Լրահոս
Օրվա լրահոսը

Ի ՆՊԱՍՏ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ»-Ի

Հոկտեմբեր 23,2001 00:00

Ի ՆՊԱՍՏ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ»-Ի 2000 թվականի նոյեմբերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինն առաջին անգամ անցկացրեց հեռախոսային մարաթոն, ինչը նորություն էր ոչ միայն հիմնադրամի համար, այլեւ՝ Սփյուռքում ընդհանրապես: Հեռախոսամարաթոնը՝ առաջին անգամը լինելով, զգալի արդյունք տվեց: Մասնակցեցին շուրջ 3000 ֆրանսահայեր, երեք օրում հավաքվեց 200,000 ԱՄՆ դոլար: Այս տարի նույնպես չորս օր (նոյեմբերի 8-11-ը) Ֆրանսիայում կանցկացվի հեռախոսամարաթոն, որը կընդգրկի ֆրանսահայերի ավելի մեծ շրջանակ: Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի հետ համագործակցելով՝ հեռախոսացանկում կներգրավվեն նաեւ գերմանահայերի հեռախոսահամարներ: Միաժամանակ հեռախոսամարաթոն կանցկացնի նաեւ Հոլանդիայի տեղական մարմինը: Նոյեմբերի 22-ին Լոս Անջելեսում անցկացվելիք հեռուստամարաթոնը ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած աղետալի իրադարձությունների պատճառով հետաձգվել է: Այս որոշումն ընդունել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահությունը: Փոխարենը Լոս Անջելեսում եւ ԱՄՆ արեւմտյան 14 նահանգներում կանցկացվի հեռախոսամարաթոն: Այն կսկսվի նոյեմբերի 1-ին ու կշարունակվի մինչեւ 2002 թվականի հունվարի 6-ը: Դրամահավաքի միջոցառումներ են նախատեսված նաեւ Կանադայում, Արգենտինայում եւ այլ համայնքներում: Հեռախոսամարաթոնները եւ մյուս միջոցառումները կազմակերպվում են ի նպաստ Լեռնային Ղարաբաղի շրջաններն իրար կապող «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության ծրագրի, որի ընդհանուր երկարությունը 170 կիլոմետր է: Դրանից 30-ն արդեն կառուցվել եւ հանձնվել է շահագործման: Մնացյալ 140 կիլոմետրի շինարարության համար պահանջվում է 19 միլիոն ԱՄՆ դոլար: Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության կողմից նոյեմբերի 1-ից մինչեւ տարվա վերջ «Հայաստան» հիմնադրամին կատարված բոլոր նվիրատվությունները նույնպես կհատկացվեն այս ծրագրին: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել