Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այսօր շախմատի աշխարհի հինգերորդ առաջնությունը կհատի եզրագիծը

Հոկտեմբեր 20,2001 00:00

ԱՄԵՆ ԲԱՆ ԿՈՐՈՇՎԻ ԱՅՍՕՐ Այսօր շախմատի աշխարհի հինգերորդ առաջնությունը կհատի եզրագիծը Օպերային թատրոնում հողագնդի ուժեղագույն հավաքականների մրցապայքարը որքան մոտենում է ավարտին, մրցաշարային աղյուսակում իրավիճակն այնքան խճողվում է։ Քանի որ թիմերն արդեն մանեւրելու հնարավորություն եւ հերթական տուրից հետո իրադրությունը շտկելու այլեւս ժամանակ չունեն, ուստի, պայքարը դառնում է էլ ավելի դաժան ու համառ։ Այդքան մեծ է անգամ յուրաքանչյուր կես միավորի արժեքը։ Երեկ կայացած ութերորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը աշխարհի հզորագույն թիմերից մեկն էր՝ Ուկրաինայի ընտրանին։ Մեր թիմը, որ այնքան մեծ վերելքով էր սկսել մրցելույթները, առաջնության ընթացքում որոշ չափով տեղի տվեց եւ ավարտին փոքր-ինչ բարդացրեց վիճակը։ Նկատի ունենք նախորդ առաջնության համեմատ ավելի բարձր ու պատվաբեր տեղ զբաղեցնելը։ Սակայն պետք է հաշվի առնել, որ մեկնարկում համեմատաբար թույլ մրցակիցների նկատմամբ բացահայտ հաղթանակներ տոնելուց հետո մեր տղաները վիճակահանության քմահաճույքով ուժերը պետք է չափեին ավելի փորձառու եւ հեղինակավոր մրցակիցների հետ։ Եվ եթե այս ֆոնի վրա նայենք նաեւ մեր գլխավոր մրցակիցների ցույց տված արդյունքներին, կտեսնենք, որ առանց բացառության բոլոր հավաքականներն էլ գերազանց խաղ են ցուցադրում։ Մասնավորապես, օլիմպիական եւ աշխարհի չեմպիոն Ռուսաստանը՝ Պյոտր Սվիդլերի գլխավորությամբ, որքան էլ ջանաց, երեկ չկարողացավ առավելության հասնել Ուզբեկստանի քառյակի նկատմամբ եւ բոլոր չորս խաղատախտակների վրա գրանցվեցին ոչ-ոքիներ։ Նույն հաշվով ավարտվեց նաեւ Գերմանիա-Կուբա մրցամարտը։ Մակեդոնիա-Հունգարիա հանդիպումում աշխարհի ուժեղագույն թիմերից մեկի կազմից միայն Ռուխին հաջողվեց հաղթել Նեդեւին։ Մյուս երեք պարտիաներում մրցակիցները բաժանեցին միավորը։ Եվ Հունգարիան, առանց իր առաջատար Պետեր Լեկոյի մասնակցության, 2,5։1,5 հաշվով դժվարին հաղթանակ տարավ։ Ի դեպ, ամենայն հավանականությամբ, Լեկոն երեկ հատուկ նախապատրաստվում էր այսօր Հայաստանի հետ կայանալիք եզրափակիչ տուրին։ Վերադառնալով Հայաստան-Ուկրաինա հանդիպմանը, ասենք, որ նախորդ տուրում Ջումաեւից կրած պարտությունից հետո հանգստանալու թույլտվություն էր խնդրել Սմբատ Լպուտյանը, իսկ Աշոտ Անաստասյանին փոխարինել էր երիտասարդ Կարեն Ասրյանը։ Վլադիմիր Հակոբյան-Վասիլի Իվանչուկ պայքարում առաջատարները միմյանց հրաժեշտ տվեցին խաղաղ տրամադրությամբ (0,5։0,5)։ Շուտով նույնպիսի վճիռ կայացրին նաեւ Կարեն Ասրյանն ու Վլադիմիր Բակլանը։ Անչափ դրամատիկ պայքարում ընթացավ Ռուսլան Պոնոմարյով-Ռաֆայել Վահանյան պարտիան։ Ուկրաինացի գրոսմայստերը հանդիպման միջնամասում որոշակի դիրքային առավելության էր հասել։ Բայց Վահանյանին, կարծես, համառ ջանքերի շնորհիվ հաջողվեց ինչ-որ չափով հավասարեցնել պայքարը։ Այդուհանդերձ, փորձառու մրցակիցն ստեղծված իրավիճակում գործելով անսխալ, կարողացավ պարտության մատնել մրցակցին։ Արտաշես Մինասյան-Օլեգ Ռոմանիշին հակամարտությունում խաղատախտակի վրա բավականին խճճված իրավիճակ էր ստեղծվել։ Շուտով խաղաքարերի արագ փոխանակումից հետո որոշակի պարզություն ստեղծվեց եւ գրոսմայստերները տեսան, որ ճիշտ վճիռը ոչ-ոքին է։ Հայաստանը 1,5։2,5 հաշվով պարտվեց Ուկրաինային։ Այսպիսով, վերջին տուրից առաջ առաջատարը Ռուսաստանն է՝ 19,5 միավոր։ Ուկրաինան 19,0 միավորով շրջանցեց Հայաստանին եւ երկրորդ տեղում է։ Մեր թիմը նրանից ետ է մնում կես միավորով եւ զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Այնուհետեւ գալիս են. 4. Գերմանիա՝ 16,0, 5. Կուբա՝ 14,5, 6-7. Հունգարիա եւ Ուզբեկստան՝ 14,0-ական միավոր, 8. Մակեդոնիա՝ 8,0, 9. Իրան՝ 4,5։ Այսօր վճռորոշ տուրում զույգեր են կազմել Ուկրաինան եւ Ռուսաստանը, Հունգարիան եւ Հայաստանը, Ուզբեկստանն ու Գերմանիան, Իրանն ու Մակեդոնիան։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել