ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ,ՀԻՄՆԱԴԻՐ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ընտրության տասնամյակի առիթով Չգնահատված անհատի մասին խոսելիս որպես մխիթարանք եւ ինքնարդարացում հաճախ ասում են՝ «դեռ պատմությունը կամ ապագան կգնահատի նրան»: Ժամանակակիցների կողմից չգնահատված գրողի կամ նկարչի ստեղծագործությունը իրոք մի օր գնահատվում է եւ լիարժեք ծառայում է հասարակությանը: Երբ խոսքը քաղաքական ու պետական գործչի մասին է, վիճակն այլ է. եթե անգամ նա ապագայում գնահատվում է, բայց այլեւս չի կարող հասարակությանը բերել այն օգուտն ու նպաստը, ինչ կարող էր բերել, եթե ճիշտ գնահատվեր ժամանակին: Արվեստագետն իր ունակությունները, շնորհն ու գաղափարները ստեղծագործության է վերածում եւ թողնում որպես գիրք, նկար կամ քանդակ, քաղաքական ու պետական գործիչը դրանք կարող է առարկայացնել միայն իր գործունեությամբ, իր շրջանի հասարակության համար: Արվեստագետին չգնահատելու համար պետք չէ կեղծել իրականությունը, առավել եւս պատմությունը: Պատմական անհատին չգնահատելու համար անհրաժեշտ է իրողություններ ու պատմություն կեղծել: Կեղծված պատմությունը վնասում, ապակողմնորոշում է ժամանակակիցներին, իսկ երբ կեղծիքը նաեւ սրբագործվում է՝ կարող է ապակողմնորոշել ու վնասել բազմաթիվ սերունդների: Ժողովրդական տրիբուն «Ղարաբաղ» կոմիտեն հայ քաղաքական իրականության մեջ, կարելի է ասել, աննախադեպ հաջողված եւ կայուն քաղաքական թիմ էր: Որեւէ մեկը չի կարող վիճարկել, որ նրա առջեւ ծառացած խնդիրները տասնապատիկ ավելի ծանր ու բարդ էին, քան այդ տարիներին ժողովրդավարական շարժումներից որեւէ մեկի առջեւ դրված հարցերը: Որեւէ մեկը չի կարող նաեւ վիճարկել, թե նրա դեմ գործող ուժերն ավելի պակաս ագրեսիվ էին ու վտանգավոր: Եվ որեւէ մեկը չի կարող վիճարկել, որ պատմականորեն իրեն տրված ավելի քան երկու տարի ժամանակահատվածում նա իր դերը կատարեց բացառիկ արդյունավետությամբ: Հարցերի քննարկման անկաշկանդ մթնոլորտ, աշխատանքի եւ բնագավառների բնական բաժանում եւ ներդաշնակություն կար այստեղ: Դժվար է հիշել դեպք, երբ որեւէ հարցում Կոմիտեն հասարակությանը ներկայանար ոչ միասնական, ոչ հստակ, չպատճառաբանված ու չհիմնավորված դիրքորոշմամբ: Կոմիտեի աշխատանքային խոհանոցում Լեւոն Տեր-Պետրոսյանի խաղացած դերի մասին կվկայեն թերեւս դրա անդամները: Մենք ունենք այդ դերի վերջնական ընդհանրական գնահատականը՝ 1990-ին խորհրդարանական ընտրություններից հետո Կոմիտեի կայացրած որոշման տեսքով. իր պատմական առաքելությունն ավարտած այս մարմինը որպես Գերագույն խորհրդի նախագահի թեկնածու որոշել էր առաջարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կերպարը այս տարիներին մեզ ավելի շատ ծանոթ է հանրահավաքներից: Նրա արդեն իսկ առաջին հրապարակային ելույթից հետո երկրորդին սպասում էին: Եվ սպասում էին յուրաքանչյուր հանրահավաքում: Սպասում էին՝ ոչ թե որովհետեւ ավելի սուր բաներ ասող չկար: Սպասում էին, որովհետեւ նա ամեն ինչ հասկանալի ու ընկալելի էր ասում բոլորի համար: Հայերենի, եւ գեղեցիկ հայերենի, կատարյալ տիրապետում, հռետորական բնատուր շնորհ, ձայնի հաճելի եւ երբեք չհոգնեցնող հնչերանգ, վստահություն ներշնչող կուռ տրամաբանություն, ասելիքի մատուցման պարզություն, սրանք նրա ելույթների բնորոշիչների ոչ լրիվ ցանկն է: Հիմնականում նա էր կատարում քաղաքական վերլուծությունները, կենտրոնական ու հանրապետական իշխանությունների որոշումների, կենտրոնական ու տեղական մամուլի հրապարակումների մեկնաբանությունները: Նրա քաղաքական կանխատեսումներն իրականանում էին: Նրա ելույթները երբեմն փաստորեն հրապարակային դասախոսություններ էին, եւ քսան հոգու առջեւ ելույթ ունեցող ամեն մի դասախոս կարող էր նախանձել այն լռությանը, որով 100 հազարանոց տարաբնույթ լսարանը ժամեր շարունակ կլանված լսում էր նրան: Լսում էր, հասկանում, համոզվում, հավատում: Սակայն Շարժումը միայն քաղաքական դպրոց չէր: Մարդկային զանգվածն ունի իր յուրատեսակ, անհատականից տարբերվող հոգեբանությունը: Նա ավելի շատ հակված է լսելու պարզ կարգախոսներ, դժվարությամբ է տրվում տրամաբանական փաստարկների, հեշտությամբ՝ պարզունակ կոչերի, ամեն պահի պատրաստ է դիմել չհաշվարկված ու չհիմնավորված գործողությունների, որոնք ճակատագրական կարող են լինել: Շարժման տարիներին գերզգայական աստիճանի հասած ժողովրդին հարյուրավոր անգամ տրվեցին սադրիչ առիթներ թե՛ կենտրոնական ու տեղական իշխանությունների, լրատվամիջոցների հոդվածների, ապատեղեկատվության, թե՛ Ադրբեջանի նույնօրինակ գործողությունների տեսքով: Տասնյակ դեպքեր եղան, երբ ժողովրդական հոծ զանգվածը հասավ անկառավարելիության աստիճանի եւ իր գործողություններով կարող էր հատել վտանգավորի սահմանագիծը: Ամենաանհույս իրավիճակներում տարերքը տեղի էր տալիս Լեւոն Տեր-Պետրոսյանի համոզիչ ու սթափեցնող ելույթի առջեւ, մղվում կառավարելիության հուն, իսկ պոտենցիալն ի սպաս դրվում խելամիտ եւ արդյունավետ գործողությունների իրականացման համար: Ռիսկի եւ իրատեսության սահմանագծին «Ղարաբաղ» կոմիտեն մինչեւ վերջ գործեց որպես համախոհների եւ հավասարների թիմ, ֆորմալ առումով չունեցավ իր նախագահը կամ ղեկավարը: Թերեւս դրա մեջ էր նաեւ նրա ուժի, հեղինակության եւ հաջողությունների կարեւոր գրավականներից մեկը: Կոմիտեի անդամներից յուրաքանչյուրը հսկայական ծանրություն եւ պատասխանատվություն էր ստանձնել, անմնացորդ կատարում էր իր գործը, փոխադարձաբար լրացնում միմյանց: Հանրահավաքները միայն քաղաքական պայքարի ու նաեւ քաղաքական գիտելիքների ձեռքբերման դպրոց չէին: Միայն հանրապետությունում լույս տեսնող իշխանական մամուլի հիմնական օրգանների ընդհանուր տպաքանակը հասնում էր մեկ միլիոնի: Դրան ավելանում էր հանրապետական ռադիոն եւ հեռուստատեսությունը, կենտրոնական մամուլը: Դրանցից որեւէ մեկով հանդես գալն անմատչելի էր շարժման ղեկավարներին: Շարժման դեմ քարոզչական այս հսկայական մամլիչին դիմակայում էին հանրահավաքները՝ որպես հավաստի տեղեկատվության միջոց: Սակայն դա բավարար չէր, առավել եւս, երբ սահմանափակումներ եւ արգելքներ էին ստեղծվում հանրահավաքների համար: Դրանց հաջողությամբ դիմակայում էին «Ղարաբաղ» կոմիտեի անունից հրապարակվող հարյուրավոր թռուցիկները, որ արագ բազմանում ու տարածվում էին հանրապետությունով մեկ: Կոմիտեի անդամների վկայությամբ՝ այդ թռուցիկների 99%-ը հեղինակել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Երկուսուկես տարվա համաժողովրդական պայքարը ունեցել է դրվագներ, երբ անհրաժեշտ է եղել դիմել նաեւ մեծ ռիսկ, ընդհուպ վտանգ պարունակող քայլերի ու նախաձեռնությունների: Ղարաբաղին ամենաբազմազան օգնության ապահովման, ինքնապաշտպանական խնդիրների կազմակեպման եւ իրականացման, զանազան մանր ու մեծ սադրանքները չեզոքացնելու գործողություններում «Ղարաբաղ» կոմիտեի անդամները երբեք գրասենյակից չէին ղեկավարում, այլ անմիջապես գտնվում էին ամենավտանգավոր տեղում, սահմանամերձ շրջաններում: Առավել մեծ մասշտաբի քաղաքական կտրուկ քայլերի, համարձակ նախաձեռնությունների, ծրագրերի իրականացման մեջ Ժողովրդական զանգվածին միշտ հաշվենկատության կոչող, սթափության կոչնակ հնչեցնող Լեւոն Տեր-Պետրոսյանը եղել է ոչ միայն առաջնորդ, այլեւ անձամբ հնարավոր վտանգի դեմ առաջին տեղում, առաջին պատասխանատուն: Հիշենք թեկուզ 1988-ի նոյեմբերի 7-ի շքերթը տպավորիչ ցույցի վերածելը եւ դրանում նրա առավել քան համարձակ ելույթը, նույն ամսվա 24-ին Օպերայի շենքում Շարժման նախաձեռնությամբ հրավիրված Գերագույն խորհրդի նստաշրջանը, 1989-ի դեկտեմբերի 6-ին «Հայաստանում արմատական ժողովրդավարական վերափոխումների մասին հռչակագրի» համարձակ դրույթների ներկայացումն ու պաշտպանությունը եւ այլն: Ավելի պակաս վտանգավոր չէր, այս անգամ բոլորովին այլ առումով, գաղափարական հարցերում առաջամարտիկի դերի ստանձնումը: Անկախության գաղափարի դեմ պայքարում էր ոչ միայն Կոմկուսը: Նույն բանը Հայաստանում անում էր «ազգային մտավորականությունը» (իրականում՝ կոմունիստական մտավորական նոմենկլատուրան), իսկ սփյուռքում ՀՅԴ-ն՝ դրան հակադրելով «պանթուրքիզմի վտանգը» եւ Հայ դատի գաղափարախոսությունը: Ի տարբերություն կոմունիստական գաղափարախոսության դեմ պայքարի, այս երկրորդ ճակատը որքան նուրբ, նույնքան վտանգավոր էր: Կեղծ քաղաքական, կեղծ հայրենասիրական, կեղծ ազգասիրական, բայց մյուս կողմից ավանդաբար փոխանցված ու մարդկանց գիտակցության մեջ ամրացած պատկերացումների ու մտածողության չարաշահման հիման վրա էր կազմակերպված այս դեմագոգիան: Սակայն դա անկախության գաղափարի ու ծրագրի դեմ շատ ավելի վտանգավոր էր, քան կենտրոնի ուժային միջամտության սպառնալիքը: Այն կարող էր ներսից քայքայել, եւ ապակողմնորոշել, եւ կոտրել Շարժման ողնաշարը: Ուստի այս ճակատում Լեւոն Տեր-Պետրոսյանի պայքարն անսեթեւեթ էր, համառ եւ հետեւողական: Քաղաքական գործիչը դրա դեմ պայքարում կարող էր նաեւ շատերի կողմից չհասկացվել, «կասկածի տակ դնել իր հայրենասիրությունը), ոչ միայն իր քաղաքական կապիտալից մաս կորցնել, այլեւ ձեռք բերել անձնական հակառակորդներ ու թշնամիներ: Եվ իհարկե ձեռք բերեց՝ ի դեմս կոմունիստական նոմենկլատուրային մտավորականության ու Հայ դատի «տերերի»: Եվ այդ թշնամանքը շարունակվում է մինչեւ այսօր: ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Շարունակելի