայմանագիր ունի մեկ այլ ընկերություն, որից հեռարձակման իրավունքը վերցրել է «Է.Վ.»-ը) սեպտեմբեր ամսին, բայց պայմանով, որ երեք ամսվա ընթացքում անգլերենին զուգահեռ ապահովեն հայերեն թարգմանությունը՝ ձայնային կամ տիտրերով։ Պարզ է, որ սա թանկ հաճույք է եւ դժվար թե որեւէ ընկերություն կարողանա այն ապահովել, արդյո՞ք դրա համար հայ հեռուստադիտողը (ավելի կոնկրետ՝ նրա անգլերենին տիրապետող հատվածը) պետք է զրկվի այդ խոշորագույն լրատվական ծառայությանը հաղորդակցվելու հնարավորությունից։ Մեր այս մտահոգությանն ի պատասխան պրն Հովսեփյանը նշեց, որ Թուրքիայում, Ֆրանսիայում եւս CNN-ը հեռարձակվում է այդ պետությունների պետական լեզվի թարգմանությամբ։ Համաձայնվելով, որ մեզ համար դա թանկ հաճույք է, տեխնիկապես էլ դժվար է իրականացնել, սակայն պրն Հովսեփյանը գտնում է, որ եթե ոչ ամբողջությամբ, գոնե պետք է համառոտ թարգմանությամբ ներկայացնեն, թե ինչի մասին է CNN-ի այս կամ այն «բլոկը»։ «Խորամանկության նման մի բան է։ Դա էլ, իհարկե, ճիշտ չէ, բայց գոնե դա անեն»,- հուշեց պրն Հովսեփյանը։ Օտար հեռուստաալիքների վերահեռարձակմամբ զբաղվող հեռուստաընկերությունների գործունեությունը հակասում է նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքին։ Ինչպես պրն Հովսեփյանը պարզաբանեց՝ «ըստ օրենքի նախատեսվում է, որ գործող ռադիո-հեռուստաընկերությունների արտադրանքի 25%-ը պետք է լինի իրենց սեփական արտադրանքը, վարեն ինքնուրույն ծրագրային քաղաքականություն եւ խրախուսեն հայրենական արտադրողին»։ Այսինքն՝ CNN-ի հեռարձակումը մերթընդմերթ պետք է ընդհատվի «Է.Վ.»-ի հեղինակային հաղորդումներով կամ «Ծձի-ՁԹ»-ինը՝ այն վերահեռարձակելու իրավունք ունեցող «Դար-21» հեռուստաընկերության սեփական արտադրության հաղորդումներով։ Որպես շարքային հեռուստադիտող CNN-ի կամ «Ծձի-ՁԹ»-ի նման ընդմիջումներով հեռարձակումն ինձ ամենեւին էլ չի գրավում։ Մի՞թե հնարավոր չէ, որ օրենքի այդ կետը չտարածվի այն հեռուստաընկերությունների վրա, որոնք պարզապես վերահեռարձակում են հանրաճանաչ օտարերկրյա հեռուստաալիքները։ Պրն Հովսեփյանը համաձայնվեց մեր մտահոգությանը, սակայն իրենց հանձնաժողովը գործադիր մարմին է, որն իրականացնում է օրենքի պահանջները, իսկ օրենքը նման հնարավորություն չի նախատեսում։ Մեր այն հարցին, թե հայերեն թարգմանության եւ 25% սեփական արտադրանքի պահանջը վերաբերո՞ւմ է նաեւ HTB, TB-6 եւ այլ օտար հեռուստաընկերություններին, որոնք դարձյալ վերահեռարձակվում են Հայաստանում, Մուշեղ Հովսեփյանը պատասխանեց, որ պահանջը չի վերաբերում միայն միջպետական պայմանագրերով նախատեսված դեպքերին, ինչպես՝ PTP-ն է եւ այժմ նորից նաեւ OPT-ն։ Իսկ վերահեռարձակվող մյուս օտարերկրյա հեռուստաընկերությունները պիտի օրենքի պահանջներին համապատասխանեն։ Ըստ Մ. Հովսեփյանի՝ քանի որ HTB-ն եւ TB-6 -ը վերահեռարձակող հայաստանյան հեռուստաընկերությունները ռուսական այդ հեռուստաընկերությունների հետ պայմանագիր կնքում են մեկ տարով, նրանց այդ պահանջը կներկայացվի հունվարին, երբ նոր պայմանագիր կնքեն։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ