Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պաշտոնական տեղեկատվությունից անցնենք ավելի ռեալ իրականությանը, որն, ի դեպ, միանգամայն տարբեր է:

Հոկտեմբեր 23,2001 00:00

Իշխանության թեկնածուն անցավ Պաշտոնական տեղեկատվությունից անցնենք ավելի ռեալ իրականությանը, որն, ի դեպ, միանգամայն տարբեր է: Այդ իրականությունն այն է, որ ընտրության օրը Արագածոտնի ոսկեվազցի բնակիչներն ասում էին, թե Դ.Երիցյանի օգտին քվեարկած 15 ձայնը 1 պարկ ալյուր արժե: Իհարկե, այդ թեկնածուն ավելի թանկ է «նստել» մարզի այն բնակիչների համար, ովքեր զրկվել են նպաստից եւ մարզպետարանում հավաստիացում ստացել, թե դրանք կարող են ստանալ ընտրություններից հետո: Վերահսկողության մեխանիզմը, թերեւս, պարզ է ու այնպիսին, ինչպիսին արձանագրվեց ընտրության օրը Աշտարակի համալսարանի ընտրատեղամասում: Հանձնաժողովի անդամը ընտրողից պահանջում էր ցույց տալ, թե ում օգտին է քվեարկել, որ հետո քվեաթերթիկը կնքի, ինչը, ըստ օրենքի, պետք է աներ մինչեւ քաղաքացու քվեարկությունը: Օշականի ընտրական տեղամասում էլ Վանաձորում գրանցված օշականցի մանկավարժ Սոնա Ավագյանը եկել ու ընտրության էր մասնակցում: Տեղամասի հանձնաժողովի անդամ, ՀՀՇ ներկայացուցիչ Ռ.Բոցինյանի բարձրացրած աղմուկից հետո տիկին Սոնան արդեն Դ.Երիցյանի օգտին քվեարկած թերթիկը ձեռքն առած շրջում էր տեղամասում: Վիճակն առավել քան անբարվոք էր Ոսկեվազի ընտրական տեղամասում: Այստեղ թեկնածու Տ.Վարդազարյանի վստահված անձը ընտրողներից մեկի գրպանից քվեաթերթիկներ էր հայտնաբերել, որոնք արդեն քվեարկված էին Դ.Երիցյանի օգտին: Նույն տեղամասում պարզվեց, որ մեկ օր առաջ պատին փակցված ընտրացուցակների կեսն անհայտացել էր, փոխարենն ավելացել էր «մեռած հոգիների» նոր ցուցակ: «Անհայտ կորածներին» ընտրության իրավունքից չզրկելու համար խորհուրդ էր տրվում դիմել դատարան, որտեղ նրանց ճակատագրին արժանացած արդեն շուրջ 400 մարդ կար: Այս ամենն, իհարկե, մեզ ծանոթ է 95-99թթ. ի վեր: Բայց կար ընտրությունները կեղծելու մի նոր տեխնոլոգիա, որին, թերեւս, 2003-ին կհանդիպենք, հատկապես՝ մարզերում: Ընտրությունից օր առաջ, հոկտեմբերի 20-ին Մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ Մերուժան Մկրտչյանը հետին թվով հանձնաժողովից հեռացրել է ընտրատեղամասերի հանձնաժողովներում ընդգրկված ՀՀՇ-ի ու «Հայրենիք» դաշինքի ներկայացուցիչներին: Օրենքի խախտումն, անշուշտ, ակնհայտ է: Բարձրացված աղմուկից հետո նույն օրը, նույն Մ.Մկրտչյանի կնիքով հեռացվածները վերականգնվում են աշխատանքի: 20-ի լույս 21-ի գիշերը պարոն Մկրտչյանը դարձյալ մտքափոխ է լինում ու ընտրության օրը «Հայրենիք» դաշինքի ներկայացուցիչները տեղամաս ներկայանալով պարզում են, որ, չէ՛, իրենք, այնուամենայնիվ, հեռացված են: Թեկնածու Ա.Մկրտչյանի ներկայացուցիչ պարոն Օհանյանը նկատեց. «Հանձնաժողովների մեր անդամներին տեղամասային ընտրական հանձնաժողովներից հեռացնելու միակ նպատակն էր վերջիններիս թույլ չտալ մասնակցել տեղամասերում քվեաթերթիկների հաշվելու գործընթացին: Ընտրությունների նախապատրաստման փուլում թույլ տրված այդ օրինախախտումը բավարար պայման է, որպեսզի ընտրությունները, Ընտրական օրենսգրքի հոդված 133-ի 3-րդ մասի համաձայն, անվավեր ճանաչվեն: Հանձնաժողովների մեր ներկայացուցիչները տեղամասերում չեն մասնակցել քվեաթերթիկների բացման, ստորագրման փուլին, տեղյակ չեն եղել, թե իրենց տեղամասը ՄԸՀ-ից քանի քվեաթերթիկ է ստացել: Դեպքեր կան, երբ մեր ներկայացուցիչները մասնակցել են հոկտեմբերի 20-ի նիստին, քվեաթերթիկների վրա ստորագրել են, բայց ընտրության օրը պարզվել է, որ նրանք այլեւս հանձնաժողովի անդամներ չեն: Այսինքն՝ քվեաթերթիկի վրա նրանց ստորագրությունը կողմնակի անձի ստորագրություն է եւ չի կարող համարվել սահմանված նմուշի քվեաթերթիկ»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031