Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՊՀ հրատարակչության շնորհիվ, ՀՀ ԿԳՆ-ի օրհնությամբ, «Սահմանադրական եւ օրենսդրական քաղաքականության ինս

Հոկտեմբեր 20,2001 00:00

«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ» ՉԴԱՍԱԳԻՐՔԸ ԵՊՀ հրատարակչության շնորհիվ, ՀՀ ԿԳՆ-ի օրհնությամբ, «Սահմանադրական եւ օրենսդրական քաղաքականության ինստիտուտի օժանդակության» հիմնադրամի հայկական մասնաճյուղի միջոցներով ուսանողների սեղանին է դրվել «ՀՀ քրեական օրենսգիրք», ընդհանուր մաս» դասագիրքը։ Այս ձեռնարկումը շատ ուրախալի կլիներ, եթե նրա որոշ մեկնաբանություններ անհեթեթ եւ կամայական չլինեին, չհակասեին քրեական նոր օրենսգրքի նախագծի տրամաբանությանը։ Բուհերի համար դասագիրք շրջանառության մեջ դնելը օրենքի նախագծի հիման վրա, արդեն խոսում է նրա մեկանգամյա օգտագործման մասին: Դրանով ուսուցանել անձանց, որոնք մի քանի տարի հետո են սկսելու իրենց մասնագիտական աշխատանքը՝ անլուրջ է եւ վնասարար։ Դասագրքի առանձին գլուխներ ավելի շուտ մենագրությունների, հոդվածների, լավագույն դեպքում՝ ինչ-որ թեզի տպավորություն են թողնում, քանի որ հաճախակի է շեշտվում հեղինակի «այս դրույթն խիստ անորոշ է», «…եւ դա արդարացի է», «մեր կարծիքով», «կարծում ենք ճիշտ կլիներ» կարծիքը։ Առկա է նաեւ հասկացությունների շփոթ՝ օրինակ, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելը ուսանողին հրամցվում է որպես պատժից ազատելու ձեւ (էջ 484, տ. 8)։ Հեղինակը գրում է. «Համադրական վերլուծությունից (խոսքը ՔՕ նախագծի 72 եւ 80 հոդվածների մասին է- Ս. Պ.) բխում է, որ ցմահ ազատազրկումից պայմանական վաղաժամկետ ազատելիս՝ չկրած (պատժի- Ս. Պ.) մասը ութ տարի է (էջ 489, տ. 5)։ Ակնհայտ է, որ ոչ թե պատժի չկրած մասն է ութը տարի, այլ՝ տվյալ անձի դատվածությունն է մարվում վաղաժամկետ ազատվելուց հետո, ութը տարվա ընթացքում։ Այս դեպքում աչքաթող է արվել, որ ցմահ դատապարտվածը պայմանական վաղակետ է ազատվում ներում ստանալու հետեւանքով եւ այս դեպքում չկրած պատժի ինչ-որ ժամկետի մասին խոսք լինել չի կարող։ Ըստ դասագրքի, ստացվում է, որ եթե ցմահ ազատազրկման դատապարտվածը վաղաժամկետ ազատվելուց հետո կատարի մեկ այլ հանցագործություն, ապա դատարանն իրավունք ունի լրիվ կամ մասնակի այդ ութը տարին գումարել նոր պատժին, որը, բնական է, ճիշտ չէ։ Ընդ որում, դատվածությունը հանելու հարցը կարող է բարձրացվել դատապարտյալի կողմից նշանակված պատժի կեսը կրելուց հետո» (էջ 514, տ. 14)։ Քրեական նոր օրենսգրքի նախագծի նորմերի կամային մեկնաբանման ռեկորդակիրը դասագրքի 19-րդ գլխի «3-ն է։ Կարդում ենք. «Պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով միայն ազատազրկում կրող դատապարտյալների եւ բացառապես ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների համար։ Այլ պատժատեսակների, ինչպես նաեւ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար ազատազրկման դատապարտվածների պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով չի կարող փոխարինվել»։ Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը կարգավորվում է նախագծի 73-րդ հոդվածով, որը բաղկացած է երեք մասերից։ Առաջին մասը սահմանում է հիշյալ նորմի կիրառումը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների դեպքում եւ չի սահմանում դատապարտյալի կողմից այդ իրավունքի ձեռքբերման որեւէ ժամկետ։ Եթե նկատի ունենանք, որ ըստ նախագծի ազատազրկման ձեւով պատժի ժամկետը չի կարող վեց ամսից պակաս լինել (հ. 72), ապա պարզ է դառնում, որ ոչ մեծ կամ միջին ծանրության համար դատապարտվածների պատիժը կարող է մեղմացվել ազատազրկման նվազագույնը՝ վեց ամիսը կրելուց հետո։ Սա ակնհայտ է, քանի որ նախագծի 73-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ «Պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով՝ դատապարտյալի կողմից պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը փաստացի կրելուց հետո»։ Եթե այս (73) հոդվածի առաջին մասը կարգավորում է ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների դեպքում այդ իրավունքի ձեռք բերման հարցը, ապա բնական է, որ երկրորդ մասը վերաբերում է միայն մնացած երկուսին՝ ծանր եւ առավելապես ծանր բնույթի հանցագործություններին, որը, հիրավի, նախագծի ձեռքբերումն է եւ գործող քրեական օրենսգրքի պրիմ հոդվածից հրաժարումը նրան շահեկանորեն տարբերում է վերջինից։ Ասածիս ապացույցն է նաեւ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծի 33 հոդվածի երրորդ մասը՝ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով կարող է փոխարինվել միայն, երբ դատապարտյալը փաստորեն կրել է պատժի ոչ պակաս մեկ երրորդը։ Սահմանված պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելիս օրենքի որեւէ նախագծում ծանր եւ առավել ծանր բնույթի հանցագործություններին ցուցաբերվում է միատեսակ մոտեցում, որը միանգամայն արդարացված է, իսկ երբ խոսքը վերաբերում է պայմանական-վաղաժամկետ ազատմանը, ապա դրանք տարբերակվում են՝ առաջինի դեպքում դատապարտյալը պետք է կրի նշանակված պատժի ոչ պակաս կեսը, երկրորդի դեպքում՝ երկու երրորդը։ Սակայն դասագիրքն ուսուցանում է, որ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների կատարման համար դատապարտվածները պայմանական-վաղաժամկետ ազատվելու հնարավորություն ունեն, իսկ պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու՝ ոչ, որն անտրամաբանական է։ ՍԵՐԳԵՅ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել