Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թիվ

Հոկտեմբեր 20,2001 00:00

«Լիքը» խոստումների սպասումով Թիվ 1 մանկական համալսարանական հիվանդանոցը կառավարության որոշմամբ, էքսպերիմենտի կարգով, անվճար հայտարարվեց։ Սոցիալական վատ պայմաններում ապրող, անվճարունակ մարդիկ հասցրին ուրախանալ այս առիթով, թեեւ կարճատեւ էր այդ ուրախությունը։ Հիվանդանոցի էնդոսկոպայի կաբինետի վարիչ Նաիրա Վանյանը պատմում է, որ իրենց կոլեկտիվը ըմբռնումով մոտեցավ խնդրին եւ կարծեց, որ հիվանդանոցի եւ իրենց կյանքում ինչ-որ դրական տեղաշարժ կլինի։ «Սկզբում հիվանդների բավական մեծ հոսք եղավ։ Գալիս էին հեռավոր շրջաններից, խուլ գյուղերից՝ մտածելով, որ վերջապես հիվանդ եւ անվճարունակ մարդուն ձեռք մեկնող եղավ»,- պատմում է տիկին Վանյանը։ Ըստ նրա, բժիշկներին նույնիսկ աշխատավարձի բարձրացում խոստացան։ «Բայց ոչ աշխատավարձը բարձրացրին, ոչ էլ եղած չնչին աշխատավարձը վճարեցին։ Այդ մարդասիրական, ազգանվեր նախաձեռնությունը մի քանի ամիս հետո տապալվեց, քանզի մեր կառավարությունը ունակ չէ լուծելու նման կարեւորագույն եւ առաջնահերթ խնդիրներ»,- եզրակացնում է բժշկուհին։ Այդ հիվանդանոցը ունի տասնյակ տարիների պատմություն, որը ստեղծել եւ ստեղծում են այնտեղ աշխատող բժիշկները։ Հիվանդանոցն ունի վիրաբուժական, սոմատիկ, տրավմատոլոգիական, աչքի, վերակենդանացման, նորածինների բաժիններ, որոնց ղեկավարները երկար տարիների փորձ ունեցող բժիշկներ են եւ ամեն մեկն իր տեղում անհատականություն է։ «Այս մարդկանց աշխատանքով է, որ ստեղծվում է մեր հիվանդանոցի ինքնատիպ պատկերը եւ ձեռագիրը։ Պարզապես անհրաժեշտ է, որ դա տեսնեն, գոնե երբեմն գնահատեն մեր ղեկավար այրերը։ Անհրաժեշտ է նրանց ուշադրությունը հիվանդանոցի առջեւ ծառացած այս կամ այն խնդրի հանդեպ»,- ասում է Նաիրա Վանյանը։ Այն, որ հիվանդանոցի նոր ղեկավարությունը քիչ ջանք չի գործադրում հիվանդանոցի աշխատանքը բարելավելու համար, տիկին Վանյանի կարծիքով, բավական չէ ռադիկալ փոփոխությունների համար։ Այս դեպքում, ըստ նրա՝ «անհրաժեշտ է կառավարության եւ առողջապահության նախարարության սրտացավ եւ անմիջական աջակցությունը»։ Իսկ այն, որ երկրի առողջապահությունը շտապ եւ ռադիկալ փոփոխության կարիք ունի, տիկին Վանյանը չի կասկածում։ Իրենց հիվանդանոցի բազմաթիվ պրոբլեմները թվարկելը տիկին Վանյանը սկսեց դիագնոստիկ կաբինետներից։ Դրանց անխափան աշխատանքի համար սարքավորումներն աշխատանքային վիճակում պահելը պատկառելի գումարներ է պահանջում, որոնք հիվանդանոցը չունի։ Նույնիսկ 1 տարի 8 ամիս չվճարած աշխատավարձ ունի, էլ ի՞նչ այլ խնդիրների մասին կարող է խոսք լինել։ Այս պայմաններում տիկին Վանյանն իրենց աշխատանքը բարեգործություն է համարում։ Ստացվում է՝ բժիշկները բարեգործ են, իշխանություններն՝ անգործունյա։ Ն. Վանյանը որոշ հարցերում արդարացիորեն մեղադրում է նաեւ իր կոլեգաներին։ Կան բժիշկներ, որոնք համագործակցում են դեղորայք իրացնող ֆիրմաների հետ, եւ դեղորայքի սպառման քանակից են կախված նրանց ստացած գումարային տոկոսները։ Այս դեպքում բժիշկը դառնում է շահագրգիռ՝ ոչ թե հիվանդի ապաքինման, այլ դեղերի սպառման հարցում եւ հիվանդին տալիս դեղորայքի այնպիսի մեծ ցուցակ, որը գնել վերջինս, հաճախ, ընդունակ չէ։ Տիկին Վանյանը գտնում է, որ տարիներով աշխատավարձ չստացած այսպիսի բժիշկը ստիպված է համագործակցել դեղորայքի ֆիրմաների հետ՝ իր աշխատանքը վարձատրված տեսնելու մարդկային բնական պահանջից դրդված։ «Այս իրավիճակի հետեւանքն այն է, որ հիվանդն օրեցօր հեռանում, օտարվում է բժշկից, եւ դա ոչ պակաս անհանգստություն ու հուսահատություն է առաջացնում, քան տարիներով վարձատրված չլինելու տխուր փաստը»,- ասում է Նաիրա Վանյանը։ Բուժաշխատողները հիշում են նաեւ հանրապետության նախագահի հայտարարությունը, թե գնահատում է բժիշկների անշահախնդիր աշխատանքը եւ պետությունը վարձահատույց կլինի՝ երբ կարողանա։ Բուժաշխատողները ոչ միայն դա հիշում են, այլեւ հարցնում են. «Ինչքա՞ն կարելի է դատարկ խոստումներով սպասել»։ ԼՈՒՍԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել