Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ գյուղնախարարության Պարենային քաղաքականության վարչության պետ Վալերի Ազոյանի՝ եվրահանձնաժողովը տար

Հոկտեմբեր 20,2001 00:00

ԿՐՔՈՏ ՁԵԹԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ Ըստ գյուղնախարարության Պարենային քաղաքականության վարչության պետ Վալերի Ազոյանի՝ եվրահանձնաժողովը տարեկան 10 մլն եվրո է ուղղում Հայաստանի տնտեսության, այդ թվում եւ գյուղատնտեսության զարգացմանը, եւ արդեն նկատելի են «շոշափելի դրական արդյունքներ»։ Մինչդեռ համակարգի մեկ ուրիշ պատասխանատու աշխատակից (նախկինում էլ նախարարի պաշտոն զբաղեցրած)՝ Աշոտ Ոսկանյանը, համոզված է, որ գյուղատնտեսության ոլորտի բոլոր այն խնդիրները, որոնց առջեւ կարելի է թիվ 1 գրել, դեռեւս շա՜տ-շատ են։ Դրանցից ամենաբարդն էլ արտադրված արտադրանքի իրացման կազմակերպումն է Հայաստանի ներսում եւ նրանից դուրս, ինչպես նաեւ գյուղմթերքների մեծ ավելցուկի վերամշակումը, որը գլխացավանք է դարձել գյուղացիների համար։ Վերջին տարիներին բնակչության սոցիալ- տնտեսական սուղ պայմանների պատճառով այլ սննդատեսակներից ստիպված հրաժարվելու հաշվին կտրուկ աճել է բուսական յուղի պահանջարկը Հայաստանում։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ, միջին հաշվարկներով, տարեկան 1 շնչին բաժին է ընկնում 7-8 կգ բուսական յուղ, այն դեպքում, երբ տվյալ սննդատեսակը հիմնականում ներմուծվում է դրսից, քանի որ վաղուց վաճառված ձեթ-օճառի կոմբինատը չի աշխատում, ու համակարգին քաջածանոթ մասնագետների պնդմամբ՝ դժվար թե երբեւէ աշխատի։ Ի դեպ, հայաստանցիների պարտադրված կրքոտ «ձեթասիրությանը» վարժված գյուղնախարարությունում բնակչությանը դրսից ներկրված բուսական յուղերից ձերբազատելու որոնումների մեջ են եւ խաղողի, խնձորի, կարտոֆիլի, կաղամբի ու մյուս գյուղմթերքների իրացման հարցերը «լուծված համարելով»՝ արդեն ոգեւորված են բուսական յուղ ստանալու համար անհրաժեշտ կուլտուրաների (սոյա, կտավատ, արեւածաղիկ եւ այլն) արտադրության գաղափարներով, ինչպես նաեւ գյուղական վայրերում առավել կենսունակ ձեռնարկությունների ստեղծմամբ, որոնք իբր համապատասխան պատվերներ կտան գյուղացիական տնտեսություններին՝ պայմանագրային հարաբերություններով աշխատելու համար։ Երեւի «տեղյակ չեն», որ վերամշակող ձեռնարկությունները նվազագույն գներով եւ սահմանափակ քանակությամբ են ընդունում գյուղմթերքները, իսկ որոշ գործարարներ էլ հաճախ գերադասում են դրսից ներմուծված կիսաֆաբրիկատները՝ տեղական հումքից եւ տեղական գլխացավանքներից։ Գուցե վստա՞հ են, որ հայկական ձեթարտադրության հնարավոր հաջողությունները հեղաշրջելու են բնագավառը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել