Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԱԲԱԹՎԱ ՄՈՌԱՑԿՈՏՆԵՐԸ

Հոկտեմբեր 20,2001 00:00

ՇԱԲԱԹՎԱ ՄՈՌԱՑԿՈՏՆԵՐԸ Ռոբերտ Քոչարյանը Իր հերթական «տնտեսական» այցի ժամանակ նախագահը բոլ-բոլ բամբասեց իր քաղաքական հակառակորդների թերություններից: Պրն Քոչարյանն այնքան էր ոգեւորվել, որ քիչ էր մնում բացականչեր. «Այդ ո՞ր մի նախագահն էր, որ քաղաքական կոնյունկտուրայից ելնելով՝ նման ապաշնորհ եւ անպարկեշտ մարդկանց նշանակեց վարչապետ եւ Երեւանի քաղաքապետ»: Բայց հետո, երեւի, սթափվեց՝ հիշելով, որ այդ նախագահն ինքն էր: ՀՀ դատախազությունը Մեր պանծալի իրավապահները տարիներ շարունակ հաշտվում էին այն մտքի հետ, որ Մուշեղ Սաղաթելյանը մարդկանց է խոշտանգել (ինչպես ցանկացած «մենթ») կամ կեղծ դիպլոմ ունի (մեր նախագահն էլ Հայաստանում 10 տարի ապրելու մասին կեղծ տեղեկանք է ներկայացրել): Նրանք հանդուրժում էին այդ բոլոր իրավախախտումներն այնքան ժամանակ, մինչեւ Սաղաթելյանը չհայտարարեց, որ «Հոկտեմբերի 27»-ի մեջ մեղսակից են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Այդ պահին միայն հիշվեցին Սաղաթելյանի բոլոր մեղքերը, եւ նա ձերբակալվեց: Դրանով իսկ հասկացրել են մնացած խոշտանգողներին եւ կեղծարարներին՝ եթե լռեք եւ ծառայեք իշխանությանը, ձեզ ոչ ոք ձեռք չի տա: Գառնիկ Իսագուլյանը «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավարը անցած շաբաթ կրկնեց պաշտոնական քարոզչության կլիշեն, ըստ որի, պետությանը սպառնացող ներկայիս վտանգներին դիմակայելու համար պետք է համախմբվել Ռոբերտ Քոչարյանի շուրջ: Հետաքրքիր է, որ 92-94 թվականների պատերազմի ժամանակ նախորդ նախագահի շուրջ գրեթե ոչ ոք չէր «համախմբվում»: Հակառակը՝ քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը չափազանց անհաշտ եւ անզիջում ընդդիմադիր գործունեություն էր ծավալում: Կային նույնիսկ մարդիկ, որոնք իշխանություններին կախաղան հանելու կոչեր էին անում: Հավանաբար, այդ ժամանակահատվածում պետությանը սպառնացող վտանգներն ավելի քիչ էին: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել