Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հրազդանի

Հոկտեմբեր 20,2001 00:00

Մեղադրանքի պաշտպանություն կոլեգիայի նիստում «Հրազդանի ՋԷԿ» ՓԲԸ նախկին տնօրեն Մարատ Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրօրի 90 հոդվածի 4-րդ մասով, 91 մլն դրամ արժողությամբ մազութի վատնման մեջ։ 13 դեպք էր արձանագրվել վերավաճառքի («մեռյալ մնացորդներով մազութի» անվան տակ) եւ նրա գործով հարցաքննվել էր 140 մարդ։ Պետությանը հասցված վնասից՝ 91 մլն-ից ՋԷԿ-ի նախկին տնօրենը կամավոր վերականգնել էր 36 մլն դրամը։ Ըստ ՀՀ-ում գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարեւոր գործերի քննիչ Հեկտոր Սարդարյանի տեղեկատվության, Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը նրա արարքը վերաորակել էր քրօրի 184 հոդվածով (անփութություն), նրան դատապարտել էր 1 տարվա ազատազրկման։ Հետագայում նրա նկատմամբ կիրառվել էր համաներում, իսկ գործն էլ գտնվում է վերաքննիչ դատարանում։ Այս դեպքում անհասկանալի էր, թե ՀՀ դատախազության երեկվա կոլեգիայի նիստում մեղադրա՞նք էին պաշտպանում մասնակիցները։ Իսկ քննարկվում էր 1992-99 թթ. ընթացքում էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների օգտագործման, այդ կապակցությամբ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվության որոշման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքը եւ արդյունքների մասին ՀԿԳ քննիչ Հ. Սարդարյանի զեկուցումը։ Ի դեպ, էլի չավարտված դատաքննություններ կային։ «Երեւանի էլցանց» ՓԲԸ «Էրեբունի էլցանց» մասնաճյուղի նախկին տնօրեններ Մանվել Բատիկյանի, Հրաչ Թումանյանի, փոխտնօրեն Արմեն Դուրգարյանի, ճարտարագետ Դավիթ Հարությունյանի, իրացման բաժնի պետ Վովա Դալլաքյանի, տեսուչներ Արթուր Ղուկասյանի եւ Հայկ Մկրտչյանի նկատմամբ հարուցվել էր քրգործ՝ փաստաթղթեր կեղծելու միջոցով 193 մլն դրամի էներգածախսի հավելագրման համար։ Այս գործով երկուսի նկատմամբ կիրառվել էր համաներում։ Ո՞վ է մեղավոր Էներգակիրների թիվ 62205700 քրեական գործի նախաքննությանը, ինչպես երեկ տեղեկացրեց ՀԿԳ քննիչ Հ. Սարդարյանը, ներգրավվել էին 10 քննիչ, 6 մասնագետ, «որոնցից 4-ը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում աշխատած պրոֆեսիոնալներ են»։ Մեկ տարի 3 ամսվա ընթացքում, ըստ Հ. Սարդարյանի, իրենք ձեռնարկել էին «օրենքով նախատեսված բոլոր հնարավոր» միջոցները՝ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունում եղած փաստերը քննելու, պատճառած վնասի չափերը ճշտելու, վերականգնելու համար։ Տեղեկատվության բացակայությանը հանդիպել է եւ քննչական խումբը, ինչի մասին ասաց քննիչը, որովհետեւ «շատ նախարարություններում, հիմնարկ-ձեռնարկություններում, արխիվացման ճանապարհով ոչնչացվել են կարեւոր փաստաթղթերը, շատ կազմակերպությունների հետքն անգամ գտնելը դժվար է, քանզի ստեղծվել են հատուկ գործարքներ կատարելու համար, կամ ավելի ուշ՝ լուծարվել են»։ Ըստ քննիչի՝ վիճակագրական եւ որեւէ այլ կարգի հաշվառում չի եղել, անգամ մաքսային կետերում։ Գլխավոր դատախազը՝ Արամ Թամազյանը հարցրեց. «Ինչո՞ւ չի կատարվել սահմանված կարգով հաշվառումը, որեւէ անձ պատասխանատվության պե՞տք է ենթարկվեր, թե՞ ոչ»։ Հետեւեց քննիչի հետեւյալ պատասխանը. «Մաքսայինը վարել է օպերատիվ հաշվառում, այն էլ ոչ պատշաճ կերպով»։ Սա բացատրվեց մաքսային համակարգի ձեւավորման հետ, ինչի արդյունքում էլ, 92-95 թթ. համար ըստ քննիչի՝ «մենք ունենք կցկտուր տեղեկություններ»։ Քննչական խումբը պահանջել էր 1992 թ. մինչեւ օրս էներգետիկայի բնագավառում կատարված հանցագործությունների վերաբերյալ կասեցված, կարճված եւ դատական ընթացք ստացած գործերը։ Առանձին ընթացք ստացած գործերից բավարարվենք միայն դրանք հիշատակելով. ՀՀ էներգետիկայի փոխնախարարի, «Հայէներգո» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատարի՝ Ստեփան Ասլանյանի եւ «նրա խմբի» գործը (վերականգնվել է 317.400 ԱՄՆ դոլար գումարը), Վանաձորի ՋԷԿ-ի տնօրենի եւ «նրա խմբի», երբ կեղծ փաստաթղթերի ձեւակերպմամբ, ըստ զեկուցողի՝ հափշտակվել էր 200 տոննա մազութ։ Նշվեցին «Օմեգա» ՓԲԸ տնօրեն Արմեն Բադալյանի, փոխտնօրեն Աշոտ Պետրոսյանի, «Կլուբ-սերվիսի» տնօրեն Սամվել Քարամյանի, ՀՀ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի Արմավիրի մարզային վարչության պետ Գեւորգ Քոչարյանի… գործերը։ Ընդհանուր առմամբ, ըստ Հ. Սարդարյանի՝ մայր գործից անջատել եւ դատարան էին ուղարկել 19 քրեական գործ, 53 անձի նկատմամբ, իսկ հօգուտ պետբյուջեի վերականգնվել էր 2.642.800.000 դրամ (2,4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք)։ Հարցաքննվել էին 3000 վկաներ, նրանց թվում՝ Հրանտ Բագրատյանը, Մելս Հակոբյանը, Լեւոն Բարխուդարյանը, Վահագն Գրիգորյանը, Վահան Մելքոնյանը։ Քննիչն ասաց նաեւ, որ իրենց խմբի տվյալների եւ հանձնաժողովի տվյալների միջեւ կան տարբերություններ եւ, որ «թե ինչո՞ւ չկան փաստաթղթերը, պատասխան չկա»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել