17 ՏԱՐԻ ՏՆՕՐԻՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ Վերաքննիչի սենսացիան 19.07.01թ. Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետարանի լիազոր-ներկայացուցիչ Հակոբյանի տեղեկանքի համաձայն, քաղ. Սուսան Այանյանը 1983 թվից բնակվում է Բուզանդի փող. թիվ 32 տանը իր 2 անչափահաս երեխաների հետ։ Պարզվում է, որ ըստ ՀՀ Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Շ. Ասոյանի էլ (29.06.2001թ. 02-259 գրության)՝ «Փ. Բուզանդի փող. թիվ 32 շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջին եւ որպես հուշարձան հաշվառման է վերցված տեղական նշանակության հուշարձանների ցանկում ու պահպանվում է պետության կողմից»։ Եթե նկատեցիք, մի դեպքում այդ հասցեում ապրել է Սուսան Այանյանը, այսինքն՝ նրա կողմից է պահպանվել վերոնշյալ տարածքը, մյուս կողմից էլ, Հուշարձանների պահպանության վարչության կարծիքով, այդ տարածքը «պահպանվել է պետության կողմից» (թե ինչպես է պետությունը պահպանել՝ դատեք ինքներդ՝ դիտելով լուսանկարը)։ Այսօր սեփականատիրության իրավունքն են նշված հասցեի նկատմամբ փորձում հաստատել ոչ միայն Ս. Այանյանը, այլ «Թուֆեկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն, որն էլ 2000թ. ապրիլից ապօրինաբար զբաղեցրել է վերոնշյալ տարածքում գտնվող 24 քմ մակերեսը (որպես մեկհարկանի՝ այն տրվել է վերջիններիս)։ Սակայն դատական վեճը այլ ընթացք է ստացել։ Նախ, թաղապետարանն է դիմել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ Սուսաննա Այանյանին բնակարանից վտարելու, ապա «Թուֆեկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ առուծախի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով։ Ըստ Կենտրոն թաղապետարանի գործադիր տնօրեն Ա. Մանուչարյանի (6.07.01թ.) ՀՀ փաստաբանների միության փաստաբան Ս. Մալաքյանին ուղղված հարցման պատասխանի՝ «Բուզանդի 32 հասցեն բակային կառույց է, որն ամբողջությամբ թաղապետարանի տնօրինության տակ չէ»։ Հետեւաբար, թաղապետարանի այսօրինակ հավակնությունները տարածքի նկատմամբ մեզ նույնպես հասկանալի չեն։ Հավանաբար, այդ պատճառով դատարանը եկել էր այն համոզման, որ թաղապետարանի հայցը ենթակա է մերժման։ Ըստ դատարանի, «վիճելի տունը, որպես պատմության եւ մշակույթի հուշարձան, չի քանդվել, սակայն ոչ էլ տնօրինվել է թաղապետարանի կողմից» եւ, որ Ս. Այանյանը վիճելի հասցեն տնօրինել է բարեխղճորեն, բացահայտ եւ անընդմեջ։ Դա նշանակում էր, որ ըստ ՀՀ քաղօրի 187 հոդվածի, քաղաքացին կամ իրավաբանական անձը, որը անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն 10 տարվա ընթացքում տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք։ Վերաքննիչ դատարանը հերթական սենսացիան մատուցեց մեզ։ Նախ ավետեց, որ դատարանը հետեւյալ կազմով. նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան, դատավորներ՝ Ն. Հովսեփյան, Ա. Հունանյան, քննության է առել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոքն ու Ս. Այանյանի հակընդդեմ հայցը։ Սակայն «հընթացս» դատարանի կազմը փոխվում է՝ կնքվելու եւ ստորագրելու ժամանակ. դատավորները Տ. Սահակյանը, Ա. Հունանյանը եւ Ն. Տավարացյանն էին։ Թե ինչպես է դա տեղի ունեցել, որեւէ մեկը պատասխանել չկարողացավ։ Պարզապես, այս դատարանում Կենտրոն թաղապետարանի հայցը բավարարվեց եւ 17 տարի Բուզանդի 32 հասցեն տնօրինած Ս. Այանյանն էլ թեթեւ ձեռքով պետք է վտարվի տարածքից՝ «Ազատված տարածքը թողնելով թաղապետարանի տնօրինությանը»։ Հիմա ո՞ր դատարանն էր ճիշտ. առաջին ատյանը գնահատելով իր ձեռքի տակ առկա փաստերը, գտել էր, որ թաղապետարանի պահանջն անհիմն է, 2-րդ ատյանն էլ հակառակն էր պնդել՝ քաղաքացու պահանջն է անհիմն։ 2001թ. հունիսի 15-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատը՝ Ա. Մկրտումյան, Վ. Աբելյան, Հ. Գեւորգյան, Ս. Գյուրջյան, Ս. Սարգսյան կազմով, քննեց Սուսաննա Այանյանի վճռաբեկ բողոքը։ Վճռաբեկը վերաքննիչի վճիռը թողեց անփոփոխ, իսկ բողոքը՝ առանց բավարարման։ Ս. Այանյանի մեղքն այն էր, որ նա զբաղեցրել է «հաշվառումից հանված եւ վթարային վիճակում գտնվող սենյակը»։ Նաեւ այն, որ «փաստորեն Ս. Այանյանը ապօրինի, առանց որեւէ օրինական հիմքի զբաղեցնում է վիճելի սենյակը, որը հանդիսանում է Կենտրոն թաղապետարանի սեփականությունը»։ Ստիպված կրկնենք Կենտրոն թաղապետարանի 6.07.01թ. գործադիր տնօրեն Ա. Մանուչարյանի պաշտոնական պատասխանի այն հատվածը, որը չենք կարծում վճռաբեկին հայտնի չլիներ։ Եվ ոչ միայն նրան, այլ անգամ Կենտրոնի իրավաբան Ա. Լալայանին. «Բուզանդի 32 հասցեն բակային կառույց է, որն ամբողջությամբ թաղապետարանի տնօրինության տակ չէ»։ Հիմա ինչպե՞ս այդ տարածքը դարձավ թաղապետարանինը։ Այդ դեպքում ի՞նչ էր անում վերջինս ամբողջ 17 տարի։ Ինչո՞ւ էր թողել տարածքն այս վիճակում։ Մանավանդ առկա է անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի տեղակալ Մ. Գեւորգյանին ուղղված Ա. Բագրատյանի պատասխանը. «…Չքանդված տարածքները «Անշարժ գույքի կադաստր-Կենտրոն» ՊՁ-ն իրավասու չէ հանել հաշվառումից, քանի որ ըստ գործող օրենսդրության, սեփականատիրական իրավունքի դադարում կամ փոփոխություն տեղի չի ունեցել»։ Բայց մի՞թե փոփոխություն տեղի չի ունեցել գոնե սեփականատիրոջ հարցում։ Այանյանն ու նրա երկու երեխաներն առայժմ ապրում են իրենց բնակարանում։ Եվ սպասում են, այս անգամ, քաղաքապետի պատասխանին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ