«ՕՐԻՆԱԿԱՆ ՈՉԻՆՉ ՉԿԱ» Ինչպես բացատրեցին ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունում, միջպետական փոխադրումների կարգը որոշվում է պարիտետային (համահավասարության) սկզբունքով։ Ըստ «Հայավտոկայան» ՊՓԲԸ-ի տնօրեն Ազատ Նիկողոսյանի, պայմանագրային հիմունքներով ավտոկայանից գործում են 9 միջազգային երթուղիներ՝ Արցախ, Թբիլիսի, Բաթում, Ախալքալաք, Ախալցխա, Վալե, Բոգդանովկա, Մարտակերտ ուղղություններով։ Այսինքն, Ռուսաստանի Դաշնություն մեկնող ոչ մի օրինական հիմունքներով երթուղի չունեն։ Մինչդեռ այսօր ամբողջ հանրապետության տարածքը վեր է ածվել միջազգային փոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցների կայանատեղիի, իսկ այդ գործով զբաղվող օֆիսները աճում են սնկի պես։ Այսպես, օրինակ, միայն Երեւանում դրանց թիվը 13-ից ավելի է, Աբովյան եւ Գյումրի քաղաքներում գործում են երեքական, իսկ Վանաձորում՝ չորս օֆիս։ Մեկական օֆիսներ կան նաեւ Սեւան, Չարենցավան, Ստեփանավան, Էջմիածին, Հոկտեմբերյան քաղաքներում։ Այսօրվա ամենաթողության պայմաններում, երբ չկա վերահսկող, պատժող, արգելող օղակ, փոխադրումներ իրագործող սուբյեկտը, օգտվելով անվերահսկելի վիճակից, շրջանցում է հարկային պարտավորությունները՝ ծավալելով ապօրինի գործունեություն։ Այս փաստը չեն ժխտում նույնիսկ իրենք՝ ֆիրմաների տնօրինությունները։ Ըստ «Պետրոս-94» ֆիրմայի ներկայացուցչի, «Հայաստանն այն երկիրն է, որտեղ ոչինչ չկա օրինական հիմքի վրա, պարզապես կա օրինականության աստիճան», համաձայն որի, իրենց ֆիրման հանրապետությունում «ամենաօրինական հիմքի վրա» գործողն է, քանի որ ունեն «եռակողմ» (Հայաստան-Վրաստան-Ռուսաստան) համաձայնություն՝ Երեւան- Թբիլիսի-Մոսկվա երթուղու շահագործման համար։ Եվ, ինչպես հավաստիացրին, համաձայն պայմանագրի, յուրաքանչյուր ուղերթից վճարում են 60 դոլար պարզեցված հարկ։ Երեւան-Մոսկվա երթուղու տոմսի արժեքը տարբեր ֆիրմաներում տատանվում է. 33-ից 35 հազար դրամ՝ գումարած 300-ից 400 ՌԴ ռուբլի։ Ինչ խոսք, որ այն ավելի մատչելի է հանրապետությունից փախչող ընչազուրկ հային, քան ինքնաթիռի տոմսը, որը համարյա կրկնակին է ($140 գումարած 10 հազար դրամ օդի տուրքի գումարը, եւ մեկնողը նախընտրում է ավտոբուսը)։ Սա նույնն է, թե օրինական հարկատուից ուղեւոր փախցնել, առանց հարկային մուծումներ կատարելու։ Անօրինական գործունեություն ծավալելու համար ֆիրմաների տերերը մեղադրում են նաեւ համապատասխան վերադաս ատյաններին։ Մասնավորապես, ինչպես տեղեկացրին «Պետրոս-94» ֆիրմայում, 1999 թվականին, երբ դիմել են «Հայավտոկայան» ՊՓԲԸ տնօրենին՝ համագործակցելու համար, վերջինս այնպիսի «սարսափելի» պայմաններ է առաջարկել, որ հրաժարվել են այդ մտքից եւ անցել «ինքնագործունեության»։ Փոխտնօրենի խոսքերով, միայն տոմս վաճառելու համար այնպիսի գումար են ուզել, որքան որ չեն վաստակում իրենք՝ մեկ ուղերթի ժամանակ։ Ի դեպ, ֆիրմաների միջեւ գործում է համերաշխ համագործակցության սկզբունքը, այսինքն՝ նշված օրը տվյալ ֆիրմայի ավտոբուսի լրիվ բեռնվածությունը ապահովելու համար մյուս ֆիրմաներից ուղեւոր են զիջում, իհարկե, յուրաքանչյուր ուղեւորի տոմսի արժեքի 20-30%-ը իրենց պահելով։ Սա էլ վատ բիզնես չէ. մի տոմս վաճառելուց 10-12 հազար դրամ եկամուտ, որը ավելին է, քան այսօրվա բժշկի կամ մանկավարժի աշխատավարձը։ Ինչպես ճշտեցինք, այդ ավտոբուսները հիմնականում գնում են մինչեւ Կրասնոդար կամ Ռոստով, որտեղից ճանապարհը շարունակող ուղեւորները մնում են երկու-երեք հոգի։ Ուստի վարորդը ավելի նպատակահարմար է գտնում այդ ուղեւորների համար տոմս գնել, որը, ի դեպ, ավելի էժան է, իսկ մեքենան ետ է վերադառնում։ Ու քանի որ ետդարձին լավագույն դեպքում ավտոբուսում 2-3 մարդ է լինում, փոխադրողը բեռ է բարձում-բերում, հիմնականում ավտոպահեստամասեր, անվադողեր, որոնք մեծ պահանջարկ ունեն հանրապետությունում։ Ֆիրմաների մեծ մասը նախկինում զբաղվել է սննդամթերքի բիզնեսով եւ միայն վերջին երկու տարին է «վերամասնագիտացվել» ու, թեեւ փոխադրողները ժխտում են, այնուամենայնիվ, ենթադրում ենք, որ բիզնեսի այս տեսակը ավելի եկամտաբեր է, քան առաջինը։ Ասածին հավելենք, որ այս ապօրինի փոխադրումները օրենսդրական եւ հարկային դաշտ բերելու գործով պետք է զբաղվի ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության նորաստեղծ տրանսպորտային տեսչությունը, որի աշխատակիցներն արդեն իսկ այցելել էին որոշ ֆիրմաներ։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ Հ. Գ. Այցելելը՝ կայցելեն, իսկ արդյունքները կտեսնենք հետագայում, որոնց անպայման կանդրադառնանք։ Անկեղծանալով ասենք, որ կասկածում ենք նրանց աշխատանքի արդյունավետությանը, քանի որ, ինչպես ցանկացած քաղաքային ու մերձքաղաքային, այնպես էլ միջքաղաքային եւ միջպետական երթուղի ունի իր ամենազոր տերը՝ հովանավորված համապատասխան գերատեսչության կողմից։