Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես

Հոկտեմբեր 20,2001 00:00

Փաստաթղթեր ունեն «Ես չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող է մտածել, թե Աբովյանի գարեջրի գործարանի նման գործարանը կարող է ինչ-որ քայլեր անել օրենքից դուրս»։ Չնայած «Սեդ Մարսեդ» խորհրդատվական ընկերության նախագահ Տիգրան Ջրբաշյանի այս կարծիքին, այնուամենայնիվ, ՀՀ Արժեթղթերի շուկայի հանձնաժողովը կասկածեց։ Իսկ կասկածն առաջացել էր թերթում հրապարակված այն հայտարարությունից, որով «Աբովյանի գարեջրի գործարան» ԲԲԸ-ն այսինչ օրը, այսինչ ժամին, այսինչ տեղը, այսինչ հարցով բաժնետերերի ժողով է հրավիրում։ Հանձնաժողովը մտավախություն է ունեցել, որ բաժնետերերին սահմանված կարգով չի ծանուցվել։ Մինչ այդ, ԲԲԸ-ն Արժեթղթերի հանձնաժողովում չէր գրանցվել որպես հաշվետու թողարկող, չնայած հանձնաժողովի կարգադրությանը։ Հանձնաժողովի մտավախությամբ, կարող են խախտված լինել բաժնետերերի (ներդրողների) շահերը։ Հանձնաժողովը սույն կասկածը փարատելու նպատակով լսումներ էր կազմակերպել՝ ԲԲԸ-ից պահանջելով ներկայացնել տարեկան հաշվապահական հաշվեկշիռը, ԲԲԸ-ի վերահսկիչ հանձնաժողովի եւ աուդիտի եզրակացությունը եւ մի շարք այլ փաստաթղթեր։ Գարեջրի գործարանն՝ ի դեմս իր իրավախորհրդատու Մանթաշյանի, ընդդիմացավ։ ԲԲԸ-ն ներկայացնողների կարծիքով, Արժեթղթերի հանձնաժողովն իրենցից (կամ յուրաքանչյուր անձից) իրավունք չունի փաստաթղթեր պահանջել։ Փաստարկն այն էր, որ ԲԲԸ-ն, ըստ օրենքի, հաշվետու թողարկող չէ, քանի որ ընկերության ակտիվները բացասական են (չնայած բաժնետերերի թիվը 116 է)։ Իսկ ԱՀ-ի սահմանմամբ, հաշվետու թողարկող է այն ԲԲԸ-ն, որն ունի 50-ից (այժմ արդեն 25-ից) ավելի բաժենտերեր եւ 50 մլն դրամից (արդեն 25 մլն-ից) ավելի ակտիվներ։ Գարեջրի գործարանի ակտիվները բացասական են։ Այս պահի դրությամբ, ակտիվների հստակ չափը հայտնի չէ, ուստի, հանձնաժողովի պնդմամբ, հաշվետու է։ Ինչ վերաբերում է բաժնետերերին թերթի միջոցով ծանուցելուն, ապա «Առավոտի» հարցին ի պատասխան Տ. Ջրբաշյանը նշեց. «Բաժնետերերին արտահերթ նիստի մասին տեղյակ է պահվել ոչ միայն հայտարարությամբ, այլ նաեւ պատվիրված նամակների միջոցով։ Նամակների պատճեններն էլ առկա են»։ Գործարանի ներկայացուցիչները հայտնեցին, որ իրենց ասածները, ինչպես նաեւ հանձնաժողովի բոլոր կասկածները փարատող հիմնավոր փաստարկներ եւ փաստաթղթեր ունեն, պարզապես, «վստահ չէինք, որ Արժեթղթերի հանձնաժողովն իրավասու է նմանատիպ փաստաթղթեր պահանջել մեզանից»։ Հանձնաժողովը հիմնավորեց օրենքի դրույթների մեջբերմամբ, որոնք չընդունելով հանդերձ, ԲԲԸ-ն համաձայնեց երկուշաբթի օրը ներկայացնել բոլոր փաստաթղթերը։ Մի խոսքով, ներդրողների (բաժնետերերի) շահերի պաշտպանությամբ թելադրված հանձնաժողովի լսումների այս նախաձեռնությունը (կամ կասկածները) չի նշանակում, որ անպայման խախտում է տեղի ունեցել, առավել եւս, եթե ԲԲԸ-ն պատրաստ է տրամադրել դրանք հերքող փաստաթղթեր։ Սա ընդամենը կապիտալի շուկայի կայացման ճանապարհին այն անհրաժեշտ ձեռնարկումներից մեկն է, որ ԱՀ-ն, որպես կարգավորող մարմին, պարտավոր է անել։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել