Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատախազության մոռացված գործառույթը Յունոշեւը հիշեցրեց

Հոկտեմբեր 20,2001 00:00

Դատախազության մոռացված գործառույթը Յունոշեւը հիշեցրեց Հայտնի է, որ փաստաբան Օ.Յունոշեւը տուժողի իրավահաջորդ Ա.Սարգսյանի շահերն է ներկայացնում նաեւ «27»-ի գործով անջատված մասով ընթացող նախաքննության ժամանակ: Հետաքրքիր է, թե ինչպես է այդ նախաքննությունն ընթանում: Այդ հարցին անդրադառնալով՝ պարոն Յունոշեւն ասաց. «Ես միջնորդություն եմ ներկայացրել նախաքննական մարմնին, որից հետո մեզ տեղեկացվել է, որ գործի նախաքննությունը երկարաձգվել է մինչեւ նոյեմբերի 11-ը, որ մի շարք օպերատիվ-հետախուզական աշխատանքների անհրաժեշտություն է առաջացել, որ գործով չկան ո՛չ կասկածյալներ, ո՛չ ձերբակալվածներ, ո՛չ մեղադրյալներ: Նախաքննության արդյունքների մասին ավելի մանրամասն մենք կարող ենք տեղեկանալ միայն դրա ավարտից հետո: Մինչ այդ մենք կարող ենք ծանոթանալ միայն այն փաստաթղթերի հետ, որոնք վերաբերում են իմ վստահորդին՝ Արամ Սարգսյանին: Նման փաստաթղթեր, փաստորեն, չկան»: Անդրադառնալով Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի՝ «27»-ի կազմակերպիչների մասին արած հայտարարությանը, պարոն Յունոշեւը կարծիք հայտնեց, թե Մ.Սաղաթելյանն անպայմանորեն պետք է հարցաքննվի ոչ միայն գործից առանձնացված մասով ընթացող նախաքննական մարմնի, այլեւ այսօր ընթացող դատավարության ժամանակ, ինչն, ըստ նրա, անպայման պետք է արվի, բայց ամբաստանյալների հարցաքննությունից հետո: «ՀՀ գլխավոր դատախազությունը նաեւ վերահսկողական գործառույթներ ունի եւ պարտավոր է արձագանքել արդեն տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ նոր ստացվող ահազանգերին: Եթե կատարված հանցագործության մեջ մեղադրվում է նախագահ Քոչարյանը, ապա դա պետք է դիտվի որպես ահազանգ եւ դատախազությունն անպայման պետք է այն ստուգի. եթե կա հանցակազմ, պետք է քրգործ հարուցի, եթե չկա՝ այլ խնդիր է: Բայց այդ ստուգումը, ՀՀ օրենքների համաձայն, պարտադիր է»,- ասաց պարոն Յունոշեւը: Ն. Մ. Հ. Գ. Ռուս փաստաբան Օ.Յունոշեւը, ըստ էության, մեր գլխավոր դատախազությանն ու գլխավոր դատախազին եւս մեկ անգամ հիշեցրեց վերջիններիս գործառույթներն ու առաքելությունը: Մենք էլ հիշեցնենք դատախազության աշխատակիցներին, որ նրանք, եթե «ձախ» փողեր չեն աշխատում, ապա վարձատրվում են մեր՝ հարկատուներս հաշվին ու պարտավոր են իրենց գործն անել ինչպես հարկն է ու, ամենակարեւորը, անկողմնակալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել