Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հարցազրույց

Հոկտեմբեր 23,2001 00:00

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳՆԵԼ Է ԱՅՍ ԱՄԵՆԻՑ» Հարցազրույց Շավարշ Քոչարյանի հետ – «ԲԷՑ-երի մասնավորեցման մասին» օրենքի քվեարկության օրինականությունը ստուգելու նպատակով ՍԴ ուղարկված պատգամավորների դիմումների թիվը Շավարշ Քոչարյանին հաջողվեց լրացնել։ Սակայն սպասելի է, որ նոր «փոշմանողներ» կհայտնվեն։ – Պետք է լինել ե՛ւ տրամաբանական, ե՛ւ հետեւել օրենքի պահանջներին։ Այնպես որ, շատ տրամաբանական էր տանել այդ 45 ստորագրությունը, եւ ՍԴ-ն էլ չէր կարող հրաժարվել գործն ընդունելուց։ Իհարկե, ակնկալվում է, որ պետք է ավելի արագացված սցենարով ընթանա, պետք է աշխատակարգային նիստ չլինի, որովհետեւ նյութն, ըստ էության, արդեն ուսումնասիրված է։ Տեսնենք՝ կգնա՞ այդ տրամաբանությամբ գործի քննությունը, թե՞ ոչ։ Բնական հարց է առաջանում, որ այդ ընթացքում կարող են նոր պատգամավորներ հրաժարվել։ Հնարավոր է նաեւ որոշակի ճնշումներ լինեն։ Բայց, հասկանալի է, որ արդեն նոր հրաժարվողներն ավելի ծանր վիճակում են հայտնվում։ – Ի՞նչ ակնկալիք ունեք ՍԴ որոշումից։ – Այստեղ մի շատ հետաքրքիր հարց է դրված։ Չէ՞ որ մենք չենք բողոքարկում կամ վիճարկում ակտի էությունը։ Այսինքն, մենք չենք բողոքարկում ԲԷՑ-երի օրենքի էությունը։ Մի կողմ թողնենք այն դիրքորոշումը, որ ԲԷՑ-երի սեփականաշնորհման մասին օրենքը սխալ էր ընդունվել։ Մենք ընդամենը խոսում ենք մի բանի մասին՝ կեղծիքով չպետք է ընդունվեն օրենքները։ Այդ տեսակետից, իհարկե, պետք էր ակնկալել, որ պատգամավորների ճնշող մեծամասնությունը կստորագրեր։ Ավելին, հաշվի առնելով, որ իրավիճակը փոխվել է եւ պատգամավորների մի մասը կողմ չէր քվեարկում միայն այն պատճառով, որ ռուսական մասնակցությունը չկա։ Հիմա արդեն այդ մասնակցությունը կա։ Չէ՞ որ հասկանալի է, որ եթե չեղյալ հայտարարվի ակտը, ապա նոր քվեարկության դեպքում բավականին կտրուկ մեծացել են օրենքն ընդունելու հնարավորությունները։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ուրեմն ի՞նչն են պաշտպանում։ Ստացվում է, որ պաշտպանում են կեղծիքը, ստացվում է, որ այս բոլոր ճնշումներն ուղղված են մի բանի վրա, որ կեղծիքը պետք է կատարել։ Այ, սա է մտահոգիչն այս ամենի մեջ։ ՍԴ-ն ի՞նչ որոշում կկայացնի, դժվար է կանխագուշակել։ Բայց, ցանկացած վերլուծություն ցույց է տալիս, որ հասկանալի չէ՝ ինչի՞ համար են կռվում, ի՞նչն է հիմքում։ Հանուն ինչի՞ են պայքարում։ Սա մտահոգիչ է, այսինքն՝ հասցնել պետությունն այսպիսի պրիմիտիվ մակարդակի, երբ բոլոր ուժերը լարվում են մի հարցի շուրջ՝ պաշտպանել կեղծիքը, ուղղակի տարօրինակ է։ Եվ միաժամանակ կոչեր անել, որ աշխարհը փոխվել է, կան վտանգներ, որ սպառնում են մեզ, եկեք համախմբվենք։ Եկեք համախմբվենք, բայց ինչի՞ շուրջ, կեղծիքի՞ շուրջ։ – Ստորագրությունները ետ վերցնող ձեր գործընկերները խիստ տարօրինակ պատճառաբանություններ ներկայացրին։ Մասնավորապես, Գ. Կոստանդյանն ասաց, որ ինքը չի իմացել, թե ինչ է ստորագրում, իսկ կոմունիստներն ասացին՝ քանի որ ռուսական ընկերությունները մասնակցում են ԲԷՑ-երի մասնավորեցմանը, ուրեմն իրենք խաղից դուրս են գալիս։ – Ինչ վերաբերում է Գ. Կոստանդյանին, ստորագրելու համար ես իրեն ներկայացրել եմ տեքստը, եթե նա չի կարդացել, դա իր խնդիրն է։ Ես գտնում եմ, որ ցանկացած տեքստ, որ ստորագրում է պատգամավորը, պարտավոր է ոչ միայն կարդալ, նաեւ մինչեւ վերջ հասկանալ։ Ես համոզված եմ, որ Գ. Կոստանդյանը գրագետ է եւ նա ի վիճակի էր այդ տեքստը կարդալ։ Ինչ վերաբերում է կոմունիստների ասածին՝ ի՞նչ է ստացվում. եթե դու շահագրգռված ես, ուրեմն կարելի է կեղծե՞լ։ Այդ դեպքում՝ ես չեմ հասկանում իրենց ընդդիմադիր լինելը։ Միացեք մեծամասնությանը, որը կեղծում է, միասին կեղծեք եւ առաջ գնացեք։ Նշեմ, որ բոլոր կոմունիստներին նկատի չունեմ։ – Խոսվում է նախագահի պաշտոնանկության ստորագրահավաքի մասին, բայց դեռեւս հայտնի չէ՝ քանի պատգամավոր է ստորագրել, ըստ ոմանց՝ իրենք պատրաստ են 44-րդ լինել, դեռ թող ուրիշները ստորագրեն։ – Ինձ համար ակնհայտ է, որ եռյակի կողմից արված հայտարարությունը հետապնդում էր երկու նպատակ. առաջինը՝ դիրքավորվել, ցույց տալ, որ ընդդիմադիր են։ Եվ դա շատ լավ ձեւ էր։ Երկրորդը՝ այդ գործընթացը կազմակերպելով հնարավորություն ունենալ հանդիպումներ կազմակերպել հանրապետության տարբեր շրջաններում։ Որովհետեւ ժողովրդի մեջ դժգոհություններ կան, խոսքերից հոգնել են, կոնկրետ քայլեր են ուզում, դա էլ կոնկրետ քայլ է։ Ավելին՝ քայլը վերադարձվում է ժողովրդին, ասվում է՝ դուք ճնշեք ձեր պատգամավորին։ Մենք սկսել ենք, հիմա խոսքը ձերն է։ – Խոսվում է հոկտեմբերի 26-ին կայանալիք հանրահավաքի մասին, ասվում է, որ շրջադարձային է լինելու եւ այլն։ Ի՞նչ դիտարկում ունեք եւ դուք մասնակցելո՞ւ եք հանրահավաքին։ – Հասարակությունը շատ է հոգնած այս ամենից։ Փոփոխությունների կարիքը բոլորը զգում են եւ, եթե այդ հանրահավաքը ոչ միայն ուղղված լինի իշխանափոխությանը, այլ նաեւ իր մեջ պարունակի «հանուն» գաղափարներ, դա կարող է իրոք շրջադարձային դառնալ։ Բայց, իմ գնահատականով, բավականին մեծ թվով մարդիկ կգնան հանրահավաքի։ – Դուք ելույթ ունենալո՞ւ եք հանրահավաքի ժամանակ։ – Եռյակը անցկացնում է, երբ որ հրավիրի, այդ ժամանակ ես կկողմնորոշվեմ։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031