Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ամերիկահայ

Հոկտեմբեր 23,2001 00:00

«ՄԵՆՔ ՄՏԵՐԻՄ ՉԷԻՆՔ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՀԵՏ» Ամերիկահայ Սերոբ Տեր-Պողոսյանը «Մեթըլ Փրինս» ընկերության նախագահն է, «Ռոտարի ինթերնեյշնըլ» ակումբի վարչության անդամ, ՀՄԸՄ անդամ։ Նրա հետ զրույցի նպատակը «Հոկտեմբերի 27»-ի գործում առկա իրեն առնչվող տվյալների վերաբերյալ պարզաբանումներ ստանալն էր։ -Նախ պիտի խնդրեմ մեկնաբանել այն պնդումները, որ «Ռոտարի» ակումբը, որի հայաստանյան մասնաճյուղի նախագահն էիք Դուք մի ժամանակ, կապ ունի մասոնների եւ Կենտրոնական հետախուզական վարչության հետ։ – «Ռոթըրի» ակումբի սկիզբը եղած է բիզնեսմենների իրար օգնելը։ Չիկագոյի մեջ 1905-ին սկսած են 4 բիզնեսմեններ, որ նույն շենքի մեջ գործ ունեին, ըսել են՝ մեկու տունը հանդիպինք, ծանոթանանք։ Շաբաթվա վերջը երկրորդի տունը հանդիպել են, վերջը՝ երրորդի, չորրորդի։ Աս ձեւ սկսել են կլոր շրջան՝ ատկե «Ռոթըրի» անունը, որ կլոր կնշանակե։ Ուրեմն, իրենց սկզբի միտքը, որ եթե ես դերձակի պետք ունիմ՝ պետք է երթամ մեկու մոտ, որուն կվստահիմ, որ ինձի չպիտի խաբե։ Եվ ադ ձեւով, եթե պետք եղավ ատամնաբույժի մոտ երթալ եւ այլն։ Միտքն ատ էր։ Կարծեմ 1932-ին անդրադարձան, որ քանի որ հզոր բիզնեսմեններ են ակումբի մեջ՝ ինչո՞ւ միայն իրար օգնեն, այլ սկսին իրենց համայնքին օգնել։ Եվ երկիրներ կան, որուն մեջ օգնության պետք կա։ Ատ երկրներու մեջ ալ «Ռոթըրի» ակումբ բացելու միջոցավ կարելի է օգնիլ համայնքին։ Երբ ես եկա Հայաստան, այստեղ արդեն «Ռոթըրի» ակումբի դիմումնագիրը ղրկված էր, որոշած էին՝ ակումբ ունենալ։ Ես ալ արդեն Փասադենայի մեջ եղած էի ակումբի անդամ, հրավիրած էին։ Հրավերով է։ Հիմա, թե որչափ կրնամ փաստել կամ չփաստել՝ դուք պիտի որոշեք։ Ո՛չ մասոնական շարժում է, ո՛չ գաղտնի է։ Չեն կրնա պատկերացնել, որ մեկը կրնա օգնել առանց օգուտի։ Ադ տեսակ մարդիկ շատ ունենք Հայաստանում, որ երբ մենք մարդասիրության գործ մը կընենք՝ միշտ կհարցնեն. «Քո օգուտդ ի՞նչ է»։ Աս մարդիկ էլ կկարծեն, որ անպայման պետք է կապ եղած ըլլա CIA-ի (Կենտրոնական հետախուզական վարչության.- Ա. Ի.) հետ եւ չեն կրնա պատկերացնել, որ մեկը կրնա օգուտ ընել, առանց ինքը շահելու։ – Խնդիրն այն է, որ ոչ թե Հայաստանում այս ակումբին վերագրվեց նման գործունեություն, այլ ռուսական մամուլում եւ Անդրեյ Պլատոնովի գրքում է այդպես ներկայացված, որ «Ռոտարիի» իրական նպատակը երկրներում ներդրվելով՝ դրանց տնտեսական եւ քաղաքական կարգը քայքայելն է։ – Քանի՜ անգամ լսած եմ, որ մարդիկ հարցրած են նույն հարցը. մինչեւ իսկ՝ մեր անդամները, երբ «Ռոթըրի» ակումբը նոր բացված էր, կըսեին. «Մենք կապ ունի՞նք մասոններու հետ»։ Կըսենք՝ եղբա՛յր, եթե որեւէ մեկ տեղ մի կապ եղավ՝ մենք չենք տեսած։ Որեւէ կասկած չկա իմ մտքիս մեջ, որ կապ չկա ո՛չ մասոնների, ո՛չ CIA-ի, ո՛չ կագեբեի հետ։ Չեմ գիտեր, թե ինչ ըսել է երկրներ քայքայելը։ Եթե մենք հաշմանդամ երեխաներուն կբերենք իրարու մոտ, իրենց կսորվեցնենք, որ հաշմանդամ ըլլալը տկար բան չէ, կրնաս լրիվ նորմալ երեխայի հետ միասին աշխատիլ, խաղալ՝ նույն վրանի տակ, որ երկու ամառ ըրինք, եթե քաղցկեղի կենտրոնին քաղցկեղի զննման սարքավորումներ բերել-տեղադրելը, եթե անապահով երեխաներուն կտանենք կցուցնենք Խոր Վիրապը, Մասիս-Արարատը, թանգարանը, եթե էկոլոգիայի մասնագետ կղրկենք Սքոթլանդիա, որ Սեւանի ջուրը մաքուր պահեն՝ եթե ասոնք երկիր քայքայելու բաներ են, ուրեմն, կրնան ատեն ըսին, որ ասոնք երկիրը կքայքայեն։ Մենք ի՞նչ՝ մեր աշխատանքը շարունակ այս տեսակ աշխատանք եղած է։ – Ձեր անձի նկատմամբ, սակայն, ուշադրության պատճառ դարձավ Հունանյանների ընտանիքի հետ բարեկամությունը։ Ճի՞շտ է, արդյոք, որ մտերմությունն այն աստիճանի է եղել, որ մտադրություն եք ունեցել որդեգրել Կարեն Հունանյանին։ – Ես միայն կըրնամ պատկերացնել մեկ բան, որ շատ հարցրած են ինձի. շատ անգամ ընտանիքները կըսեն ինձի, որ երեխան կուզեն ղրկել Ամերիկա՝ ի՞նչ կրնանք ընիլ։ Միակ ձեւը, ես կկարծեմ՝ կամ պիտի երթալ ուսանելու, կամ, եթե մեկը կրնա որդեգրիլ երեխան՝ կրնա երթա Ամերիկա։ Կրնա ըլլալ, որ իրենք էլ հարցուցած են՝ ինչպես կրնան երթալ եւ կրնա ըլլա ըսած ըլլամ, որ պետք է մեկը քեզի որդեգրե։ Ինքը ըսել է՝ «Դուն ինչի՞ չես որդեգրե»։ Կրնա ըլլալ՝ ադպես բան եղած է, բայց չեմ հիշեր։ – Այնուամենայնիվ, Ձեր եւ Հունանյանների տարիքային տարբերությունը հաշվի առնելով, մի քիչ տարօրինակ է այնպիսի ընկերությունը, որ անգամ ծնվել էր Ձեզ իրենց մոր հետ ամուսնացնելու գաղափարը։ – Այդ աստիճանի մտերմություն չկա՛ր։ Հարցումի ձեւն է, որ ինձի կբարկացնե։ Մենք մտերիմ ընկերներ չէինք։ Փաստաբանն այդպես ներկայացնելով կուզե, որ սա հարցը ոչ թե կենտրոնանա իսկական ոճրագործներու վրա, այլ տարածել… չեմ գիտեր։ Կամ ինքզինքը կուզե մեծ մարդ մեջտեղ բերել, կամ կուզե դատարանն ուղղել ուրիշ ուղղությամբ։ Ես ալ կտեսնեմ, որ կրնա ըլլալ՝ իրենք չեն ուզեր, որ իսկական դատը շարունակե կենտրոնանալ ոճրագործներու վրա, կսկսեն չորս կողմը փնտրել ուրիշ բաներ։ Կարենին կճանչնայի իբրեւ ՀՄԸՄ-ի երեխաներեն մեկը։ Երբ որ եկա Հայաստան, ինքն է, որ ինձի ճանչցավ, ես չէի ճանչընար իրեն։ 10 երեխաներեն մեկն էր, որ Հայաստանեն Լոս Անջելըս եկած էին 1990-ին եւ մեր մարզական խաղերու բացման արարողությանը ներկա եղած էին։ Ինքն ինձի ճանչցավ, «եղբայր Սերոբ» ըսավ եւ խմբով ինձի պտտեցուցին Հայաստանը՝ իբր թուրիսթ։ Ա՛տ էր մեր առաջին հանդիպումը։ Անկե վերջը, որ ետ եկա Հայաստան՝ 1993-ին, կուզեի Վանաձոր երթալ, ճամփան չէի գիտեր, պետք է մեկը ինձի տաներ Վանաձոր, ըսավ. «Ես կուգամ հետդ»։ Վանաձոր գացինք։ Ատկե վերջը, երբ ետ եկանք՝ իր մորը եւ եղբորը ծանոթացուց։ Ես Հայաստանի մեջ շատ բարեկամներ ունիմ, 19 հատ սանիկ ունիմ կնքած։ Ինքզինքս չեմ ուզե գովիլ, բայց 100-ավոր մարդոց ես օգնած եմ տարբեր-տարբեր ձեւերով։ Այսինքն, իմ հարաբերություններ իրենց, կրնամ ըսել, 4-5-6 կատեգորի կըրնա ըլլալ, ոչ թե մտերիմ եւ այլն։ Միայն թե, մայրը եկավ խնդրեց, որ երեխաները կուգան, փող կբերեն, իրենց օգնե, ըսանկ ըրե, որ իրենց գործին մեջ սխալ քայլեր չանեն։ Ըսի՝ շատ լավ, կօգնեմ։ – Իմիջիայլոց, այս առնչությամբ էլ մեկնաբանություններ կան, որ 1000 դոլարի ձեր մասնաբաժինը չներդնելով «Ն եւ Ն» ընկերության մեջ, գուցե Ձեր հեռագնա նպատակը Հունանյան եղբայրներին սնանկացնելն եւ հուսահատ քայլի մղելն էր։ – Վա՜յ, վա՜յ, վա՛յ-վա՛յ- վա՛յ- վա՛յ։ Աս որտեղնե՞րը գացինք։ Ես որեւէ փող դնելու տրամադրված չէի, նպատակ չկար մասնակցելու փողով։ Որեւէ խո՛սք չկար։ Ո՞վ կհրամցնե աս բաները։ Շա՛տ սուտ բաներ են։ Երբ որ մայրն ըսավ, որ իրանք փող պիտի բերեն, ես շատ հստակ ըսի, որ ես կրնամ իրենց ուղղություն տամ, բայց ես բիզնեսի մեջ չեմ մասնակցի։ Ասի՝ իրենց գործն է, իրենց փողն է, թող իրենք ընեն, ես միայն կրնամ խրատ տամ՝ եթե կուզեն։ Ասին՝ մենք անունդ կուզենք ֆիրմայի մեջ, որ երբ դիմենք՝ արտասահմանյան մեկ անդամ ըլլա, ֆիրման ավելի արժեք կունենա։ Մինչեւ իսկ չգիտեմ՝ ինչու որոշված էր «Ն եւ Ն»՝ իրենց որոշումն էր։ Ճիշտը չեմ գիտեր, թե ինչ գործերով զբաղվեցան։ Քանի մի անգամ կգային, ինձմե խրատ կհարցնեին։ Կուզեին օղի պատրաստել՝ ըսի, մեյ մը գացեք քննեցեք, օղին ինչպես կրնաք պատրաստել, ինչքան ծախս պիտի ըլլա։ Վերջը, երբ եկան, ըսին, որ շապիկներ տպելու գործ պիտի ընենք, մենք տեսած ենք, ծովեզերք մարդիկ շատ կգնեն՝ ըսի, եղբա՛յր, Երեւանի մեջ ո՞վ պիտի գնե ատ շապիկները։ Իմաստ չունի՝ ատ տեսակ բիզնեսը, պետք է կամ ծովեզերք ըլլա, կամ տեղ մը ըլլա, որ շատ թուրիսթ կուգան։ Ըսի, որ իմ անունս հանեք, խնդրեմ։ Ըսին՝ շա՛տ լավ։ – Հետաքրքիր է Ձեր գնահատականը նրանց կատարածի վերաբերյալ։ Ձեր կարծիքով, ինչի՞ հետեւանք էր այն։ «Հետգրություն» ծրագրին Ձեր հարցազրույցում ասացիք, որ չգիտեք ինչ է կատարվել։ – Ինձ հարցված էր, թե ինչ վճիռ կտայի նրանց։ Ես ըսի, որ չեմ հետեւած դատարանի խոսակցության եւ չեմ գիտեր, թե ուր հասած է դատը, ով ինչ ըսած է։ Պետք է մեկը գիտնա՝ երկրի կանոններն ի՞նչ է եւ կանոններու համապատասխան վճիռը տա։ Չեմ ըսեր, որ իրենք հարձակված չեն կամ չեն ըրած։ Ես չեմ գիտեր։ Ատքան մոտեն չեմ ճանչնար նրանց անձը, որ կրնամ որեւէ գաղափար կազմել մտքիս մեջ։ Ինչ որ լսած եմ՝ իրենք մտած են պարլամենթ եւ կրակել են, սպանել են։ Ատքա՛ն լսած եմ։ Կհավատամ, որ եղած է, որովհետեւ ամեն մարդ տեսած է աչքովնիր։ Բայց թե ինչ պետք է լինի իրենց վճիռը՝ չեմ գիտեր։ Չեմ գիտեր՝ Հայաստանին մեջ մահապատիժ կա՞, ցմահ բանտարկություն կա՞։ Թե ինչ պետք է լինի՝ ես չեմ գիտեր։ Կանոնները չեմ գիտեր՝ ոչ փաստաբան եմ, ոչ ալ դատավոր։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել