Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավոր

Հոկտեմբեր 24,2001 00:00

«ՓՈՍԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ» Պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը գտնում է, որ իշխանություններն անհանգիստ են Հանրապետության նախագահը ցավալի էր համարել այն, որ երբ աշխարհում տեղի ունեցող պրոցեսների հետեւանքով քաղաքական ուժերը փորձում են խմբավորվել իշխանությունների շուրջը, նույն պահին մեզանում տեղի է ունենում բոլորովին հակառակը։ Թերեւս, ամենքին է պարզ (նաեւ՝ նախագահին), թե ինչո՞ւ է մեզանում նման բան տեղի ունենում։ Իշխանություններին մարդիկ վաղուց չեն վստահում, իշխանություններից հասարակությունն այլեւս սպասելիք չունի, այս իշխանությունների հետ այլեւս հույսեր չեն կապվում։ Ընդդիմադիր դաշտ ձեւավորողներն էլ անցել են բացահայտ քայլերի, եւ քայլերից առաջինը հոկտեմբերի 26-ին կայանալիք հանրահավաքն է։ Երեք կուսակցությունների («Ազգային միաբանություն», ՀԺԿ եւ «Հանրապետություն») ղեկավարների հանրահավաքի հրավերն այլեւս բաժանված է։ Մնում է սպասել՝ հասարակությունը կարձագանքի՞ այդ կոչ-հրավերին, թե՞ կմնա պասիվ։ Սպասվում է խուլ պայքար՝ իշխանության եւ ընդդիմության միջեւ։ Կողմերը պետք է փոխադարձաբար փորձեն միմյանց հաղթել։ Իշխանությունները պետք է որ սկսեին Ազատության հրապարակի ասֆալտապատումը, փոս փորեին այդ հրապարակում, նաեւ՝ մարդկանց վախեցնելու կամ զգուշացնելու գնով փորձեն այնպես անել, որ հնարավորինս քիչ մարդ գնա հանրահավաքին։ Ընդդիմությունն իր հերթին պետք է ամեն ինչ անի, որպեսզի հանրահավաքը բազմամարդ լինի։ ԱԺ պատգամավոր, ՀԺԿ անդամ Էմմա Խուդաբաշյանի ներկայացմամբ եւս, իշխանություններն արդեն սկսել են ժողովրդին վախեցնելու մեթոդների կիրառումը. «Պետավտոտեսչության աշխատակիցները կանգնեցնում են մասնավոր մեքենաները, ստիպում են, որ վարորդները թափքերը բացեն եւ ստուգում են։ Չգիտես՝ ի՞նչ են փնտրում։ Իրենց ասելով՝ զենք են փնտրում, եւ չեն զլանում մարդկանց ասել, թե հոկտեմբերի 26-ի հանրահավաքի ժամանակ պետք է ահաբեկչություն լինի։ Փաստորեն, այսպիսով, արդեն սկսում են մարդկանց վախեցնել, որ չգան հանրահավաքի։ Ես, որպես պատգամավոր եւ հանրահավաքի մասնակից, մարդկանց վստահեցնում եմ, որ երեք կուսակցություններից որեւէ մեկը չի պատրաստվում նման բանի։ Մենք խաղաղ հանրահավաք ենք հրավիրել, եւ այդ մասին տեղյակ են իշխանությունները, նրանք իրենց արտոնությունը տվել են հանրահավաքը Մատենադարանի տարածքում անցկացնելու մասին։ Եվ եթե որեւէ անկարգություն լինի, դրա պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի իշխանությունների վրա։ ՆԳ աշխատակիցները, հասարակական կարգը պահպանողները պարզապես պարտավոր են ապահովել հանրահավաք անցկացնելու ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքը»։ Տիկին Խուդաբաշյանից հետաքրքրվեցինք, թե ինքն ի՞նչ ակնկալիք ունի հանրահավաքից. «Հանրահավաքը, կարծում եմ, մարդաշատ է լինելու, եւ իշխանությունները պետք է տեսնեն, որ ժողովուրդը պարզապես պարտադրում է փոփոխությունների իրականացումը։ Ժողովուրդն իր բողոքը, իր դժգոհությունը իշխանություններից առայժմ արտահայտելու է հանրահավաքի միջոցով»։ Արդյոք ընդդիմությունը չի՞ կարծում, որ ժողովուրդն իրականում անտարբեր է եւ այլեւս չի հավատում, թե հնարավոր է հանրահավաքների միջոցով հարցերը լուծել։ Ըստ տիկին Խուդաբաշյանի, ժողովուրդն անտարբեր չի կարող լինել իր այսօրվա եւ վաղվա համար. «Հենց որ ժողովուրդն անտարբեր դառնա, ուրեմն դատապարտված է։ Որեւէ ժողովուրդ, չեմ կարծում, անտարբեր կարող է լինել ինքն իր հանդեպ։ Այստեղ ուրիշ վտանգ կա։ Ակնհայտ է, որ իշխանություններն անհանգստացած են, վախ ունեն, ուզում են, որ հանրահավաքը չկայանա, տապալվի։ Հասկանալի է. որովհետեւ իշխանությունը կորցնելը չի կարող հաճելի լինել։ Բայց իշխանությունները պետք է հասկանան, որ ամեն ինչ կարելի է անել քաղաքակիրթ ճանապարհով։ Չի բացառվում, որ պրովոկացիաներ կլինեն, բայց լավ կլինի, որ իշխանությունները չդիմեն ծայրահեղ քայլերի»։ Ըստ Էմմա Խուդաբաշյանի, հանրահավաքին մասնակցելու համար Երեւան են գալու նաեւ շրջանների բնակիչներ, եւ կազմակերպիչները «թԸԼ-ի պոստերի մոտ կանգնեցնելու ենք մեր ակտիվներին եւ լրատվամիջոցներին ենք խնդրելու, որ կանգնեն եւ, եթե որեւէ միջամտություն լինի, արգելեն կամ մեկ ուրիշ բան, անմիջապես նկարահանվի դա, եւ մարդիկ տեսնեն, թե ինչ քայլերի են դիմում իշխանությունները եւ ինչպես են ամեն կերպ խանգարում, որպեսզի մարդիկ իրականացնեն իրենց սահմանադրական իրավունքը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել