ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ Հոկտեմբերի 21-ի երեկոյան հանրային եթերում ի պատասխան «Ո՞վ է պատասխանատու…» հարցադրման, հնչեցին հետեւյալ մտքերը. Գառնիկ Հովակիմյան՝ ՀՌԱԿ վարչության անդամ. «Ամեն ինչ կախված է նրանից, թե ով է ֆինանսավորում եւ ով է մամուլի այս կամ այն միջոցի տերը: Դրանից ելնելով էլ շատ հաճախ տեղի է ունենում կոնկրետ պատվեր: Որքան էլ խոսենք մամուլի ազատությունից, խոսքի ազատությունից, փիլիսոփայական մոտեցումներով շարժվենք՝ կյանքը մնում է կյանք: Բոլորին հայտնի են մամուլի կոնկրետ անվանումները, ասենք՝ «Ազգ» օրաթերթ. սա ռամկավար-ազատական գաղափարախոսություն է պրոպագանդում, «Երկիր», «Հայոց աշխարհ»՝ պարզ է՝ ինչ քաղաքական ուժի: «Չորրորդ իշխանություն», «Հայկական ժամանակ», «Առավոտ». այնտեղ արդեն կոնկրետ հարց է առաջ գալիս… Պետք է ամենաքիչը տառաճանաչ չլինել, որպեսզի կոնկրետ ուղղվածությունից չզգալ, թե խոսքն ինչի մասին է: Կարող է մարդ անհատի, անձի ուղղակի վիրավորել՝ անհիմն կամ հիմնավոր, պատասխանատվություն չկրել կոնկրետ իր խոսքի համար: Գիտեք, այստեղ գալիս է տիրոջ պատվերը. ով է վճարում եւ ինչ պահանջ է ներկայացնում շատ բոյով կամ շատ կոլոտ աղջիկներից ու տղաներից: Սա հարց է: Եվ լրագրողական արվեստը ուղղակի մատուցել մեր հանրությանը, ներողություն, լվացարանի մակարդակով, դա, ըստ իս, լրագրություն չի: Եվ այստեղ նշվեց, բժիշկը երդվում է, որ ինքը վնաս չհասցնի, իսկ արդյոք որքան սուր է եւ վտանգավոր ու թունավոր գրիչը: Եթե մեր օրերում լիներ՝ Համլետին թունավորելու, խոցելու կարիք չկար: Կարելի էր գրել, անվանարկել, ու վերջանար: Այստեղ պատասխանատվության պահի զգացման խնդիր գոյություն ունի, եւ ամեն ինչ չէ, որ որոշվում է այն դրամով, այն թափով, թե որքան է վարձատրվում: Իրեն հարգող լրագրողը պետք է չափը իմանա, սա խոսքի ազատության հետ որեւէ կապ չունի»: Արմեն Հարությունյան. իրավաբան, սահմանադրական բարեփոխումների ապագա քննարկումներում նախագահի ներկայացուցիչ. ըստ նրա, «եթե խոսքի ազատությունը սկսում է վտանգել պետության անվտանգությունը, ապա այն կարող է նաեւ սահմանափակվել»: Ի՞նչ է պետք անել աշխատավորների բազմաթիվ պահանջներով՝ հանուն պետական անվտանգության, ռամկավար-ազատական գաղափարախոսության եւ վսեմաշուք նախագահի հանգստության: Այդ հարցի պատասխանը թողնում ենք ընթերցողներին: