Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գործունեության լիցենզիա ունե՞ք, թե՞ ոչ»,- այս պարզագույն հարցը «Առավոտի» առաջին էջում պատկերված օբյ

Հոկտեմբեր 20,2001 00:00

ԶՐՈՒՅՑ ՉՍՏԱՑՎԵՑ, ԻՍԿ ԱՅ ԼԻՑԵ՜ՆԶԻԱՆ «Գործունեության լիցենզիա ունե՞ք, թե՞ ոչ»,- այս պարզագույն հարցը «Առավոտի» առաջին էջում պատկերված օբյեկտի տիրոջ (տերերի) ինքնասիրությունն այնքան «վիրավորեց», որ 4 օր շարունակ այդ լիցենզիան ցույց տալու խոստումները տալով-հետ վերցնելով, վերջում որոշեցին այն ցույց տալ, բայց հեռվից։ Այնքան, որ դրա իսկությունը վիզուալ չտարբերակելը եւ բովանդակությանն էլ անհաղորդ մնալը ստիպեցին մեզ այլ աղբյուրներից ստանալ այդ ինֆորմացիան։ Ինչից հետո կասկածում ենք, թե մեր տեսածը օրինական փաստաթուղթ էր։ Դատեք ինքներդ։ Մինչ այդ մեզ պարզել հաջողվել էր հետեւյալը. մայրաքաղաքի Աբովյան-Իսահակյան փողոցների հատման ստորգետնյա անցումում (մետրոյի Երիտասարդական կայարանի մոտակայքում) եւ Աբովյան-Կորյուն հատման անցումում (Բժշկական համալսարանի դիմաց) գործում են երկու իրար նման օբյեկտներ՝ երեքական խաղային ավտոմատներով՝ քողարկված սեւ ապակիների հետեւում։ Խորհրդավորությամբ պարուրված են ոչ միայն այդ ավտոմատները, այլեւ դրանց ենթադրական տերերը։ Նախ, նրանց հայտնաբերելը դետեկտիվ պատմություն էր հիշեցնում։ Նրանց գտնելու ջանքերը պետք է որ փոխհատուցվեին հարցի շուտափույթ լուծմամբ, որն է. «Ահա՛ մեր լիցենզիան։ Ցտեսություն»։ Բայց իր (գուցե նաեւ իր հովանավորի) մեկ այլ օբյեկտում՝ «Բիլարգա» սրճարանում, տերը՝ Արայիկը (հարկ չհամարեց հայտնել ազգանունը), հարցնում էր, թե ում բողոքի հիման վրա է «Առավոտը» հետաքրքրվել այդ ավտոմատներով։ Բողոքողների դրդապատճառները մեզ համար էլ առանձնապես ընդունելի չէին («մեր ուսանող երեխաները դասերը թողնում-գնում են այնտեղ՝ խաղալու»)։ Սակայն այդ բողոքն ընդամենը առիթ էր՝ ճշտելու դրա այն պնդումը, որ օբյեկտներն անօրինական են գործում։ Արայիկի հետ մեր զրույցը, ինչպես բազմաթիվ անգամ նա որակեց, «չէր ստացվում»։ Պատճառը՝ դարձյալ նրա ձեւակերպմամբ՝ «տարբեր բաների մասին ենք խոսում»։ Դիտարկումը դիպուկ էր. մենք ասում էինք՝ «լիցենզիա», նա՝ «դուք հո հարկային տեսուչ չե՞ք։ Ինձ վիրավորում եք»։ «Խոցված» սրտով՝ Արայիկը խոստացավ հաջորդ օրը ցույց տալ լիցենզիան։ Հրաժեշտը բարեկամական էր եւ հետագա տհաճ զարգացումներ ամենեւին չհուշող։ Հաջորդ օրը խոստումը չկատարվեց. Արայիկը պետական աշխատանքի է՝ շատ զբաղված։ Ի դեպ, նա տեղի չտվեց մեր հարցումներին եւ իր պետական աշխատանքի բնույթը այդպես էլ չբացահայտեց։ Ըստ մեր դիտարկումների, այդ շատ զբաղված աշխատանքը նա կատարում է Կապի եւ տրանսպորտի նախարարությունում։ Երկու օր հետո լիցենզիայի փոխարեն մեզ բախտ վիճակվեց տեսնել Կարենին՝ Արայիկի եղբորը (ինչպես ներկայացվեց՝ առանց ճշտելու հարազատության աստիճանը)։ Վերջինս մեզ էր փոխանցում եղբոր վիրավորվածությունը։ Հաճոյանալու, ամեն կերպ օգնելու պատրաստակամության (չենք ուզում գրել նաեւ սպառնալիքի. ինքներդ որոշեք՝ ինչպես որակել. «Մի հարցով էլ դուք մեզ կդիմեք։ Ամեն ինչ փոխադարձ է» տիպի խոսքը) էտապները երկու եղբայրներն անցան, այդպես էլ չընդունելով լրագրողի հետաքրքրության մեր դրդապատճառները, որոնք էին՝ պարզել իսկությունը։ Կարեն «Սահակյանը» (թույլ տվեք կասկածել մեզ վերջապես շնորհ արված ազգանվան իսկությանը) նույնպես պետական աշխատանքի է, գերզբաղված։ Նրան առանձնապես «չէր հետաքրքրում» բողոքողի անձը, քանի որ արդեն «գիտեր»՝ դա մեկն է, որը «իրենց» օբյեկտի հարեւանությամբ գործում է անօրինական եւ ուզում է իրենց խանգարել։ Մենք անընդհատ կասկածի տակ ենք դնում այդ օբյեկտների՝ երկու եղբայրներին պատկանելու փաստը, ամենեւին չուրանալով նրանց՝ «թափով» լինելու հնարավորությունը։ Պարզապես մեր չճշտված տվյալներով դրանց հետեւում կանգնած է հարկային ոլորտի մի պաշտոնյա, ինչը «Սահակյանները» հերքում են։ Այդ օրվա զրույցի ընթացքում Կարեն «Սահակյանը» մի քանի անգամ հեռախոսով «բարկացավ» մեկի վրա, որը լիցենզիաները սրճարան բերելու փոխարեն, «դրանք փակել էր սեյֆում եւ… Լենինական մեկնել»։ Այս անհնազանդ անպատասխանատուն «Լենինականից» մինչեւ վերադարձավ, Կարեն «Սահակյանը» հասցրեց ինքը հեռու տեղ մեկնել եւ պատրաստ էր լիցենզիաների տվյալները մեզ թելադրել հեռախոսով։ Դրանք անձամբ տեսնելու մեր ցանկությունը դարձյալ խորապես «վիրավորեց» նրան։ Հետո նա երեւի այնքան ուշ վերադարձավ այդ «հեռու տեղից», որ գերադասեց խախտել մեր պայմանավորվածությունը եւ ուշ ժամի չանհանգստացնել մեզ։ Հաջորդ օրվա հանդիպմանը Կարեն «Սահակյանը» մեզ թղթեր պարզեց, որոնց տվյալներն արտագրելու կամ որոնք պատճենահանելու մեր ցանկությունը ափերից հանեց արդեն Արայիկին։ Հետագա մեր ողջ զրույցի ընթացքում դրանք շրջված դրված էին սեղանին եւ դրանք տեսնելու մեր խնդրանքներին միայն մի պատասխան կար. «Ո՛չ։ Դուք ասացիք, որ լիցենզիան ուզում եք տեսնել ձեզ համար»։ Փաստաթուղթը տոնածառ չէ, որը տեսնելը բավարար է դրա իսկության մեջ համոզվելու համար։ Ոչ էլ 2 վայրկյան ձեռքում պահելը, ինչի հնարավորությունը մեզ ընձեռվեց։ Սակայն այդ 2 վայրկյանում նկատեցինք, որ դրանք օրիգինալը չեն, այլ պատճենները։ Մեզ եզրակացություն անել թույլ չենք տալիս, ինչը արեցին մեր զրուցակիցները. «Էս աղջիկը ինչ-որ մեկի պատվերն է կատարում»։ Նշենք, որ Աբովյան-Իսահակյան ստորգետնյա անցումում խնդրո առարկա օբյեկտի հարեւանությամբ գործում է մեկ այլ կազինո, որի աշխատակիցը ամենայն հանգստությամբ թույլ տվեց մեզ նույնիսկ լուսանկարել պատին փակցված իրենց լիցենզիաները՝ տրված «Ումառ» ՍՊԸ-ին։ Արձանագրում ենք «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքով նման գործունեության իրավունք՝ լիցենզիա տվող մարմնի պաշտոնական պատասխանն այս մասին մեր հարցմանն ի պատասխան։ «Նշված գետնանցումներում գործունեության լիցենզիա ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը տվել է միայն «Ումառ» ՍՊԸ-ին։ Ուրիշ լիցենզավորված օբյեկտ այդտեղ չի գործում»։ Տրամաբանենք՝ եթե ուրիշը գործում է, ուրեմն լիցենազավորված չէ։ Գուցե հենց այս պատճառով էլ Պետեկամուտների նախարարությունում չգտան նման հարկատուի։ Իսկ այդ ի՞նչ նվիրական պատճենների մեզ բախտ վիճակվեց 2 վայրկյան հաղորդվել։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել