Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի

Հոկտեմբեր 20,2001 00:00

«Ո՞ւր է պետություն, որ պետականամետ լինենք» Մի շենգավիթցու կարծիքը Շենգավիթը մայրաքաղաքի երբեմնի արդյունաբերական տարածքներից մեկն է։ Այստեղ հիմնականում ապրում են արդյունաբերության հետ կապված մարդիկ, նախկին բանվոր դասակարգը։ Հասկանալի պատճառներով այս մարդիկ անհամեմատ ավելի դժգոհ են իրենց կյանքից եւ ավելի ակտիվ են փոփոխություններ պահանջելիս։ Շենգավիթի տարածքում, ըստ այս տարածքի ՀԺԿ քարտուղար Վարդան Մկրտչյանի՝ 850 ՀԺԿ անդամ կա, վերջին երկու ամսվա ընթացքում ՀԺԿ շարքերն են ընդունվել եւս 37-ը։ Վարդան Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ մարդիկ մասնակցո՞ւմ են նախագահի պաշտոնանկության ստորագրահավաքին։ Պարզվում է, ակտիվորեն մասնակցում են, եւ այդ գործընթացը առիթ է դառնում, որ ՀԺԿ շատ համակիրներ ցանկություն հայտնեն դառնալ կուսակցության անդամ։ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը երեկ հանդիպեց Շենգավիթի բնակիչների հետ։ Մարդիկ ՀԺԿ ղեկավարին դիմավորեցին հոտնկայս եւ ծափահարությամբ։ Ստեփան Դեմիրճյանն իր խոսքում շեշտեց, որ քաղաքական իրավիճակը բավականին բարդ է։ Ասվեց, որ ՀԺԿ-ն համագործակցում է «Հանրապետություն» եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունների հետ եւ, որ հոկտեմբերի 26-ին հրավիրվելիք հանրահավաքի նպատակներից մեկն այն է, որ ժողովուրդը հավատա, թե ինքն ի վիճակի է փոխելու այս իրավիճակը։ Հանրահավաքի ակնկալիքը նաեւ այն է, որ ժողովուրդը հասկանա, որ ինքն է այս երկրի տերը եւ ոչ թե մի խումբ մարդիկ։ Շենգավիթի բնակիչներին եւս ասվեց, որ համագործակցող կուսակցությունների հասցեին հնչող շահարկումներից մեկն այն է, թե ՀԺԿ-ն եւ «Հանրապետությունը» փորձում են «Հոկտեմբերի 27»-ի շահարկմամբ իշխանության գալ։ Պատասխանելով նման մեղադրանքներին, ՀԺԿ նախագահն ասաց, թե նման արտահայտություններ թույլ տվողները չունեն որեւէ սրբություն, իշխանություններին հաճոյանալու համար վերջիններս պատրաստ են ամեն ինչի։ Կրկին շեշտվեց, որ ոչ թե ՀԺԿ-ն կամ համագործակցող մյուս կուսակցություններն են ընդդիմություն, այլ՝ իշխանություններն են ընդդիմություն ժողովրդին։ Ներկաներից մեկը հետաքրքրվեց՝ ժողովուրդը ի՞նչ արդյունքի կարող է հասնել։ Ըստ Ստեփան Դեմիրճյանի. «Արդյունքների, անկասկած, կհասնենք, դա կախված է նաեւ ձեզանից։ Պետք է համախմբենք մեր ուժերը եւ քայլ առ քայլ արդյունքի կհասնենք»։ Հանդիպման մասնակիցներից մեկը մի երկար հարց տվեց, որն ավելի շատ նման էր «կյանքը պատմելուն», քան հարց էր։ Ի վերջո, մարդը հասավ այնտեղ, երբ ասաց, թե 2 հազար թոշակով չի կարողանում ապրել։ Ներկաները դժգոհեցին՝ իրենք քաղաքական հարցեր են շոշափում, սա թոշակից է խոսում։ Ստեփան Դեմիրճյանը դահլիճի հետ համաձայն չէր, առաջարկեց, որ մարդը մինչեւ վերջ խոսի, հանգստանա, եւ հետո էլ համաձայնելով թոշակից դժգոհողի հետ, ասաց, որ համապատասխան փոփոխությունների դեպքում կփոխվի նաեւ թոշակառուի վիճակը։ Իսկ այսօր այդպես է, քանի որ տնտեսությունը ծառայում է մի քանի մարդկանց։ Ներկաներից մեկը հետաքրքրվեց՝ 2003 թվականի նախագահական ընտրություններին Ստեփան Դեմիրճյանն առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը։ ՀԺԿ նախագահի պատասխանից հետո դահլիճը ծափահարեց։ Իսկ պատասխանը հետեւյալն էր. «Նախագահ պետք է դառնա այն մարդը, ում կընտրի ժողովուրդը»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել