Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարդկությանն ուղղված 10 պատվիրանները հայտնի են ամենքին։ Երբ Քրիստոսի ծննդից հետո 1998-ին Ռոբերտ Քոչա

Հոկտեմբեր 20,2001 00:00

ՊԱՏՎԻՐԱՆ ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ՝ «ՄԻ՛ ԽՈՍԻՐ» Մարդկությանն ուղղված 10 պատվիրանները հայտնի են ամենքին։ Երբ Քրիստոսի ծննդից հետո 1998-ին Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց ամենահին քրիստոնեական երկրի նախագահի պաշտոնը եւ հանդիսավոր արարողությանը իր հայրապետական օրհնությունը բերած Վեհափառին ձեռքով ողջունեց, լրագրողներից մեկը ձեւակերպել էր 11-րդ պատվիրան՝ «Կաթողիկոսի ա՛ջը համբուրիր»։ 2001-ին նույն Քոչարյանի՝ «Պապլավոկի» պատմության մեջ «խրվելուց հետո» նպատակահարմար էր 12-րդ պատվիրան հավելել՝ «Մարդկանցից խուսափի՛ր»։ Վերջապես, Կոտայքի մարզում, «Պապլավոկի» քաշքշուկի մասին մեկնաբանություններ տալուց հետո պրն Քոչարյանին մնում է ուղղակի աղերսել՝ «Մի՛ խոսիր»։ Եթե Ռոբերտ Քոչարյանը Կոտայքի մարզում չհայտարարեր, թե «եղել է քաշքշուկ, մարդ է մահացել, ինչը շատ ցավալի է։ Եթե այդ մարդը մահացած չլիներ, ինչ-որ բաներ էլ ինքս կասեի», իրավապահների համար մանեւրելու ասպարեզ կլիներ եւ հասարակությունն էլ չէր գրգռվի մտքից, թե այս երկրում մարդասպանները մնում են ազատության մեջ։ Մարդկայնորեն կարելի է պատկերացնել, թե ինչ ապրումներ կունենա նախագահը, եթե որեւէ մեկը տետ-ա-տետ նրան վիրավորի։ Որքան էլ ասվի, թե պետության գլուխը պետական մարմին է, այնուամենայնիվ, այդ պաշտոնը զբաղեցնող անձը մնում է մարդ՝ իր մարդկային թուլություններով։ Քիչ հավանական է, որ որեւէ անհատ հասարակության մեջ իրեն հասցված վիրավորանքին կամ հայհոյանքին չհակազդի։ Բնականաբար, թիկնազոր ունեցող մեկը չի դիմի բռունցքների կամ լեզվական ճարտարության։ Թիկնազորը, քաղաքավարի ձեւակերպմամբ՝ «խնդիրը կհարթի»։ Թվարկված ո՞ր քայլից կարող էր ձեռնպահ մնալ Քոչարյանը։ Նկատելով այդ մարդու հայդուկային անցյալը, որը ենթադրում է առնվազն բռնկվող խառնվածք՝ երեւի թե ոչ մեկից։ Այստեղից էլ կարելի է պատկերացնել, թե ինչ ցնցում պետք է պատճառեր Քոչարյանին «Պապլավոկի» նախադեպը։ Իրեն հրապարակավ վիրավորում են, իսկ նախադեպը վտանգավոր է։ Քոչարյանը ակնհայտորեն գիտակցել է, որ իր հանդեպ անթաքույց մերժման նման տեսարանները կարող են եւ կրկնվել։ Հետեւաբար, եթե այսօր ձերբակալվեն «Պապլավոկի» մարդասպանության մեջ դերակատարություն ունեցած թիկնապահները, հաջորդ անգամ Քոչարյանի որեւէ թիկնապահ երկար կմտորի՝ արժե՞, արդյոք, նախագահի արժանապատվության համար վտանգել սեփական ազատությունը։ Վերջապես, կարող է իրոք հանգամանքների դժբախտ հերթագայություն պատահել. լուտանքներ, բռունցքներով հակազդում, անզգույշ հարված կամ թույլ առողջություն։ Մանավանդ, ո՞ւր է երաշխիք, թե հասարակության տարբեր խավերի հետ շփումներում Քոչարյանը իր հանդեպ մերժման ավելի գռեհիկ տեսարանների ականատես չի լինի։ Այնպես որ, դժվար է ընտրել չարյաց փոքրագույնը։ Եթե պատժվեն «Պապլավոկի» մարդասպանները, իսկ դա վաղ թե ուշ այդպես էլ լինելու է, ապա Քոչարյանը պետք է էականորեն կրճատի իր շրջայցերը եւ հնարավորինս խուսափի արարողակարգով չնախապատրաստված շփումներից։ Եթե արդարադատությանը չհանձնվեն Քոչարյանի մարդասպան թիկնապահները, ապա հասարակությունը եզրակացնելու է, որ Քոչարյանն ինքն է «խնդիրը հարթելու» հրահանգը տվել իր թիկնազորին, նրանք էլ ազատորեն կենսագործել են հրահանգը։ Հետեւաբար, ինքնադատաստանի ուղղորդած նախագահը հանցակից է մարդասպանությանը։ Գուցե թե հենց այս նկատառումն է ստիպում այդքան խոցելի վարքագիծ դրսեւորել եւ մարդասպաններին չձերբակալել։ Եթե Քոչարյանը Կոտայքում մեկնաբանություններ չտար, գուցե շատերը հակված կլինեին նախագահին անմասն համարել մարդասպանությանը՝ կարծելով, որ դա թիկնապահների լպիրշության եւ ինքնագլխության արդյունք էր։ Բայց նախագահը հայտարարեց, թե ինքն էլ ասելիք կունենար այդ մարդուն։ Ա՛յ, թե ինչ է նշանակում խոսել մի լեզվով, որին չես տիրապետում։ Վստահաբար, ռուսերենով նախագահը խնդիր չէր ունենա մտքեր ձեւակերպել, բառեր որոնել դրանք արտահայտելու համար, եւ այդ ընթացքում լեզվական ի՜նչ սայթաքում ասես՝ աներ։ Ընդհանրապես, եթե նախագահի խոսքից արտահայտություններ մեջբերվեն՝ «հետարքիր ա, ինչ-վըր բան, քաղաքականության մեջ խրվել, հեչի պես, փողոցից բռնես-բերես, հեռավոր երկրի տրաքոցներ…», սկսում ես մտածել. որեւէ բուշմեն կամ պապուաս իրենց մայրենի լեզվով այդպես կկարողանա՞ն քանդակել։ Քոչարյանի կերպարում ուղղակի ճակատագրական է հակադրությունը իր նախադրյալների եւ ձգտումների միջեւ։ Դա նույնիսկ ենթագիտակցական արտահայտություն ունի։ Նույն այդ անափ սերը առ բասկետբոլ։ Հասկանալի է, հարկավոր էր նախընտրական շրջանում եվրոպական իմիջին մոտենալ, եւ գուցե Ալիկ Հարությունյանի հուշարարությունն է եղել ինչ-որ սպորտաձեւ ընտրել։ Եթե անպայման դա պետք է կապ ունենար գնդակի հետ, ինչո՞ւ ոչ ֆուտբոլ, հանդբոլ, վոլեյբոլ, վատերբոլ, վերջապես, գուցե էկզոտիկայի համար կրիկետ կամ ռեգբի, այլ հատկապես բասկետբոլ։ Մի մարզաձեւ, որի համար նախապայման է բարձրահասակ լինելը։ Բայց, դե Քոչարյանը չէր կաշկանդվի նախադրյալների բացակայությունից։ Էականը ձգտումն է։ Նույն հաջողությամբ էլ նախագահ լինել, երբ ընդամենը տնտեսական վարչարարի օժտվածություն ունես եւ նախագահի «վսեմափայլությունն» էլ վերածել գյուղնախարարի կամ արդյունաբերության նախարարի պաշտոնի։ Նույնիսկ թվարկված նախարարներից որեւէ մեկը իրեն թույլ չի տա ասել, թե անձամբ կզբաղվի Լուսակերտի թռչնաբուծարանի ընդլայնման ծրագրերին աջակցելով։ Լավագույն դեպքում, նրանք կասեին՝ այս ձեռնարկը արժանի է պետական հոգածության, չնսեմացնելով նախարարական խոսքի կշիռը։ Իսկ Ռոբերտ Քոչարյա՞նը, դե, նա հասարակության առջեւ նույնքան անփույթ է, որքան իր շրջապատի։ Արդյունքում կորցնում է թե՛ կշիռ, թե՛ հեղինակություն։ Եվ, իմիջիայլոց, Քոչարյանի անվերջ սխալ եւ ի վնաս իրեն խոսելը չի էլ կարող բացատրվել հանգամանքով, թե մշտազբաղ է եւ չի կարող հայերեն սովորել։ Ենթադրաբար, առաջին տիկինը՝ Բելլա Քոչարյանը ժամանակին նույնքան վատ է խոսել հայերեն։ Բայց այդ կինը լռություն պահպանեց այնքան ժամանակ, մինչեւ սովորեց անսխալ, գրագետ եւ հիշարժան մտքեր արտահայտող հայերենով խոսել։ Բելլա Քոչարյանից կարելի է մտքեր մեջբերել, այնքան դրանք իմաստալից են եւ կուռ կառուցված։ Ասենք, ի՞նչ կցանկանայիք մեր հեռուստաընկերությանը հարցին, նա ուղիղ եթերում պատասխանել է «Կցանկանայի, որ հեռուստադիտողը վստահեր ձեզ»։ Կամ մեկ այլ հարցի՝ ինչպե՞ս եք դաստիարակում Ձեր զավակներին, առաջին տիկինն ասել է. «Ծնողները, լավագույն դեպքում, կարող են սեփական օրինակով դաստիարակել, իսկ անձին դաստիարակում են մարդկության անցած պատմությունը, ստեղծած մշակույթը, Աստվածաշունչը»։ Հասկանալի է, որ կյանքի մասին դատողություններ անելը ավելի հաճելի է, քան քաղաքական ելույթներ ունենալը։ Բայց ո՞վ էր Քոչարյանին խնդրում «քաղաքականության մեջ խրվել»։ Իսկ քանի որ արդեն խրվել է, թող որոշ պատվախնդրություն դրսեւորի՝ իր խաչը պատվով տանել։ Կամ լավագույն լուծումը կլինի՝ այն հանձնել։ ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել