Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝

Հոկտեմբեր 23,2001 00:00

ՈՒԿՐԱԻՆԱՆ՝ ԱՇԽԱՐՀԻ ԹԻՄԱՅԻՆ ՉԵՄՊԻՈՆ Հայաստանը՝ աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Եւ այսպես, շախմատի աշխարհի 5-րդ թիմային առաջնությունը հատեց եզրագիծը։ Հողագնդի ուժեղագույն շախմատային տերությունների պայքարն ավարտվեց մեզ համար հակասական զգացումներով։ Մի կողմից հայ շախմատասերներին լիովին պետք է բավարարի, որ մեր հավաքականը պահպանեց նախորդ առաջնությունում նվաճած բարձունքը՝ երկրորդ անգամ անընդմեջ արժանանալով առաջնության բրոնզե մեդալին, մյուս կողմից ափսոսանք, եթե չասենք անբավարարվածություն, ենք զգում, որ ձեռքից բաց թողնվեց ավելի բարձր տեղ, ընդհուպ մինչեւ չեմպիոնական տիտղոս, նվաճելու եզակի հնարավորությունը (երանի մյուս մարզաձեւերում էլ այդպես լիներ)։ Վերջին՝ 9-րդ տուրում ամեն ինչ որոշվելու էր Ուկրաինա-Ռուսաստան եւ Հունգարիա-Հայաստան մրցամարտերում գրանցվելիք արդյունքից։ Ռուսներին բավարարում էր նույնիսկ ոչ-ոքի հաշիվը, եւ նրանք այդ դեպքում հերթական անգամ ճանաչվում էին հողագնդի թիվ մեկ թիմը։ Ու թվում էր, թե դա նրանց կհաջողվի, որովհետեւ Սվիդլերը, Գրիշչուկը եւ Սակաեւը իրենց պարտիաները խաղաղությամբ ավարտեցին, համապատասխանաբար, Իվանչուկի, Բակլանի եւ Էյնգորնի հետ։ Սակայն Ուկրաինայի ներկայացուցիչ Պոնոմարյովը խառնեց նրանց բոլոր խաղաթղթերը եւ համառ պայքարում հաղթելով Դրեեւին, փաստի առաջ կանգնեցրեց բոլորին։ Փաստորեն, Պոնոմարյովը միայնակ լուծեց աշխարհի չեմպիոնի հարցը, որն առաջիկա չորս տարում համարվելու է Ուկրաինան։ Բայց այդ պայքարին միջամտել կարող էր նաեւ Հայաստանի հավաքականը, եթե խոշոր հաշվով հաղթեր Հունգարիային, մի բան, որը մեր տղաների ուժերից վեր չէր։ Այդ ճանապարհին առաջին հուսադրող քայլն արեց առաջին խաղատախտակի առջեւ հանդես եկած Ռաֆայել Վահանյանը, որը սեւ խաղաքարերով գեղեցիկ հաղթանակ տարավ Հունգարիայի հավաքականի առաջատարի եւ աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից մեկի՝ Պետեր Լեկոյի նկատմամբ։ Սակայն Վահանյանին թեւ ու թիկունք չեղան ո՛չ Լպուտյանը եւ ո՛չ էլ Անաստասյանը։ Դահլիճում պայքարին հետեւող մեր շախմատի գիտակների մեկնաբանությամբ, Սմբատն ու Աշոտը պայքարի միջնամասում նույնիսկ դիրքային առավելություն ունեին մրցակիցների՝ Ռուխի եւ Վարգայի նկատմամբ ու կարող էին հաղթանակի հասնել։ Սակայն ինչ-որ պահի վրիպում թույլ տվեցին, եւ պատիժը շատ չուշացավ։ Մեր երկու գրոսմայստերները ցավալի պարտություն կրեցին։ Այսքանից հետո Արտաշես Մինասյանի՝ թիմին բերած կես միավորը Աքսի հետ մրցապայքարից՝ արդեն ոչինչ չէր կարող փոխել։ Ուզբեկստան-Գերմանիա մրցամարտն ավարտվեց 1,5։2,5 հաշվով, Իրանը 2,5։1,5 հաշվով հաղթեց Մակեդոնիային։ Ամփոփիչ աղյուսակ 1. Ուկրաինա՝ 21,5, 2. Ռուսաստան՝ 21,0, 3. Հայաստան՝ 20,0, 4. Գերմանիա՝ 18,5, 5. Հունգարիա՝ 16,5, 6. Ուզբեկստան՝ 15,5, 7. Կուբա՝ 14,5, 8. Մակեդոնիա՝ 9,5, 9. Իրան՝ 7,0։ Այո, Հայաստանի հավաքականի արդյունքը աշխարհի առաջնությունում պետք է գնահատել բավարար, գուցե թե՝ նաեւ լավ։ Սակայն ափսոսանքով հիշում ենք նաեւ փայլուն մեկնարկից, մանավանդ Ռուսաստանի նկատմամբ տարած գերազանց հաղթանակից (3։1) հետո կորցրած ցավալի միավորները. Գերմանիա-Հայաստան՝ 3։1 (5-րդ տուր), Ուզբեկստան-Հայաստան՝ 2։2 (7-րդ տուր), Հայաստան-Ուկրաինա՝ 1,5։2,5 (8-րդ տուր), որոնք էլ մեր թիմին զրկեցին ավելի բարձր տեղ գրավելու հնարավորությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել