Դպրոցները՝ ապահովագրության «թիրախ» Վաղուց սովորույթ է դարձել դպրոցներում պարտադրաբար միջոցառումների տոմսեր, նույնիսկ կրթության ոլորտի որոշ ղեկավարների հեղինակած բանաստեղծությունների գրքույկներ իրացնելը, որի պատճառով տնօրենները հաճախ հայտնվում են երկու քարի արանքում (մի կողմում վերադասը՝ կրթության վարչությունը, համապատասխան ներքին հրահանգով, մյուս կողմում՝ դրամահավաքությունից անվերջ դժգոհող ծնողական համայնքը)։ Եվ այս ֆոնի վրա էլ դպրոցները՝ իրենց բազմաթիվ դժվար լուծելի խնդիրներով հանդերձ։ Այսօր, երբ ծնողները դեռեւս վարձույթով տրվող 14-15 դասագրքերի վճարման խնդիրներ ունեն, չեն «մարսել» նաեւ իրենց երեխաների «կուլտուրական հանգիստը» կազմակերպելու նպատակով «հրամցված» Կ. Դեմիրճյան կենտրոնում նոյեմբերի 3-ին կայանալիք «Պառնասի» տոմսերը, հիմա էլ ստիպված են 500 դրամ վճարել դժբախտ դեպքերից նրանց ապահովագրության համար։ Քաղաքապետարանի կրթության վարչության գիտությամբ անարգել հանրակրթական դպրոցներ են ժամանում «ՍԱՄԳԱՍ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները՝ տնօրենների հետ (որոնց, ի դեպ, խորհրդակցության ժամանակ ներքին կարգով ակնարկել են համակերպվել ու ստեղծված կնճիռները հնարավորության սահմաններում հարթել) պայմանագրեր կնքելու՝ «Ուսումնական հաստատություններում ապահովագրական ծառայություն կազմակերպելու մասին», որի արդյունքում յուրաքանչյուր աշակերտ պետք է վճարի 500 դրամ, իսկ ուսումնական հաստատությունը պայմանագրի 4-րդ գլխի 1-ին կետով պիտի պարտավորվի աջակցել «ՍԱՄԳԱՍ»-ի գործունեությանը։ Ինչպես տեղեկացանք քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Կուբանյանից, կա քաղաքապետի որոշումն այն մասին, որ «նմանօրինակ գործընթացները պիտի իրականացվեն միայն ծնողական համայնքի համաձայնությամբ եւ համագործակցությամբ», ասել է թե՝ կամավորության սկզբունքով։ Եվ իրենք այդ մասին «տեղյակ են պահել նախկին պետապի աշխատակիցներին» ու նաեւ խորհուրդ տվել՝ երեխային անպատճառ ապահովագրելու ծնողական հավատին ապավինել միայն «համապատասխան ագիտացիայից» հետո։ Կարեն Մազմանյանը՝ «ՍԱՄԳԱՍ»-ից, նախ զարմացավ, որ տնօրեններն արդեն հասցրել են իրենց «թերթի տալ», ձեռքի հետ էլ մտերմաբար ինձ եւս առաջարկեց ապահովագրվել՝ վերջում կրկին անդրադառնալով դպրոցներին՝ «Տնօրեններին միայն ասել ենք, թե գումարը հավաքվի՝ լավ կլինի, թե չհավաքվի՝ ի՞նչ արած»։ Հետաքրքիրն այն է, որ այս ամենից նախ տպավորություն է ստեղծվում, թե «ՍԱՄԳԱՍ» ապահովագրական ընկերությունը (նախագահ՝ Մարտին Մազմանյան) չունի Ա. Կուբանյանի ասած՝ դպրոցականների ապահովագրության անհրաժեշտությունը կարեւորող «ագիտացիայի» կարիքը (քանի որ դպրոցը կրթահամակարգի ամենաանպաշտպան օղակն է, որի հետ կարելի է վարվել ուզածի պես), եւ երկրորդ՝ գուցե կրթվարչությունը չի՞ հարգում քաղաքապետի որոշումը։ ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ