«Մենք կապ չունենք» Մի առիթով Դիլիջանի Գոշ գյուղի բնակիչներից արձանագրեցինք բողոք այն մասին, որ ունենալով «սեփական» եկեղեցի (Գոշավանք), կնունք ու հարսանիքի համար նրանք հասնում են Հաղարծին: Տեղանքին քիչ թե շատ ծանոթ մարդն, անշուշտ, գիտե, որ Հաղարծնի վանք հասնելու համար տեղական «տրանսպորտը», այն է՝ ավանակ, ձի ու ձիասայլ, այնքան էլ հարմարավետ ու պրակտիկ փոխադրամիջոց չէ ե՛ւ քչության, ե՛ւ վանքի հեռավորության պատճառով։ Ուստի հետաքրքրվեցինք, թե ինչպես է հոյակերտ այս եկեղեցին մնացել առանց քահանայի։ Ըստ տեղացիների, խնդիրն ուղղակիորեն կապված է գյուղի ճանապարհի հետ։ «Կաթողիկոսն ուզում է վանքը վերցնի ու քահանա դնի, բայց քանի որ ճանապարհի ու վանքի կառուցման համար դրված փողը կերել են ու գործ չեն արել, չի վերցնում»,- այսպես ներկայացրին խնդիրը գոշեցիները։ Կիսակառույց ճանապարհի պատմությունն ամբողջացնելու համար առաջինը դիմեցինք Հուշարձանների պահպանության վարչության պետ Գ. Գյուրջյանին։ Պարզվեց, որ նրանց վարչությունը գործի հետ առնչություն ունի այնքանով, որ 1700-ի պետական հանձնաժողովի պատվերով կազմել է քրիստոնեության ուխտագնացության ուղեգծերին հարակից հուշարձանների սխեման, նշել դեպի հուշարձանները տանող ճանապարհներն ու դրանց վիճակը։ Գոշավանքի քարուքանդ ճանապարհը նույնպես ներառվել է կառուցման կարիք ունեցողների թվում։ «Որքան ես գիտեմ, դրա ֆինանսավորման եւ իրականացման հարցը 1700-ի գրասենյակինն է ու տրանսպորտի նախարարությանը,- նշեց Գ. Գյուրջյանը։- Մենք կառուցման հետ կապ չունենք»։ Հետագա պրպտումների արդյունքում պարզվեց, որ հիշյալ ճանապարհի հետ «կապ չունեն» նաեւ 1700-ի ե՛ւ պետական, ե՛ւ եկեղեցական հանձնաժողովները։ Խոսրով Հարությունյանի գրասենյակից ենթադրեցին, որ «միգուցե ֆինանսավորումը եղել է արտերկրի բարերարների կողմից, բայց թե ինչու է կիսատ մնացե՜լ»։ Հիմա էլ կիսակառույց ճանապարհի խնդրից անցնենք Գոշավանքի ու նրա քահանայի խնդրին։ Սրանից տեղյակ էին բոլորը, անգամ՝ կառավարությունը։ Պարզվում է, որ դեռեւս հուլիսին կառավարությունը որոշում է կայացրել (թիվ 616), ըստ որի, Հուշարձանների պահպանության վարչության հովանու տակ գտնվող 150 եկեղեցիներ պետք է անցնեն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ենթակայության տակ կամ՝ նրա հաշվեկշիռ։ Նոր սեփականատերը պարտավորվել է հոգալ ընդունման-հանձնման, ինչպես նաեւ՝ իր սեփականության պահպանման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը։ Հիշյալ 150-ի մեջ են նաեւ Մայր Աթոռ եկեղեցին, Գեղարդավանքը եւ այլ մշտապես գործող եկեղեցիները, որոնք մինչ օրս մնացել էին անշարժ գույքի պետական ֆոնդում։ Մասնավորեցումից դուրս է մնացել միայն 7 հուշարձան (պատմամշակութային արգելոցները), որոնք անժամկետ տրվել են Մայր Աթոռին՝ օգտագործման համար։ Դրանց թվում է նաեւ Գոշավանքը։ Ընդունման-հանձնման գործընթացը շարունակվում է, եւ Գոշ գյուղի բնակիչները կարող են վստահ լինել, որ մի գեղեցիկ օր էլ իրենք կունենան գործող եկեղեցի ու քահանա։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ