Ամբաստանյալը ատամների կարիք ունի «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը երեկ սկսվեց ամբաստանյալ Նաիրի Հունանյանի հարցաքննության արձանագրությունների հրապարակմամբ, որը տեւեց մինչեւ ժամը 14։00-ն։ Ընդմիջումից հետո՝ ժամը 15-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանից ստացվել է դիմում։ Ամբաստանյալը գրել էր, որ իր բերանի խոռոչում տեղադրված է եղել արհեստական ատամանաշար, որը փչացել է, իսկ սնվելն էլ դժվարացել։ Նոր ատամնաշար դնելու համար նա խնդրում էր, որ թույլատրեն մեկուսարան այցելի իր բժիշկը՝ Արմեն Սարգսյանը։ Երեկ դատարան էր ներկայացել արդարադատության նախարարության բարդ գործիքային հետազոտությունների լաբորատորիայի վարիչ, մասնագիտությամբ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Վահե Գրիգորյանը։ Եթե հիշում եք, նախորդ դատական նիստին Վ. Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Օլեգ Յունոշեւը միջնորդություն էր արել՝ ՀՀ հեռուստատեսության կողմից ԱԺ-ում 1999թ. հոկտեմբերի 27-ին արված տեսաերիզը համալիր-կոմիսիոն փորձաքննության ենթարկելու մասին։ Ընդ որում նա շեշտել էր, որ դա կարող է արվել միայն Ռուսաստանում, ՆԳՆ Փորձագիտական կենտրոնի մասնագետների մասնակցությամբ։ Փաստաբանը, ինչպես ինքն էր պնդում, զրուցել էր (նախապես իր այդ միջնորդությունը անելուց առաջ) հայաստանյան մասնագետների հետ եւ հայտնեց, որ Հայաստանում չկան նաեւ համապատասխան սարքավորումներ։ Մասնագետը նախ ասաց, թե Հայաստանում համապատասխան մասնագետներ չկան, կա մի փորձագետ, որն ունի 2 տարվա աշխատանքային ստաժ, որ ինքը իբրեւ փորձագետ նման փորձաքննության մասնակցելու իրավասություն չունի։ Վ. Գրիգորյանը հայտնեց, որ ինքն այս գործով մասնակցել է փաստաթղթաբանական փորձաքննության։ Թվում էր, թե դատարանը հեռացավ Օ. Յունոշեւի բարձրացրած հարցադրումներից։ Հավանաբար, այդ պատճառով մեղադրողներից Գագիկ Ավետիսյանը հարցրեց. – Ի վերջո, Հայաստանում ունե՞նք հնարավորություններ տեսաերիզի հետ կապված հարցերի պատասխանը ստանալու համար։ Հիշեցնենք, պարզապես, որ խոսք է գնում տեսաերիզի իսկությունը ճշտելու, վերաձայնագրման ժամանակ հնարավոր աղավաղումների, հնարավոր մոնտաժի մասին։ Վ. Գրիգորյանն ասաց. «Փորձաքննություն միանձնյա կատարելը դյուրին գործ չէ, այստեղ պետք է հանձնաժողով գործի»։ Կողմնորոշվելու համար ԱՆ ներկայացուցչին տրվեց կարճ դադար։ Արդյունքում մասնագետը պնդեց, որ իրենք ունեն տեխնիկական լայն հնարավորություններ, անգամ «3-րդ սերնդի» համակարգիչներ եւ, որ տեսաերիզը զննելուց, հետազոտելուց հետո հնարավոր կլինի ասել. մասնագիտական օգնության կարիք կա՞։ Այնպես հասկացանք, որ ԱՆ փորձագետներին կտրվի վիճահարույց տեսաերիզը, հետո… կպարզվի, որ շատ հարցերի պատասխան դեռ էլի կա։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ