Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

13 ՇԱ՜Տ ՀԱՐԳԵԼԻ ԲԱՑԱԿԱՆԵՐ

Հոկտեմբեր 20,2001 00:00

13 ՇԱ՜Տ ՀԱՐԳԵԼԻ ԲԱՑԱԿԱՆԵՐ Ինչպես եւ կանխատեսել էինք՝ այն պատգամավորները, որոնք 5-րդ նստաշրջանում բացակայել էին քվեարկությունների կեսից ավելին՝ այսինքն՝ ավելի քան 144 անգամ, զանազան միջոցներով հարգելի դարձրին իրենց բացակայությունը՝ մանդատից հանկարծ չզրկվելու համար։ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը լրագրողներին հայտնեց, որ անաշխատունակության թերթիկ են ներկայացրել հետեւյալ պատգամավորները՝ Մարտին Սուքիասյան, Հարություն Փամբուկյան, Արտաշես Գեղամյան, Նահապետ Գեւորգյան, Արա Կետիկյան, Վոլոդյա Բադալյան։ Լրագրողները համառ փորձեր արեցին պարզելու, թե ինչով են հիվանդ այս պատգամավորները, սակայն պրն Դալլաքյանը հերոսաբար դիմադրեց. «Ինձ բժշկական հարցեր չտա՛ք։ Առավել եւս՝ ես բժիշկներից վախենում եմ»։ Սակայն անգամ հանձնաժողովի քննարկման ժամանակ էր Ստեփան Զաքարյանը տեսնելով բյուլետենները՝ անհանգստացել. «Հո ՍՊԻԴ չկա՞ այդ թղթերի մեջ»։ Իսկ երբ լրագրողներն էլ սկսեցին տագնապի նշաններ ցույց տալ, Պետաիրավականի նախագահը ստիպված էր նրանց հանգստացնելու համար ասել. «Պատգամավորներից որեւէ մեկը շատ բարդ, վտանգավոր ու վարակիչ հիվանդություններով չի տառապում, եւ դուք կարող եք ազատ հարաբերվել նրանց հետ»։ Այնուամենայնիվ, նրանք շուրջ 4 ամիս անաշխատունակ վիճակում են եղել։ Գուցե, իրոք, ինչպես Մանուկ Գասպարյանն էր առաջարկել, արժե՞, որ նրանք դիմեն հաշմանդամության կարգ ստանալու համար։ Սակայն Վիկտոր Դալլաքյանը պարզաբանեց, որ այդ անաշխատունակության թերթիկները վերաբերում են ոչ թե նրանց բացակայության ողջ շրջանին, այլ՝ ճիշտ այնքան օրերի, որպեսզի հետ նահանջեն վտանգավոր 144-ի եզրագծից։ Իսկ մանդատից զրկվելու հավանական մյուս 7 թեկնածուները (Մարտին Հովհաննիսյան, Մելիք Գասպարյան, Սասուն Միքայելյան, Ռոբերտ Ամիրխանյան, Մանվել Բադեյան, Ալվարդ Պետրոսյան, Վազգեն Մանուկյան) իրենց բացակայությունները հարգելի են դարձրել այն պատճառաբանությամբ, թե իբր ԱԺ նախագահին նախապես տեղյակ էին պահել եւ ստացել նրա համաձայնությունը։ Մե՜ծ վերապահությամբ կարելի է հավատալ, թե այս համաձայնությունը հետին թվով չէ, որ տրվել է։ Այլապես բացակայությունները կլինեին հարգելի նախապես։ «Պարզվում է, որ պատգամավորները շատ առողջ են, եւ փառք Աստծո, խրոնիկ հիվանդներ չկան»,- ասաց Վիկտոր Դալլաքյանը։ Եվ դա արդեն հուսադրող է։ Իսկ որ նրանք գործի չեն գալիս եւ օրենքներ չեն ընդունում՝ թերեւս երկրորդական է։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել