Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ

Հոկտեմբեր 24,2001 00:00

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՉԻ ԳԱ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀՅԴ խմբակցության նախաձեռնությամբ ընդունված ԱԺ որոշման համաձայն՝ մինչեւ նոյեմբերի 1-ը խորհրդարանը պիտի լսեր գլխավոր դատախազի հաղորդումը էներգետիկ չարաշահումների փաստերով հարուցված քրեական գործերի ընթացքի վերաբերյալ։ «Մեզ թուղթ շպրտելով է բավարարվել»՝ այսպես արձագանքեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական դիվանի անդամ Վահան Հովհաննիսյանն այն իրողությանը, որ գլխավոր դատախազ Արամ Թամազյանն անձամբ ներկայանալու եւ պատգամավորների հարցերին պատասխանելու փոխարեն՝ հոկտեմբերի 22-ին շուրջ 60 էջանոց հաղորդում-տեղեկանք է ուղարկել խորհրդարան։ Իհարկե, եթե պրն Թամազյանը գար ԱԺ՝ բազմաթիվ կլինեին նրան ուղղվելիք հարցերը, քանզի նրա հաղորդումից դատելով՝ գոյություն չունի 200 մլն դոլարի չափով «լափված մազութի» գործ։ Թվարկված են 24 քրեական գործեր, որոնք ընթացք են ստացել էներգետիկ չարաշահումներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվության հիման վրա եւ դրանցից միայն 2-3-ն են այս կամ այն կերպ առնչվում մազութին։ Ասենք՝ Վանաձորի ՋԷԿ-ում 1994-ին 200 տոննա մազութ է հափշտակվել, իսկ Հրազդանի ՋԷԿ-ում վատնվել է 91 մլն դրամ արժողությամբ մազութ։ Իսկ մնացածը գերազանցապես վերաբերում են հարկային պարտավորությունների չկատարմանը եւ դրամական յուրացումներին։ Թվարկված են անգամ 14 տոննա երկաթյա թիթեղ եւ տարբեր արժողության շինանյութ ու մալուխ յուրացնելու կամ հափշտակելու մասին գործերը։ Ընդսմին, այս գործերով մեղադրվող գրեթե բոլոր անձինք վնասը փոխհատուցել եւ ազատվել են պատժի կրումից՝ իրադրության փոփոխման կամ համաներման կապակցությամբ։ Այսքան տարփողված «էներգատեռորի» մասին գործը կարծես փլվել է, թեեւ դատախազության քննչական խումբը, ինչպես հաղորդման մեջ է նշվում՝ «իր գործունեության 1 տարի 3 ամիսների ընթացքում ձեռնարկել է օրենքով նախատեսված բոլոր հնարավոր միջոցները»։ Հավելենք այն խոստովանությունը, որ քննչական խմբի ղեկավար, ՀԿԳ քննիչ Հեկտոր Սարդարյանն արել էր գլխավոր դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ. «Դժվար է թվարկել էլի գործողություններ, որոնք քննչական մարմինը կարող էր կատարել, որպեսզի կորած մազութը ճանաչվեր հափշտակված»։ Նա նաեւ առաջարկել էր նոր քննչական խումբ ձեւավորել, որը եւ կբացահայտի այդքա՜ն փափագված «շնաձկներին»։ Հիշեցնենք, որ այս գործով անցնող միակ փոքրիշատե խոշոր «շնաձկանը»՝ արդյունաբերության նախկին նախարար Աշոտ Սաֆարյանին, դատախազությունն այդպես էլ չկարողացավ գցել իր «ուռկանը»։ Իրենց չար բախտից՝ Վրաստանի կառավարությունը ճանաչեց Ռուսթավիի քիմկոմբինատի 6,2 մլն դոլարի պարտքը Հայաստանին եւ սկսեց մարել այն, մինչդեռ նախաքննական մարմինն Աշոտ Սաֆարյանին ներկայացրել էր այդ գումարները յուրացնելու մեղադրանք։ Արամ Թամազյանի հաղորդման մեջ նույնությամբ կրկնվել են այն բառերը, որ էներգետիկ չարաշահումների փաստերն ուսումնասիրող հանձնաժողովի հաշվետվության առնչությամբ ժամանակին ԱԺ ամբիոնից ասել էր նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը. «Նախաքննության ընթացքում առաջացել են նաեւ լուրջ դժվարություններ՝ պայմանավորված ապացուցողական տեղեկատվության սակավության կամ իսպառ բացակայության հետ»։ Եվ եթե Բորիս Նազարյանն, այնուամենայնիվ, ելույթ ունեցավ խորհրդարանում՝ խախտելով նախագահ Քոչարյանի կարգադրությունը քրգործով կազմակերպվող խորհրդարանական քննարկումներին դատախազների մասնակցության անթույլատրելիության մասին, Արամ Թամազյանը կարծես չի պատրաստվում նման հաշվետվություն ներկայացնել՝ փաստարկելով, որ նման պահանջը չի բխում օրենսդրությունից։ Ինչպե՞ս ԱԺ-ն կկատարի իր իսկ որոշումը գլխավոր դատախազի հաղորդումը լսելու վերաբերյալ։ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, ըստ Գագիկ Ասլանյանի, բանակցություններ է վարում պրն Թամազյանի հետ։ Վահան Հովհաննիսյանը նախապես առաջարկել էր ընդունած որոշումը չխախտելու համար, անգամ գլխավոր դատախազի բացակայությամբ, անդրադառնալ այս խնդրին։ Ի վերջո, հո Արամ Թամազյանին բերման չե՞ն ենթարկելու ԱԺ եւ ստիպելու իր կամքին հակառակ ընթերցել հաղորդումը։ Մեր հարցին, թե ի՞նչ ձեւով կարող է ԱԺ-ն գլխավոր դատախազին պարտադրել կատարել իր որոշումը՝ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը նախընտրեց այսպես պատասխանել. «ՀՀ Սահմանադրության 73 հոդվածի համաձայն, ԱԺ-ն կարող է ստեղծել ժամանակավոր հանձնաժողովներ՝ որոշակի իրադարձությունների եւ փաստերի մասին ԱԺ-ին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար։ Սահմանադրության 62-րդ հոդվածում նշված է, որ մի քանի, այդ թվում 73-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ԱԺ-ն կարող է ընդունել որոշումներ։ Այս դեպքում էլ ԱԺ-ն ընդունել է որոշում, ստեղծել է ժամանակավոր հանձնաժողով ու նաեւ մի որոշում էլ է ընդունել, որ գլխավոր դատախազն այդ հանձնաժողովի գործունեության արդյունքների առնչությամբ պիտի հաղորդմամբ հանդես գա խորհրդարանում։ Նախադեպն էլ կա, որ այս որոշումը կատարվել է։ Իմ կարծիքով, Սահմանադրության 62 եւ 73 հոդվածները հիմք են հանդիսանում եւ տալիս այդ հնարավորությունը, որ գլխավոր դատախազ Արամ Թամազյանն էլ այդ հաղորդմամբ հանդես գա ԱԺ-ում»։ Իսկ նախագահ Քոչարյանի կարգադրության մասին մեր հիշեցմանն ի պատասխան՝ պրն Դալլաքյանն ասաց. «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավական ուժ եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն»։ Համոզի՞չ կլինեն այս հիմնավորումները գլխավոր դատախազի համար, որ նա վերանայի իր դիրքորոշումը եւ հաշվետվություն տա ԱԺ-ին՝ պարզ կդառնա արդեն այսօր։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել