Դրախտ, ուր իշխում են դժոխքի օրենքները ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը, որի անունը վերջերս չի իջնում մամուլի էջերից, բաց չի թողնում ոչ մի հարմար առիթ՝ իր ղեկավարած ֆակուլտետի փառաբանմամբ հանդես գալու։ Վերջերս պրն Անանյանը հյուրընկալվել էր «Երեւան» հեռուստաընկերության «Բարի երեկո, Երեւան» հաղորդաշարին։ Գառնիկ Անանյանի ելույթից հետո մեկ անգամ եւս համոզվեցի, որ ֆակուլտետում տիրող խայտառակ ու անմխիթար մթնոլորտը ներկայացնելը այլեւս դարձել է անհրաժեշտություն։ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մասին բավական հրապարակումներ են եղել, բայց, ինչպես պնդում է պրն Անանյանը, լրագրողները ֆակուլտետը վարկաբեկում են առանց իրականությանը ծանոթ լինելու եւ առանց հիմնավորված փաստարկների։ «Համեցե՛ք, եկե՛ք ծանոթացեք ֆակուլտետին, հետո ձեր հասկացածի ու չհասկացածի մասին գրեք»,- խորհուրդ է տալիս դեկանը։ Պետական համալսարան ընդունվելուց հետո «բախտ» ունեցա չորս երկար ու ձիգ տարիներ անշտապ ծանոթանալ ժուռնալիստիկայի ֆակուլտետին։ Պարզ է հասարակ թվաբանության պես, թե ինչպես են քծնող ու լրագրության մեջ ավանդ չունեցող մարդիկ պրն Անանյանի կողմից ամբիոնի վարիչներ նշանակվում, ինչպես են դեռ երեկ ֆակուլտետն ավարտողները սկսում դասավանդել եւ դեռ ավելին, չեն էլ կասկածում, որ հմտորեն կփոխարինեն դասախոսներից հատկապես նրանց, ովքեր փորձում են ընդդիմանալ պատվելի դեկանի «կուռ» օրենքներին։ Հաղորդման ընթացքում պրն Անանյանը այնքան էր տարվել իր ելույթով, որ հաստատ մոռացել էր, թե իրեն լսում են նաեւ ֆակուլտետի իրական պատկերին ծանոթ մարդիկ։ Զարմանալի է, երբ դեկանը հայտարարում է, թե իրենց ֆակուլտետի բոլոր կուրսերում ուսանողների կեսից ավելին աշխատում է տարբեր ԶԼՄ- ներում։ Այնինչ, իրականում աշխատող հատուկենտ ուսանողների մասին Գառնիկ Անանյանն ասում էր. «Եթե իրենք իրենց կայացած լրագրողներ են համարում, թող գնան աշխատեն, իրենց սովորել պետք չէ»։ Պետք է նշել, որ լրագրության ֆակուլտետի մթնոլորտը, առհասարակ, դեմ է լրագրությանը։ Պրն դեկանը երբեք հարմար առիթը բաց չէր թողնում լսարանին կոմունիստական դրախտի ու կապիտալիստական դժոխքի մասին պատմելու։ Անշուշտ, ոչ ոք չէր հանդգնի հակառակվել, այլապես դեկանի քինախնդրության դեմ մենակ պիտի պայքարեր։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում տիրող արատավոր մթնոլորտը ավելի շատ խտանում է դիպլոմային աշխատանքների պաշտպանության օրերին։ Պարզ ճշմարտություն է, որ ուսանողի ավարտական աշխատանքի վերջնական արդյունքում երեւում է նաեւ ղեկավարի աշխատանքը։ Մեր կուրսում նույնպես գործում էր այս կանոնը, բայց՝ խեղաթյուրված։ Ըստ նրա, թե ով է աշխատանքիդ ղեկավարը, նախապես որոշված է նաեւ քո գնահատականը։ Եթե բախտդ բերել է եւ աշխատանքդ ղեկավարում է դեկանի սիրելիներից մեկը, ապա համոզված եղիր, որ հաջողությունն արդեն գրպանումդ է։ Աշխատանքների պաշտպանությունից մի քանի օր առաջ էլ, դեռ ընդամենը մեկ գործնական աշխատանք ունենալու դեպքում անգամ կհասցնես ամեն ինչ ավարտին հասցնել ու «վայելել» «գերազանցդ»։ Իսկ եթե ավարտելիս «միամտություն կունենաս» աշխատանքիդ ղեկավար ընտրել մեկին, որն ինչ-ինչ տարաձայնություններ ունի դեկանի հետ, բայց հմուտ ղեկավար է, լավ աշխատանքն անգամ քեզ չի փրկի։ (Ասեմ, որ պրն Անանյանը չի սիրում «Առավոտին» եւ «Հայկական ժամանակ»-ին, իսկ դա նշանակում էր, որ այդ թերթերին վերաբերող ոչ մի աշխատանք կուրսում չէր լինելու)։ Կա մի կարեւոր նախապայման՝ պաշտպանության ողջ ընթացքում չօգտագործես «ես համաձայն չեմ», «ես այլ կարծիքի եմ» արտահայտությունները։ Չփորձես հակառակվել դեկանիդ պնդումներին, մանավանդ, եթե թեման քաղաքական կուսակցությունների գործունեության լուսաբանմանն է վերաբերում։ Չնայած քսան տարեկան ես եւ լավ չես հիշում կոմունիստական վարչակարգի գործունեությունը, այնուամենայնիվ, դեկանը քեզ կստիպի կոնկրետ պատասխանել՝ ե՞րբ էր լավ՝ այն ժամանա՞կ, թե՞ հիմա։ Չփորձես անկախության օգտին խոսել. դա քեզ միայն կվնասի։ Դեկանի զայրույթը կհասնի գագաթնակետին, եթե միամտորեն ասես, որ կոմունիստական վարչակարգի ժամանակ կար գրաքննություն։ «Չիամացածդ բաների մասին մի խոսիր, կային ազատության որոշ սահմանափակումներ»,- կըմբոստանա կոմունիզմի ջատագովը։ Շատ դեպքերում դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը պրն Անանյանը վերածում էր մենախոսության եւ ինքն էլ, ընդամենը հանձնաժողովի անդամ լինելով, միանձնյա էր որոշում ուսանողի գնահատականը, եւ հակառակվողներ չկային նույնիսկ հանձնաժողովի անդամներից։ Այս իրավիճակն է պատճառը, որ մագիստրատուրայում սովորելու մասին երազող ուսանողը վերջին մեկ ամսում, նույնիսկ մի քանի օրում վերջնականապես հրաժարվում է այդ ֆակուլտետում ուսումը շարունակելուց։ ՄԱՐԻՆԵ ՍԱԴՅԱՆ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2001թ. շրջանավարտ