Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Որքան

Հոկտեմբեր 23,2001 00:00

ԱՌԱՎՈՏՅԱՆ՝ ԹՎԵՐԸ, ԵՐԵԿՈՅԱՆ՝ ՓՈՂԵՐԸ Որքան էլ «Առավոտի» համար անսովոր է, այդուհանդերձ, հնարավոր չէ չնկատել եւ չգնահատել, թե ինչպես է պետական կառույցը իր օղակներով հրատապ արձագանքում մամուլի հրապարակումներին եւ համագործակցության առաջարկ անում։ Համենայնդեպս մեր թերթում տպագրված՝ մարդահամարի մասին հոդվածները ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը ոչ միայն կարդում է, այլեւ ըստ պատշաճի օգտագործում դրանց ինֆորմացիան։ Մասնավորապես հոկտեմբերի 17-ի համարում տպագրված «Թե չէ՝ հաշվում եք, հաշվում» հոդվածի առնչությամբ հենց նույն օրվա երեկոյան Ծառայությունը, ի դեմս նախագահ Ստեփան Մնացականյանի, խնդրում էր իրենց տրամադրել հիշատակված անբարեխիղճ հաշվարարների կամ նրանց վստահված հաշվային տեղամասերի վերաբերյալ կոնկրետ տվյալներ՝ «արձանագրված բացթողումները շտկելու գործընթացը հնարավորինս արագ կիրառական հարթություն տեղափոխելու նկատառումով»։ Նամակագիրը չէր մոռացել հավելել՝ հնարավորության դեպքում։ Այդ ինֆորմացիան մեզ տրամադրած լրագրողները հրաժարվեցին կոնկրետացնել իրենց բողոքները՝ չխախտելու համար լրագրողական էթիկայի կանոնները, քանի որ իրենց այցելած հաշվարարներին նրանք չէին ներկայացել իբրեւ լրագրող։ «Առավոտի» մեկ այլ հրապարակման առիթով՝ «Ես չիմացա՝ ով ես դու, դու չիմացար՝ ով եմ ես», արձագանքը եղել էր գործնական. գտել էին կոնկրետ հաշվարարին, նրա փոխարեն ներողություն խնդրել քաղաքացուց եւ խոստացել կրկնակի հարցմամբ խնդիրը շտկել։ Պաշտոնական պարզաբանումների համար դիմելիս էլ (հավատացեք լրագրողի դառը փորձին) Ծառայության աշխատակիցները իրենց «չեն թանկացնում» դասական հայ «քյարթու» չինովնիկների պես, որոնք իրենց մեծ կամ պստիկ աթոռների վայելքի մեջ են։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի վարչության պետ Սամվել Ներսիսյանից տեղեկացանք, որ մարդահամարի ժամանակ տվյալները մատիտով լրացնել հաշվարարներին թույլ է տրվել միայն հոկտեմբերի 10-ին՝ առաջին օրը. «Դրանից հետո խստիվ արգելված էր»։ Բացառություն կարելի էր անել մեկ-երկու հարցի դեպքում, եթե անորոշություն կա, այն էլ հետագայում կոդավորման եւ մուտքագրման փուլերում ջնջումներից խուսափելու համար։ Մի քանի բնակարան ունեցողներին այդ մի քանի բնակարանում չհաշվառելու համար տրվում է ուղեկցող թերթիկ (որով նա կարող է հաշվառվել իր՝ մեկ այլ բնակարանում)։ Հետագայում այդ թերթիկը մարվում է։ Այսինքն, ստուգվում է՝ արդյոք նա չի հաշվառվել մեկ այլ բնակարանում։ Տվյալները համադրվում են՝ կրկնությունից խուսափելու համար։ Միջազգային դոնոր կազմակերպություններից ՀՀ-ում մարդահամարի անցկացման համար տրվելիք գումարների ուշացումներ կան։ «Ցանկացած աշխատանքի նորմալ ընթացքը ենթադրում է՝ ֆինանսավորում, մեթոդաբանություն, կազմակերպչական աշխատանքներ, իրագործում։ Մեզ մոտ այդ սխեման մի քիչ խառնվեց»,- ասաց Ս. Ներսիսյանը։ Աշխատանքների կազմակերպումն ու անցկացումը արվել է գումարները տալու մասին՝ դոնոր կազմակերպությունների պայմանագրերով հաստատված հավաստիացումների հիման վրա։ Պրն Ներսիսյանը տոկոսային հարաբերակցություն չնշեց, այլ թվարկեց՝ տրվել են քարտեզագրման գումարների մի մասը, Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության եւ տարածաշրջանների բաժինների պետերի, նրանց՝ մարդահամարի գծով տեղակալների աշխատավարձը, նյութերի տպագրման գումարները եւ այլն։ Պրն Ներսիսյանը հավաստիացնում է, որ այդ գումարների ուշացման պատճառով աշխատանքներ հետ չեն ընկել. «Այլապես մարդահամարի անցկացումը վտանգված կլիներ»։ Հաշվարարների, տեղամասի պետերի աշխատավարձի գումարները կլինեն նոյեմբերին։ Անփույթ, անբարեխիղճ հաշվարարների աշխատավարձը տույժերի հետեւանքով կպակասի։ Թե ինչքան ենք՝ ազգովին կամ ինչպես Ս. Ներսիսյանն է ասում, նախնական տվյալները հայտնի կլինեն 2002-ի հունվար-փետրվար ամիսներին։ Հիմնական արդյունքները՝ մասնավորապես 70 տեսակի աղյուսակներով, պատրաստ կլինեն 2003-ին։ Ինչպես տեղեկացանք մարդահամարի վարչության պետից, հաշվարարի անունով գողեր եւ խարդախներ չեն անհանգստացրել քաղաքացիներին։ Համենադեպս, իրենց ահազանգեր չեն եղել։ Իսկ այ, դեռ մարդահամարի սկսվելուց առաջ մանր դրամաշորթներ այս ու այնտեղ հայտնվել են՝ այս կամ այն հարցի պատասխանը «կոմյուտեր մտցնելու» համար 100-200 դրամ պահանջելով։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել