ՆԱՄԱԿ «ՄԵՆԵՋԵՐԻՆ» Մեր տեղեկություններով՝ Չեխովի 56 շենքի հասցեով թիվ 39 փոստատունը ստացել էր կասկածելի նամակ՝ առանց հետադարձ հասցեի, որը, ականատեսների վկայությամբ, փափուկ էր եւ ներսից, հավանաբար, ցելոֆանապատ։ Վերջիններս վկայում են նաեւ, որ շենքում երկարատեւ «դեգրելուց» հետո, առանց հասցեատիրոջը գտնելու, փոստատան աշխատակցուհին «քոռ ու փոշման» հեռացել է։ Թիվ 39 փոստատանը կարծես այնքան էլ վախեցած չէին սիբիրախտից, որովհետեւ ահազանգին մի տեսակ լուրջ չվերաբերվեցին. մեկը մյուսի վրա գցեց հարցի վերաբերյալ պարզաբանումներ տալու «ծանր» գործը։ Իսկ մի աշխատակից՝ Սեւադա Բադալյանը «Առավոտին» մի ուրիշ նամակի մասին էլ պատմեց, որն էլ, պարզվում է, ուղարկված էր 72 բնակարանից, Ծերեթելի փողոցի թիվ 56 շենքի հասցեով՝ անձամբ «մենեջերին»։ Ու քանի որ «մենեջերի» անձն այստեղ չէին կարողացել ճշտել, ստիպված նամակը հետ էին ուղարկել։ Թե ո՞ր երկիր, փոստատան աշխատակիցները չհայտնեցին՝ հավանաբար մեր անհարկի հետաքրքրասիրությունը համարելով ոտնձգություն՝ ուղղված իր բնակության վայրը ժամանակավորապես «լքած» «մենեջերի» դեմ։ Հետաքրքիր է՝ «մենեջերական» այս կատակները դեռ ո՞ւր կհասնեն եւ կարժանանա՞ն արդյոք բավարար ուշադրության։ Հետաքրքիր է եւ այն, որ արդեն նման կասկածելի նամակներ են ստացել նաեւ որոշ գերատեսչություններ։ ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ