Լրահոս
Օրվա լրահոսը

Խելոք

Հոկտեմբեր 24,2001 00:00

Հա շինեցին, բայց հիմքից էն կողմ չանցան Խելոք կենդանու, գարնան գալստյան եւ ստամոքսի պահանջը բավարարելու պատմության պես մի բան է ստացվում. փաստորեն՝ դոմիկում յոլա գնացեք, փող կունենանք՝ տուն կունենաք. ստորագրությունը՝ ժողովրդի դարդից օր ու գիշեր աչք չփակող ՀՀ կառավարություն։ 12 տարի առաջ՝ 1989-ին կազմավորվում է «Պոլիտեխնիկ-7» բնակշին կոոպերատիվը։ Կոոպերատիվի անդամներն էին պոլիտեխնիկական ինստիտուտի 25 դասախոսներ եւ մայրաքաղաքի Ծուլուկիձե փողոցի (այժմ՝ Գրիգոր Արծրունի) թիվ 4 եւ թիվ 6 բնակարանների բնակիչները (10 ընտանիք)։ 2 տարի հետո նոր, գեղեցիկ, հարմարավետ բնակարան ունենալու հեռանկարով ոգեւորված՝ մարդիկ Նոր տարվա շեմին հավաքում են իրենց իրերն ու դես ու դեն ապաստան գտնում։ Բնակարաններն անմիջապես հողին են հավասարեցվում՝ նոր տարում նոր շենքի հիմքը գցելու մտադրությամբ, ու 12 նոր տարի արդեն անցել-գնացել է։ 13-րդն էլ՝ հրես կերեւա, բայց շենքն այդպես էլ հիմքից վերեւ չբարձրացավ։ Նախ՝ պայմանագիր է կնքվում «Արփա-Սեւան» շինարարական տրեստի հետ, հիմքի շինմոնտաժային աշխատանքները սկսվում են։ Հետերկրաշարժյան շրջանում կառավարության որոշմամբ շինարարական աշխատանքները հանրապետությունում պետք է իրականացվեին սեյսմակայուն՝ մոնոլիտ բետոնից։ Նման շինանյութով այդ տարիներին աշխատում էր միայն «Արփա-Սեւան» տրեստը, որի հիմնական ուժերն էլ կենտրոնացված էին Գյումրիում։ 1,5 տարի հետո, ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ, թույլատրվում է այլ բետոնով, բայց սեյսմակայուն շինարարական աշխատանքներ։ Այդ ժամանակ էլ մեր «կոոպերատիվի» անդամները նոր գումարներ են ներդնում, «Երեւանշին» տրեստի հետ նոր պայմանագիր կնքում, նախագիծը փոխում, հիմքի շինմոնտաժային աշխատանքները նորից սկսվում են ու անմիջապես էլ կանգ առնում, քանզի այս անգամ էլ էներգետիկ ճգնաժամն է վրա հասնում։ Դրան հաջորդում են մեր բոլորի ապրած սեւ, ցուրտ, մութ ու սոված օրերը։ Հիմա արդեն, այդ տարիների մեր երազած ու կառուցած ապագան է եկել, բայց Ծուլուկիձե թիվ 4 եւ թիվ 6 տների բնակիչներն այդպես էլ առանց տուն ու տեղի են։ «12 տարի վարձով, էս ու էն բարեկամի տանն ապրելուց հետո,- ասում են նրանք,- դոմիկներն առել՝ եկել ենք, էս կռիսանոցում ենք ապրում»։ Իսկ այդ «կռիսանոցը» նրանց՝ հողին հավասարեցված բնակարանների տեղն է։ Մենք էլ մեր քաղաքացիների ասածը սիրով փոխանցում ենք հարազատ կառավարությանը, որպեսզի իրենց տաքուկ-մաքուկ տեղերում նստած պաշտոնյաները դադարեն մեզ պատմել, թե իրենց անասելի ջանքերի շնորհիվ ինչ լավ ենք ապրում։ Չէ՛, կառավարություն ջան, էդքան էլ մի նեղացիր, 2000թ. թիվ 432 քո որոշումից տեղյակ ենք. «Հաստատել անավարտ շինարարության բնակշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերի ներդրած միջոցների դիմաց առաջացած պետական պարտքի ձեւակերպման, սպասարկման եւ փոխհատուցման կարգը»։ Տեղյակ ենք կարգի մանրամասներին, նաեւ 2001թ. թիվ 695 որոշմանը, որով երկարացվում է փաստաթղթերի ընդունման ժամկետը։ Նախ՝ ի՞նչ երաշխիք, որ ժամկետ երկարացնելը խասյաթ չի դառնա (նախադեպը կա) եւ ենթադրյալ վերջնական տվյալները հավաքելուց հետո էլ քանի 12 տարի այդ մարդիկ սպասեն՝ բյուջեն այնքան լցվի, որ իրենց իսկ փողերն իրենց վերադարձնեք։ Գոնե մոտավոր ժամկետներ ամրագրվեն, որպեսզի գոնե կտակ գրելիս մարդիկ իրենց անելիքն իմանան։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել