Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՁՆԱԽՄԲԻՑ ԴՈՒՐՍ ՉԵՆ ԳԱ

Հոկտեմբեր 24,2001 00:00

ՀԱՆՁՆԱԽՄԲԻՑ ԴՈՒՐՍ ՉԵՆ ԳԱ Երեկ ԱԺ ամբիոնից ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը հայտարարությամբ մատնանշեց այն իրողությունը, որ հոկտեմբերի 23-25-ը Եվրախորհրդարանում քննարկվելու է ֆրանսիացի պատգամավոր Ալեն Լամանսուրի զեկույցը, որտեղ Եվրամիություն մտնելու համար Թուրքիայի առջեւ դրված պահանջների շարքում «ցավոք, վերջին տարիներին առաջին անգամ քննարկման ներկայացված տեղեկագրից հանված է հայկական Ցեղասպանությունը ճանաչելու պահանջը։ Եվ տեղեկագրում այդ պահանջի բացակայությունը հիմնավորված է, այսպես կոչված, Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքները չխոչընդոտելու նպատակով»։ Մեր խնդրանքով մեկնաբանելով այս հայտարարությունը, Թուրք-հայկական հանձնախմբի անդամ Դավիթ Հովհաննիսյանը հեռախոսազրույցում ասաց, որ մինչեւ հիմա Եվրախորհրդարանի որոշումների մեջ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը Թուրքիային չի առաջադրվել որպես նախապայման՝ Եվրամիությանն անդամակցելու համար։ Ուղղակի անցած տարի եղել է բելգիացի մի պատգամավորի կոչը, որ հետեւելով Ֆրանսիայի օրինակին՝ այլ երկրներ եւս ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Ալեն Լամանսուրի տեղեկագրի առնչությամբ հանձնախմբի հայ անդամներին ուղղված կոչ էր հրապարակվել՝ հայտարարել, թե քանի որ իրենց աշխատանքներն օգտագործվում են Հայոց ցեղասպանության փաստն անտեսելու եւ այդ հանցագործությունը կատարած երկրի՝ Թուրքիայի առջեւ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին կանաչ լույս վառելու համար՝ դուրս են գալիս Թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի կազմից եւ այդ մասին տեղյակ պահում ԵԽ-ին։ Մեր հարցին, թե մտադի՞ր է արդյոք ունկնդիր լինել այս կոչին, Դավիթ Հովհաննիսյանն այսպես պատասխանեց, որ ինքը չափազանց կարեւորում է հանձնախմբի աշխատանքը, այլապես մաս չէր կազմի դրան։ Նա կարեւոր է համարում հնարավորությունը՝ ուղղակիորեն դիմել Թուրքիայի հասարակության սերուցքին. «Եվ Ստամբուլի հանդիպումը ցույց տվեց նման շփումների օգտակարությունը» եւ պարզելն այն նվազագույնն ու առավելագույնը, որոնց պատրաստ է Թուրքիայի հասարակությունը։ Դավիթ Հովհաննիսյանը հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը համարում է Հայաստանի անվտանգության հիմնադրույթներից մեկը. «Ուստի, իմ պարտքն եմ համարում մասնակցել այս հանձնախմբի աշխատանքներին, քանի դեռ սպասումներ ունեմ»։ Իսկ ինչ վերաբերում է իրենց գործունեության պատրվակով Ցեղասպանության ճանաչման խնդիրը մի կողմ նետելու վտանգին, պրն Հովհաննիսյանը դրանք «ընդամենը խոսքեր» անվանեց եւ առաջարկեց դրանց հակադրել այն փաստարկները, որ հանձնախմբի բոլոր հայ անդամները բազմիցս նշել են՝ «Մենք ներկայացնում ենք բացառապես ինքներս մեզ եւ քննարկման առարկա չենք դիտում Հայոց ցեղասպանության իրողությունը՝ այն անհերքելի է մեզ համար»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել